ԵՊԲՀ «Վերնատուն» երգչախումբը մասնակցել է Աշոտ Աբրահամյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համապետական գիտաժողովին


ԵՊԲՀ «Վերնատուն» երգչախումբը մասնակցել է Աշոտ Աբրահամյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համապետական գիտաժողովին

  • 21-11-2018 16:11:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում տեղի ունեցավ հայ լեզվաբան, պրոֆեսոր ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, մանկավարժ Աշոտ Աբրահամյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համապետական գիտաժողով, որին մասնակցում էր նաև ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հենրիետա Սուքիասյանը և նույն ամբիոնում գործող «Վերնատուն» գիտամշակութային կենտրոնի համանուն երգչախումբը:
 
Համապետական գիտաժողովի սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, այնուհետև զեկուցումներով հանդես եկան բանասիրական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը:
ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հենրիետա Սուքիասյանը ևս ջերմորեն շնորհավորեց Աշոտ Աբրահամյանի 100-ամյա հոբելյանը՝ նշելով, որ բախտ է ունեցել ներկա լինելու նաև մեր մի շարք երախտավորների, անվանի լեզվաբանների հոբելյաններին. «Ներկա եմ եղել Արարատ Ղարիբյանի 70-ամյա հոբելյանին, Հրաչյա Աճառյանի 140-ամյակին, Գևորգ Ջահուկյանի 95-ամյակին, Վաղարշակ Քոսյանի 90-ամյակին, և այսօր էլ ներկա եմ Աշոտ Աբրահամյանի 100-ամյա հոբելյանին: Ես բախտ եմ ունեցել լինելու Արարատ Ղարիբյանի, Վաղարշակ Քոսյանի, Աշոտ Աբրահամյանի ուսանողը, ինչպես նաև երկար տարիներ աշխատել եմ ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանի ղեկավարած Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը»:
Հենրիետա Սուքիասյանը նաև ընդգծեց, որ թվարկած հոբելյանական հանդեսներից երեքում հանդես է եկել նաև ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնում գործող «Վերնատուն» գիտամշակութային կենտրոնի համանուն երգչախումբը:
«Այսօրվա հանդեսը նույնպես կզարդարի «Վերնատուն» երգչախմբի ելույթը: Խմբի ուսանողները օտարազգիներ և սփյուռքահայեր են՝ հնդիկներ, պարսիկներ, հորդանանցիներ և սիրիահայեր, ովքեր կերգեն ժողովրդական երգեր և կասմունքեն հայերենով»,- իր խոսքը եզրափակեց ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն