ՀԱՊԿ-ը «կախվեց» Հայաստանից. Անսպասելի իրավիճակ


ՀԱՊԿ-ը «կախվեց» Հայաստանից. Անսպասելի իրավիճակ

  • 21-11-2018 16:10:12   | Հայաստան  |  Վերլուծություն

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է Աֆղանստան, որտեղ ՆԱՏՕ առաքելության կազմում խաղաղապահ գործողություն է իրականացնում նաեւ հայկական զորախումբը: Մինչ այդ պաշտպանության նախարարը այցելել էր Կոսովոյում առաքելություն իրականացնող հայկական ուժերին, ու հետո եղել նաեւ Լիբանանում, որտեղ նույնպես Հաաստանի ստորաբաժանումը խաղաղապահ առաքելություն է իրականացնում միջազգային մանդատի ներքո:
 
Կոսովո, Լիբանան, Աֆղանստան: Հայաստանի պաշտպանության նախարարը այդպիսով փաստացի ուրվագծել է հայկական անվտանգության յուրօրինակ կորը, որ միջազգային անվտանգության համակարգում ձեւավորել է Հայաստանը բազմազգ առաքելություններին իր մասնակցությամբ: Դա միջազգային անվտանգության համակարգում Հայաստանի պատասխանատվության լայն գոտին է, որ ձեւավորվում է Կովկասին զուգահեռ, որտեղ Հայաստանն արդեն առանցքային դերում է:
 
Միջազգային անվտանգության համակարգում հայկական զինուժի արտառեգիոնալ դերակատարման հանգամանքը Դավիթ Տոնոյանը տարիներ առաջ շեշտել էր իր հարցազրույցներից մեկում, երբ դեռեւս պաշտպանության նախարարի առաջին տեղակալ էր: Հանգամանքը շատ կարեւոր է արձանագրելու համար, որ Հայաստանը միջազգային անվտանգությանբ համակարգում իր դերակատարումը դիտարկում է ոչ միայն ռեգիոնալ շրջանակում, այլ աշխարհքաղաքական լայն բացվածքով: Ըստ այդմ, Հայաստանն այդ իմաստով նաեւ միջազգային դերակատարների լայն աջակցություն եւ պատասխանատվություն  է ակնկալում ռեգիոնալ հայկական խնդիրների հարցում: Ու այդ ակնկալիքը լոկ սպառողական տրամաբանությամբ չէ, այլ մասնակցային, այսպես ասած ներառական:
 
Հայաստանն, իր կարողությունները բազմակի գերազանցող մարտահրավերների եւ սողացող, խրամատային պատերազմի պայմաններում, իր սահմանափակ պաշտպանական ռեսուրսներն այդուհանդերձ տեղաբաշխում է միջազգային անվտանգության համակարգի այլ կարեւոր եւ առանցքային օղակներում, որտեղ չափվում է որեւէ սուբյեկտի աշխարհքաղաքական պատասխանատվության եւ գործընկերային ներուժի աստիճանը:
 
Այդ իմաստով հատկանշական է նաեւ, որ հայկական անվտանգության լայն կորը կամ անվտանգության հայկական լայն բացված աղեղը պաշտպանության նախարարը մատնանշում է երկու իրավիճակների՝ Սիրիա հայկական զինուժի մարդասիրական առաքելության գործուղման մոտալուտ հեռանկարի, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ստեղծված հայտնի իրավիճակի եւ դրանում Հայաստանի քաղաքական ղեկավարության դիրքորոշումների ֆոնին, որ բավական հստակ արտահայտել է վարչապետ Փաշինյանը:
 
Այդպիսով Երեւանն ի ցույց է դնում, որ արտառեգիոնալ, միջազգային անվտանգության համակարգի զգայուն այլ կետերում առաքելություններին հայկական մասնակցության տրամաբանությունը միջազգային անվտանգության համակարգի մասնակցային պատասխանատվության շրջանակում է, որը Հայաստանն իրացնում է պարզապես հնարավոր մեխանիզմների օգտագործմամբ, որոնք կարող են ենթադրել արդեն գործակցություն ուժային տարբեր կենտրոնների հետ:
 
Մյուս հանգամանքը, կապված ՀԱՊԿ հետ, պարունակում է ուշագրավ ֆոնային համադրում: ՀԱՊԿ շրջանակում Հայաստանը ի ցույց է դնում միջազգային անվտանգության համակարգում ռազմա-քաղաքական համատեքստում իր լայն ներկայացվածությունը: Համադրելով այդ իրողությունը ՀԱՊԿ-ում առկա խնդիրներին, փաստացի ակնառու է դառնում հաղորդագրությունը, որ թվացյալ թույլ օղակ Հայաստանն իրականում ոչ այնքան ինքն ունի ՀԱՊԿ անհրաժեշտությունը՝ հատկապես անվտանգության ոլորտում հայ-ռուսական երկկողմ պայմանագրերի գերակա նշանակության պայմաններում, որքան ՀԱՊԿ-ը ռազմա-քաղաքական միջազգային համակարգի լուրջ եւ լեգիտիմ միավոր լինելու ճանապարհին ունի Հայաստանի անհրաժեշտությունը:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play