Հայկ Մարությանի դեմ «բունտ» է հասունանում. «Մամուլի տեսություն» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Հայկ Մարությանի դեմ «բունտ» է հասունանում. «Մամուլի տեսություն» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 21-11-2018 17:24:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



 
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին ԲՀԿ-ական, այժմ «Ալյանսի» անդամ Արագած Ախոյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես ներեց Գագիկ Ծառուկյանն իր նավն առաջինը լքողին․ նա Արագածոտնում ԲՀԿ ռեյտինգային թեկնածուներից է, ցուցակում՝ 46-րդը։
 
«Ես շնորհակալ եմ, որ Ծառուկյանը փոխադարձ առաջարկն ընդունեց և վստահեց ինձ։ Իրավիճակն այնպիսին էր, որ 1-ինը, 2-րդը, 3-րդը չկար, 2-րդ, 3-րդ օրը պարոն Ծառուկյանն էլ լքեց ԲՀԿ-ն, կային խնդիրներ, որոնց մեկնաբանությունը չեմ ուզում տալ, քաղաքականություն է, ոչինչ չեմ ուզում բացառել, Ծառուկյանի կերպարն այնպիսին է, որ հիշաչար չէ»,- ասաց Ախոյանը, ով 2015 թ․ փետրվարյան դեպքերից հետո առաջինը հայտարարեց ԲՀԿ-ն լքելու մասին, որին հաջորդեց Ծառուկյանի հրաժարականը։
 
Իսկ հին ավանդույթները շարունակվելո՞ւ են, նախօրոք գրե՞լ եք ինքնաբացարկի դիմում։ «Ո՛չ և մեկ անգամ ևս՝ ո՛չ։ Ոչ մի պարտադրանք չի լինելու, Ծառուկյանը ոչ մեկին չի պարտադրելու, պարզապես բոլորը պետք է հավատարիմ մնան իրենց խոստումներին՝ դա կլինի գրավոր, թե բանավոր պայմանավորվածություն»»։
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը փորձել է եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը հարթել Ամենայն Հայոց կաթողիկոսի աթոռը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին առաջարկելու միջոցով: Վերջինս հրաժարվել է այդ առաջարկից և անդրդվելի մնացել իր որոշման մեջ՝ պատճառաբանելով, որ եկեղեցու հետ հարաբերությունները այդ կերպ չեն կարգավորվում:
 
Միայն Արամ Ա-ի կողմից վերջնական մերժում ստանալուց հետո է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստիպված եղել բարելավել իր հարաբերությունները Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ համառ լուրեր էին շրջանառվում, թե ՊԵԿ-ը օրենսդրական նախագիծ է ներկայացրել ֆիզիկական անձանց, այդ թվում` արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներին հարկելու մասին, և որ արդյունքում պահումներ կարվեն Հայաստան մասնավոր դրամական փոխանցումներից:
 
Այս թեման ՀՀԿ-ականների թեթև ձեռքով դարձավ հասարակական-քաղաքական շրջանակների քննարկումների առաջնային թեման: Նախկին իշխանության ներկայացուցիչներն անմիջապես փորձեցին սա ներկայացնել Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից ժողովրդի դեմ ուղղված դավադրություն:
 
Իհարկե, շատ կարճ ժամանակ անց պարզվեց՝ ՊԵԿ-ը որևէ նման նախագիծ չի ներկայացրել: Ընդամենը խոսվում է ՀՀ քաղաքացիների եկամուտների համատարած հայտարարագրման, այդպես ստվերային եկամուտները բացահայտելու հեռանկարների մասին, և որ այդ ամենը չի առնչվում արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների փոխանցած գումարներին:
 
Երեկվա աժիոտաժն ուշագրավ է մեկ այլ առումով. տպավորություն էր, որ սա ԱԺ ընտրություններից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ կազմակերպված սադրանք էր կառավարության դեմ դժգոհություն հարուցելու համար: Ու եթե այս թեման շահարկելու հարցում ՀՀԿ-ականների շահագրգռվածությունը պարզ էր, ապա անհասկանալի է՝ իշխանության ներսից ովքեր են այս թեման հրապարակ նետել»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ համամասնական ցուցակից հանվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի անունը:
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ Բաբայանը պետք է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվեր Կոտայքի մարզից: Բայց երբ ԿԸՀ-ն ԲՀԿ ցուցակը հետ էր ուղարկել կուսակցություն և 48 ժամ տվել ուղղումների համար, ուղղված ցուցակում Էդուարդ Բաբայանի անունը այլևս չի եղել»:
 
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու հեղափոխական անդամների շրջանում «բունտ» է հասունանում քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ։
 
Նրանից պահանջել են, որ օր առաջ աշխատանքից ազատի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանին, որը նախկին ՀՀԿ-ական է, Սերժ Սարգսյանի, այժմ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի պետի եղբոր կինը, սակայն Մարությանը հապաղում է, իսկ վարչության պետը վստահ է, որ մնալու է»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Արարատի մարզի բնակիչները չափազանց զարմացած են «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակում որոշ թեկնածուների հայտնվելով:
 
Մասնավորապես՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում է Սերգեյ Ատոմյանը, ում հայրը՝ Սամվել Ատոմյանը, երկար տարիներ աշխատելով ոստիկանությունում՝ ակտիվորեն մասնակցել է իշխանությունների դեմ կազմակերպված բողոքի ակցիաները ցրելով և ցուցարարների նկատմամբ հետապնդումներ կազմակերպելով:
 
Սամվել Ատոմյանը ակտիվ է եղել նաև ապրիլյան դեպքերի ժամանակ՝ մասնակցելով Նոր կյանք գյուղի այն ժամանակ դեռևս ՔՊ-ական գյուղապետ, հետագայում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի և նրա ընտանիքի անդամների կալանավորմանը: Չնայած դրանից հետո Ատոմյանը պաշտոնի բարձրացում ստացավ՝ դառնալով Արտաշատի ոստիկանապետ»:
 
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի խնդրի շուրջ կրքերը ոչ միայն չեն հանդարտվում, այլև որքան մոտենում է դեկտեմբերի 6-ը, երբ կրկին պետք է հանդիպեն ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները, այնքան ստեղծված ճգնաժամն ավելի է խորանում:
 
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` չի բացառվում, որ դեկտեմբերի 6-ին հարցը կրկին չկարգավորվի, այլ փորձեն ՀԱՊԿ-ում ժամանակ ձգել, մինչև 2020 թվականը՝ Հայաստանին հատկացված ժամկետի ավարտը:
 
Ամեն դեպքում, այս հարցում վճռորոշ է լինելու ՌԴ-ի ձայնը: Մինչ այդ, հիշեցնենք, որ իրավիճակն ավելի սրվեց այն բանից հետո, երբ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն իրենց երկրում Ադրբեջանի դեսպանին ներկայացրել էր ՀԱՊԿ նիստի մանրամասները: Սա հարուցել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դժգոհությունը, և նա հայտարարել էր, թե բացատրություններ է պահանջելու Լուկաշենկոյից:
 
Երեկ Լուկաշենկոն Բաքու այցի ժամանակ հայտարարել է, թե Ադրբեջանի հետ իրենց համագործակցությունը որևէ երրորդ երկրի դեմ ուղղված չէ»:
 
«Իրավունք» թերթը գրում է. «Այն, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հայտնվել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակում, պարզվում է՝ ամենևին էլ օրենսդիր աշխատանքի վերադառնալու նպատակով չէ:
 
Քաղաքական կուլիսներում լուրեր են շրջանառվում, որ Ֆելիքս Ցոլակյանը մտադիր է վերադառնալ իր նախկին աշխատանքին՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ, ինչի մասին համաձայնության է եկել նոր իշխանությունների հետ:
 
Իսկ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնին աչք ունի ԲՀԿ-ն՝ հուսալով, որ ընտրություններից հետո կմտնի խորհրդարան, «Իմ քայլի» հետ կոալիցիա կկազմի և կվերադարձնի իր նախարարական պորտֆելները:
 
Չէ որ «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստանը» արդեն իսկ քաղաքական ԶԱԳՍ են գնացել՝ նախապես միմյանց հետ հուշագիր ստորագրելով»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ հանրային ճնշման ներքո հրաժարական է տվել Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի համայնքապետ Արթուր Մանուկյանը:
 
Համայնքի բնակիչները արդեն երկու ամիս շարունակ պահանջում էին համայնքապետի հրաժարականը՝ նրան մեղադրելով համայնքի բյուջեն ոչ նպատակային օգտագործելու, համայնքի խնդիրները տարիներ շարունակ չլուծելու մեջ:
 
Նախկին իշխանությունը տապալվեց Հայաստանի ևս մեկ համայնքում»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի վերաբերյալ:
 
Հիշեցնենք` դրա արդյունքում 4 զինվոր մահացավ: Կատարվածի առթիվ նշանակվել է փորձաքննություն պարզելու համար, թե արդյոք մեքենան շահագործելուց եղել է սարքին: Եվ ահա մեր տեղեկություններով` դեպքից  6 ամիս առաջ   ՀՀ ՊՆ  N զորամասի  ղեկավար կազմը տեղյակ է եղել, որ մեքենան անսարք վիճակում է:
 
ՌՈ-ն ստուգել է մեքենան և անսարքություն է հայտնաբերել, որից հետո զորամասի ղեկավար կազմին հանձնարարական է տվել մեքենայի  խնդիրը կարգավորելու, անսարքությունը վերացնելու, արդյունքները ՌՈ-ին հայտնելու և իրենց թույլատրությունը ստանալուց հետո շահագործելու մասին:  Ու հիմա ենթադրություններ կան՝ կա՛մ մեքենան կարգի չեն բերել, կա՛մ կարգի բերելուց հետո այն արագ շարքից դուրս է եկել: Բայց բոլոր դեպքերում այն առանց Ռազմական ոստիկանությանը ներկայացնելու շահագործման են հանձնել»:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը