Զավեն Եկավյան. «Բոլորս Մեսրոպ Մաշտոցի զինվորներն ենք»
24-08-2010 16:52:00 | Հայաստան | Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 24-ին Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի է ունեցել հանդիպում «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության հայկական բաժանմունքի ղեկավար, լեզվաբան, մշակութային գործիչ Զավեն Եկավյանի հետ:
Ըստ Ազգային գրադարանի Հանրության հետ կապերի եւ միջոցառումների կազմակերպման բաժնի հաղորդագրության, հայ մշակույթին` Մայր Հայրենիքում եւ ի Սփյուռս աշխարհի մատուցած անգնահատելի ծառայությունների համար ՀԱԳ-ի տնօրեն Դավիթ Սարգսյանը նրան շնորհել է հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի անվան մեդալ:
Իր խոսքում ՀԱԳ-ի տնօրենը համառոտ ներկայացրել է Զ.Եկավյանի գործունեության շրջանակները: Բարեգործական ծրագրերից Դ.Սարգսյանը հատկապես շեշտել է նրա մեծ ներդրումը գրահրատարակչական, գրադարանային գործում: «Այսօր Սփյուռքում առկա ամենամեծ` հայապահպանության խնդիրը մենք փորձում ենք լուծել Զավեն Եկավյանի նման անհատների միջոցով»,- ասել է նա:
Զ.Եկավյանի գիտական գործունեության մեջ Դ.Սարգսյանը առանձնացրել է ներդրումը լեզվաբանության մեջ, նշելով նրա հեղինակած «Հնդեվրոպական լեզուների բառապաշարը եւ հայերենի տեղը» (1975թ.), «Ֆրանս-հայերեն բառարանագրությունը 19-րդ դարում» (1976թ.), «Մխիթարյան միաբանությունը եւ բառարանագրությունը» եւ այլ աշխատություններ:
Պատմաբան Պետրոս Հովհաննիսյանի խոսքերով, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի` Հայաստանի նկատմամբ ունեցած մեծ ուշադրությունը պայմանավորված է Զ.Եկավյանի ակտիվ գործունեությամբ եւ ազգանվիրումով: «Նրա ջանքերով կյանքի կոչվեցին այնպիսի կարեւոր հրատարակություններ, որոնցից է Նիկողայոս Ադոնցի Երկերի 5 հատորյակը, Հակոբ Մանանդյանի Երկերի 7-րդ հատորը, մինչդեռ 6-րդը հրատարակվել է 25 տարի առաջ: Զավեն Եկավյանն առաջարկել է տպագրել նաեւ 8-րդ հատորը»,- նշել է Պ.Հովհաննիսյանը:
Զ.Եկավյանի նվիրումի, ազգասիրության, հայրենասիրության մասին խոսել է հասարակական-մշակութային սփյուռքահայ գործիչ Ժիրայր Դանիելյանը: Նրա խոսքերով, Զավեն Եկավյան երեւույթը հազվագյուտ է մեզանում, եւ ընդհանրապես նա սոսկ գրքի հրատարակման մեկենաս չէ, այլ հրատարակության նախաձեռնության հեղինակ:
Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը խորհրդանշական է համարեց այն փաստը, որ նման հանդիպումն անցկացնում է Հայաստանի Ազգային գրադարանը: «Այս հարկի ներքո շատ նշանավոր անհատներ են հյուրընկալվել, սակայն այս մեկը բացառիկ է, քանզի Զավեն Եկավյանի ջանքերով վերջին երեք տասնամյակներին Հայաստանը ստանում է արտերկրում հրատարակված բարձրարժեք, հազվագյուտ հրատարակությունները»,- նշել է նա:
Իր հերթին Զ.Եկավյանը խոստովանել է, որ հաջողությունների համար պարտական է Հայաստանի Ազգային գրադարանին: Նրա խոսքերով, «գրքի հրատարակությունը ֆինանսավորելը հերոսություն չէ, այլ մեր պարտքն է` պահպանել հայ գիրը, մշակույթը»: Իսկ առանց տպագիր ժառանգության չի պահպանվի մեր մշակույթը: «Մենք բոլորս Մեսրոպ Մաշտոցի զինվորներն ենք»,- ասել է Զ.Եկավյանը: