«Ռազբորկաներ՝» Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ.hraparak.am


«Ռազբորկաներ՝» Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ.hraparak.am

  • 30-11-2018 13:54:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

hraparak.am Արցախի թեման մտել է Հայաստանի նախընտրական քարոզարշավի օրակարգ, քննարկումները, սակայն, ոչ թե Արցախի ապագայի կամ ԼՂ խնդրի լուծման պատկերացումների մասին են, այլ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ հեռահար «ռազբորկաների»։
 
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում ունեցած ելույթում դիմեց Արցախի նախագահ Բակո Սահակյանին՝ հորդորելով կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին: «Ընդհանրապես, վերջին օրերին լավ չեմ հասկանում Լեռնային Ղարաբաղի իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը, բացարձակ չեմ հասկանում, ինչի՞ են ակտիվացել եւ ինչի՞ են փորձում խառնվել եւ իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի խորհրդարանի ընտրությունների քարոզարշավի ընթացքում: Ասեմ, որ շատ հարցեր ունեմ դրա կապակցությամբ, եւ այդ հարցերն անպայման կքննարկեմ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, իսկ մինչ այդ պարոն Բակո Սահակյանին հորդորում եմ կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին եւ ուղարկել իրենց աշխատանքը կատարելու»,- հարթակից ասաց Փաշինյանը:
 
 
Նրան վրդովեցրել է այն հանգամանքը, որ վերջին օրերին իր հայտարարություններից որոշներին մեկնաբանություններ են տրվում Արցախից: Մասնավորապես՝ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը մեկ օր առաջ  անդրադարձել էր Փաշինյանի այն հայտարարությանը, որ ինքը Հայաստանի միակ ղեկավարն է, ում որդին ծառայել է ԼՂՀ-ում։ Բաբայանը հերքել էր՝ նշելով այլ բարձրաստիճանների անուններ, որոնց որդիները նույնպես ծառայել են: «Առիթ-անառիթ իրենց մեկնաբանություններն են անում, չհասկացա, Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակն օրումեջ իմ ասածների վերաբերյալ մեկնաբանություններ է տալիս, պատկերացնո՞ւմ եք՝ իմ մամուլի խոսնակը Ղարաբաղի հայտնի եւ անհայտ իրադարձությունների վերաբերյալ սկսի մեկնաբանություններ տալ, հասկանո՞ւմ եք՝ դրա հետեւանքն ու արդյունքն ինչ կլինի: Սթափվե՛ք եւ զբաղվե՛ք ձեր աշխատանքով: Իհարկե, ինչ տեղի է ունեցել, ձեզ հետ կքննարկեմ, բայց ընտրություններից հետո, իսկ մինչ այդ ասում եմ՝ զբաղվեք ձեր գործով»,- երեկ հոխորտաց  Նիկոլ Փաշինյանը։
 
Արցախի ու Հայաստանի քաղաքական էլիտայի միջեւ լարումը սկսվեց Սասուն Միքայելյանի աղմկահարույց այն ելույթից հետո, թե Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն ավելի կարեւոր էր, քան Արցախյան ազատամարտը: Արցախի իշխանության ներկայացուցիչները ֆեյսբուքյան գրառումներով մեկը մյուսի հետեւից սկսեցին նախատել Սասուն Միքայելյանին։ Այդ թվում Սենոր Հասրաթյանը, որը հետո ջնջեց իր ֆեյսբուքյան գրառումը, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արշավիր Ղարամյանը: 
 
Փաշինյանը Սասուն Միքայելյանի փոխարեն անցավ հակագրոհի՝ խոստովանելով, որ արցախյան բարձրաստիճանների շրջանակներում էլ են հայտնաբերվել մանվելգրիգորյանական՝ բանակը թալանած «պադվալներ», սպառնաց բոմժ դարձնել ոմանց, ինչպես որ եղել են։ Կուսակից ընկերոջ հայտարարության համար ներողություն խնդրելու փոխարեն Փաշինյանը հիշեցրեց որդու՝ Արցախում ծառայելու հանգամանքը, եւ սկսեցին «պատին ծեփել» Միքայելյանին քննադատողներին։
Կողմերին հանդարտեցնելու նպատակով նախօրեին հայտարարությամբ հանդես եկավ անգամ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ հորդորելով «ջենթլմենական պայմանավորվածությամբ» Արցախի թեման ընդհանրապես հանել նախընտրական առօրյա ելույթներից:
 
Հետաքրքիր է, որ Արցախի ղեկավարությանը հանդիմանում են Հայաստանի ներքին գործերին խառնվելու եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ակտիվանալու համար, բայց իրենք չեն խորշում Արցախի ներքին գործերին միջամտելուց։ Եթե Փաշինյանի վրդովմունքի պատճառն այն է, որ Արցախն ու Հայաստանն անկախ պետություններ են, ու չի կարելի խառնվել միմյանց գործերին, ապա ինչո՞ւ են Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն ուղիղ կառավարում իրականացնում, իսկ ՀՀ գլխավոր դատախազն Արցախ այցելելուց հետո՝ նոյեմբերի 9-ին, հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշված էր, թե ինչ «հանձնարարականներ է տվել» Արցախի դատախազներին։ 
 
ԼՂ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Ազիկ Մխիթարյանի կարծիքով, իրավիճակի լարվածության պատճառը Սասուն Միքայելյանի հայտարարությունն էր, քանի որ այդ առիթով է զգացմունքային «ռեակցիա» առաջացել ու պատասխաններ հնչել, իսկ Արցախի նախագահի մամուլի խոսնակն ի պաշտոնե է պատասխանել լրագրողների հարցերին։ «Հարցը կարող էր փակվել եւ այսքան չսրվեր, եթե Սասուն Միքայելյանը ներողություն խնդրեր իր հայտարարության համար, ասեր, որ սայթաքում է ունեցել, որ ուրիշ բան է ուզեցել ասել, բայց մենք այդպես էլ չենք լսում որեւէ նման խոսք, փոխարենը այլ հունով են հայտարարություններն ընթանում»,- ասաց Մխիթարյանը։ Ճանաչելով Սասուն Միքայելյանին՝ Մխիթարյանը  վստահ է, որ նա այն մարդը չէ, որն Արցախյան հաղթանակը չգնահատեր, պարզապես ճիշտ չի ձեւակերպել իր խոսքը, բայց թե ինչու է թույլ տալիս, որ մի հայտարարության պատճառով այսքան սրվեն Արցախ-Հայաստան հարաբերությունները, «խորանա հայաստանցի-արցախցի անջրպետը», Մխիթարյանի համար անհասկանալի է։ «Իսկ այդ անջրպետի խորացումը ոչ մի լավ տեղ չի տանի, դա անչափ վտանգավոր է»,- ասաց ԼՂ պատգամավորը։ Նա դժվարանում է կարծիք հայտնել ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանի հայտարարության մասին, թե գործող իշխանության քաղաքական գիծն է «իշխանություն՝ Արցախի դիմաց»․ «Ես ծանոթ չեմ այդ խոհանոցին, ինչին ծանոթ է Դավիթ Շահնազարյանը, վերջապես ինքն առնչվում է, ինքն ազգային անվտանգության աշխատող է եղել, եւ շատ ավելի տեսանելի է իր համար, թե ինչ է կատարվում։ Մենք հեռվից նայելով՝ ուզում ենք հավատալ, որ ենթատեքստ չկա, ուզում ենք հավատալ, բայց եթե կա այդ ենթատեքստը, արցախցիներն այդքան թույլ չեն, որ թույլ տան շահարկվի մեր հաղթանակը, մեր ձեռքբերումները, որը ողջ հայության, ոչ միայն արցախցու ձեռքբերումն է»։ 
 
Արցախի խորհրդարանի փոխնախագահ, ՀՅԴ-ական Վահրամ Բալայանն էլ ասաց, որ տխուր է առաջացած հեռահար բանավեճից։ «Խնդիրը նրանում չէ, որ Արցախի իշխանությունը միջամտում է Հայաստանի ներքին գործերին կամ նախընտրական գործընթացներին, խնդիրը, կարծում եմ, սխալ ընկալման մեջ է»,- ասաց նա ու պարզաբանեց․ «Եթե պաշտոն ունեցող որոշ գործիչներ կարծիք են հայտնել, դա դեռ չի նշանակում, որ Արցախի իշխանությունները փորձում են միջամտել  հայաստանյան ներքին զարգացումներին»։ ՀՅԴ-ականը հիշեցրեց Արցախի եւ Հայաստանի ղեկավարների փոխադարձ աջակցության հայտարարություններն ու կոչ արեց չսրել ու երկու երկրները չհակադրել իրար․ «Ես պատմաբան եմ ու լավ եմ հասկանում, որ պատերազմի մեջ գտնվելով ու այսպես հակադրվելով՝ չենք կարող դիմակայել մարտահրավերներին, ուստի զերծ կմնամ գնահատականներից եւ իրավիճակը ավելի սրելուց ու հորդորում եմ բոլոր կողմերին նույնպես զերծ մնալ կոշտ մեկնաբանություններից»։ Այսինքն, Արցախում ազատ արտահայտվելու իրավունքից պատրաստ են հրաժարվե՞լ։ «Ամեն մեկը, իհարկե, իրավունք ունի կարծիք հայտնել, բայց դա չպետք է վնասի երկու երկրների հարաբերություններին»։ Այսինքն, Արցախի նախագահի խորհրդականը չպե՞տք է արձագանքի, ասի, որ, ենթադրենք, միայն Փաշինյանի որդին չի ծառայել, այլ ուրիշներինն էլ։ «Խնդիրն այն է, որ մեկ կարծիքից հետո գալիս է երկրորդ միտքը, երրորդ միտքը եւ այդպես շարունակ։ Դրա համար էն առաջին միտքը չպետք է ասել։ Դրա համար եմ ասում՝ Արցախի հետ կապված զգայուն թեմաների մասին իմաստ չունի մեկնաբանություններ տալ, դա ոչ մեկին օգուտ չի տալու»։
 
«Մենք չճանաչված պետություն ենք, իհարկե, բայց ունենք Սահմանադրություն, օրենքներ եւ մենք ընթանում ենք այն ճանապարհով, որ պետականությունը կայանա։ Չեմ կարծում, որ Հայաստանի  իշխանությունները՝ սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանից, կձգտեն վնասել այդ գործընթացին։ Ամեն մեկը կարող է կարծիք ունենալ, մենք կլսենք, ու եթե այդ կարծիքը նպաստավոր լինի, կընդունենք, իսկ եթե նպաստավոր չլինի, չենք օգտագործի»։
 
ՀԳ․ Երբեմնի շփվող Դավիթ Բաբայանը, ըստ երեւույթին, Փաշինյանի ելույթից այնքան էր ազդվել, որ երեկ ո՛չ մեր զանգերին պատասխանեց, ո՛չ հաղորդագրություններին։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը