ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ելույթը քարոզարշավի շրջանակներում


ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի ելույթը քարոզարշավի շրջանակներում

  • 29-11-2018 17:12:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ ՕԵԿ-ն իր քարոզարշավի շրջանակներում կազմակերպել էր հանդիպում-քննարկում բուժաշխատողների, առողջապահության  և սոցիալական ոլորտի գործիչների հետ:  ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը իր խոսքում նշեց, որ ժամանակն է Հայաստանում  օր առաջ ներդնել  առողջապահության ապահովագրության համակարգ: 
<<Այս ոլորտում պետպատվերի համակարգը, որը կոռուպցիոն ռիսկերի պատճառ է դարձել պետք է փոխարինել հասցեական գումարային սերտիֆիկատներով և դրանք տրամադրել բոլոր կարիքավոր քաղաքացիներին: Առաջարկում ենք երկրում ներդնել պետական աջակցության մեխանիզմներ՝ տարածված հիվանդությունների և վիրահատությունների համար:  Հատուկ պետական աջակցություն  և ֆինանսավորում պետք  է լինի հատկապես մահացու հիվանդությունների բուժման համար:  Մեր հաջողությունը ենթադրում է բժիշկների և բուժաշխատողների աշխատավարձերի շարունակական բարձրացում և ինդեքսավորում>>:
Անդրադառնալով ավանդների վերադարձման գործըթնացում ՕԵԿ ցուցաբերած ջանքերին և առաջարկվող անելիքներն Արթուր Բաղդասարյանը նշեց, որ իրենք անելու են ամեն բան ավանդների ամբողջական վերադարձը իրականություն դարձնելու համար:
 <<Մեր համառ ջանքերի միջոցով 212 հազար մարդ ստացել է իր ավանդը: Մեր քաղաքական ուժի հաղթանակը նշանակում է ավանդների ամբողջական վերադարձ՝ այդ թվում մահացած ավանդատուների ժառանգներին: Այս հարցը այսօր վերաբերում է շուրջ 250 հազար մարդու, որոնք արդարացիորեն սպասում են իրենց ավանդները ստանալուն>>:
Արթուր Բաղդասարյանը նաև խոսեց մայրությանը և մանկությանը վերաբերող խնդիրների իրենց պատկերացումների մասին:
 <<Պետության առաքելությունը նաև նրա սոցիալական պատասխանատվության մեջ է իր ազգի նկատմամբ: Այսօր Հայաստանում կա 200 հազար միայնակ մայր և սրանք դեռ պաշտոնական թվերն են: Մենք առաջարկում ենք մայրական կապիտալի մասին օրենք, որը հնարավորություն կտա երեխայի ծնվելու պահից ձևավորվի մայրական կապիտալ, որը կօգտագործվի ոչ միայն երեխայի կրթության և դաստիարակության այլև նրա անհրաժեշտ կարքիները հոգալու համար: Այս օրենքի ընդունումը այսօր քաղաքական անհրաժեշտություն է>>:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն