«Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի մեր տեսակետը չկիսելու». Գարեգին Չուգասզյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին.168.am


«Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի մեր տեսակետը չկիսելու». Գարեգին Չուգասզյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին.168.am

  • 27-11-2018 18:20:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատգամավորի թեկնածու Գարեգին Չուգասզյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Արթիկում արած հայտարարությանը՝ նշեց, որ այստեղ կա տեսակետների տարբերություն։
 
 
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն Արթիկում անդրադառնալով «Սասնա ծռերի» այն հայտարարությանը, որ նոր խորհրդարանն ունենալու է 1-2 տարվա կյանք, որից հետո պետք է կրկին անցկացվեն ընտրություններ, ասել էր. «Էդ դուք իրոք որոշել եք, որ ձեզ իրավունք է տրված որոշել խորհրդարանի ու երբեմն նույնիսկ մարդկանց կյանքի չափե՞րը։ Ես ձեզ ասում եմ՝ հանկարծ չշշկռվեք, սա ձեզ համար Սերժ Սարգսյանի թուլամորթ և թուլակամ իշխանությունը չի։ Ես ասում եմ բոլորին՝ մեր ժպիտներն ու մեր քաղաքավարությունը որևէ մեկը չհամարձակվի մեկնաբանել՝ որպես թուլություն։ Էդպիսի մի քանի դեպք եղել ա, և էդպես մտածողները համտեսել են ասֆալտի համը։ Ես ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս գնալ էդ ճանապարհով՝ ով ուզում է՝ լինի»։
 
Գ. Չուգասզյանն այս առնչությամբ ասաց. «Ըստ մեզ, բռնակալությունից անցումը ժողովրդավարության տեղի է ունենում որոշակի ժողովրդավարության պայմաններում, և սա պահանջում է ժամանակ։  Մեր կուսակցության կարծիքով՝ երկու տարի անց Հայաստանում այնպիսի իրավիճակ կստեղծվի, որը պետք է ապահովի նոր խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում։ Այս կարևորագույն փոփոխությունների մասին մեր կուսակցությունն իր պատկերացումն ունի, Նիկոլ  Փաշինյանն իրավունք ունի այս տեսակետը չկիսելու»:
 
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը խիստ կոշտ էր, մեր զրուցակիցը նկատեց, որ նախընտրական քարոզարշավում լարվածություն կա, և հռետորաբանությունն այնպիսին է, որ երբեմն մարդիկ կարող են կոշտ հռետորաբանություն օգտագործել.
 
«Մենք կոշտ հռետորաբանություն չենք օգտագործում՝ ի պատասխան այն կոշտ խոսքերի, որոնք ուղղված էին մեզ»,- շեշտեց Գարեգին Չուգասզյանը։
Անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանի  հայտարարությանը, որ Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններն ավելի կարևոր էին, քան Արցախյան ազատամարտը, Գ, Չուգասզյանն ընդգծեց, որ 30 տարի անց հայ ժողովուրդը շատ կարևոր քայլ կատարեց։
 
«Արցախյան շարժումն առաջին հեղափոխությունն էր, սա՝ երկրորդը, այդ իմաստով այս տարվա ապրիլին տեղի ունեցած իրադարձությունները պատմական ենք համարում, քանի որ ժողովուրդն ըմբոստացավ և իր ներքին կարգն ու կանոնը վերականգնեց։ Հասկանալի է, որ Արցախյան պատերազմը և հեղափոխությունը չպետք է իրար հակադրել, այլ մեկը մյուսի շարունակությունը դիտել։ Այս հեղափոխությունն էլ, կարծում եմ, որ դրական հետք է թողնելու, սակայն  դրա մասին դեռ շուտ է խոսել»,- ասաց Գարեգին Չուգասզյանը։
 
Զվարթ Խաչատրյան
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը