Իրավիճակը բարդանում է. Դա երբեւէ պետք է տեղի ունենար


Իրավիճակը բարդանում է. Դա երբեւէ պետք է տեղի ունենար

  • 30-11-2018 15:08:22   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստանի ԱԺ նախընտրական շրջանում Արցախի թեման դարձավ եւ թերեւս չէր կարող չդառնալ քննարկման առարկա: Այդ քննարկումը խթանեց Սասուն Միքայելյանն իր հայտնի հայտարարությամբ, համեմատության մեջ դնելով Արցախի հաղթական պատերազմն ու թավշյա հեղափոխությունը:
 
Սպասելի էր, որ դա բուռն արձագանք էր ունենալու, նկատի առնելով բազմաթիվ հանգամանքներ: Եվ սպասելի էր, որ դա ի վերջո մանրանալու եւ հանգելու էր թեժ «ռազբորկաների» հատկապես հների ու նորերի միջեւ: Ընդ որում, այս «դիսկուրսը» սկսվել է դեռ հեղափոխության օրերից, եւ կրկին դիմակայության ռեժիմում: Իսկ այս օրերին էլ դրան ներգրավվել է նաեւ Արցախը, որտեղից հնչում են դատապարտող հայտարարություններ Հայաստանի իշխանության հասցեին:
 
Իսկ Սասուն Միքայելյանը շոշափել էր կարեւոր խնդիր, որը կարիք ունի լուրջ քննարկումների, առանց նախընտրական կամ այլ բնույթի մոտիվացիաների, ընդ որում՝ առանց համեմատության պարզունակ շարունակության: Նման քննարկումներից հայկական քաղաքական կոչվող դաշտը միշտ խուսափել է ամենատարբեր պատճառներով, իսկ պարբերաբար առաջացող խնդիրներն էլ կամ վերածվել են հաշիվների պարզաբանման, կամ լռության մատնվել հայրենասիրական, միասնականության եւ այդ կարգի պատճառաբանություններով:
 
Խոսքը Արցախ-Հայաստան հարաբերությունների մասին է, իր բոլոր նրբություններով ու պատմա-քաղաքական լուրջ բաղադրիչներով: Արցախը վերջին մի քանի հարյուրամյակներին եղել է հայկական պետականության կրողը, պահապանն ու գաղափարն այս կամ այն կարգավիճակում: Հայաստանի պետականության դերն ու արժեքը համաշխարհային քաղաքականության մեջ զգալիորեն բխում է ու պայմանավորված է Արցախով:
 
Սա մի հանգամանք է, որը չէր կարող իր ազդեցությունը չունենալ հարաբերությունների բնույթի վրա, նկատի առնելով նաեւ Արցախի՝ պատմա-քաղաքական իրողություններով պայմանավորված առանձնահատկությունները:
 
Հայաստանի առաջին իշխանությունները հրաշալի հասկանում էին այս իրողությունները, բայց գնացին ոչ թե հարաբերությունների ֆորմալացման, այլ Արցախի ընտրված իշխանությունը վերացնելու ճանապարհով, նպատակ ունենալով վերահսկողություն հաստատել Արցախում եւ իշխանության բերելով իրենց հավատարիմ ուժերին:
 
Հետագայում այդ պրակտիկան շարունակվեց, այդ թվում՝ նաեւ բանակցային գործընթացի մասով: Արցախի իշխանությունը հրաժարվեց ինքնուրույն քաղաքականությունից եւ դարձավ Հայաստանի տնտեսա-քաղաքական կոռուպցիոն համակարգի շարունակությունը:
 
Միեւնույն ժամանակ, Արցախը Հայաստանում համարվում ու ներկայացվում էր որպես ռազմականացված ֆորպոստ, դրանից ենթադրվող քաղաքական, տնտեսական ու այլ հետեւանքներով, այդ թվում՝ որպես շանտաժի միջոց ներքաղաքական զարգացումներում: Հայաստանում հիմնովին արմատացավ հենց այդ վերաբերմունքը Արցախին, ինչով էլ պայմանավորված է մասնավորապես հանրային-քաղաքական զգալի շրջանակներում անհամարժեք ու երբեմն անհեթեթ վերաբերմունքը թե Արցախի խնդրին, թե ընդհանրապես նրա դերին ու նշանակությանը:
 
Անցյալ տարիներին Արցախի ու Հայաստանի հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներում փորձ արվեց փոխել այս իրավիճակը, ստեղծվեցին լուրջ փաթեթներ, որոնք վերաբերվում էին Հայաստանի ու Արցախի հարաբերությունների ֆորմալացմանը ռազմա-քաղաքական ու այլ ոլորտներում: Քաղաքական ուժերից մեկը նույնիսկ համաձայնվեց ստանձնել այդ փաթեթների քննարկման ու պետական ինստիտուտների օրակարգ մտցնելու գործը: Սակայն դա շատ արագ մոռացվեց:
 
Ապրիլյան պատերազմի շրջանում Հայաստանի իշխանությունը սկսեց խոսել այդ թեմայից, մասնավորապես Հայաստանի ու Արցախի միջեւ պայմանագրային հարաբերություններ հաստատելու մտադրությունից, բայց դա իրավիճակային քայլ էր եւ նույնպես արագ մոռացվեց, երբ իշխանությունը լուծեց իր շահերին առնչվող ներքին ու արտաքին խնդիրները:
 
Արցախը կազարմա չէ, այնտեղ մարդիկ են ապրում, ժողովուրդ է ապրում, որը միշտ ապրել է իր հայրենի հողի վրա ու երբեք չի լքել այն, կռվելով ու պահելով թե իր հողը, թե հայկական պետականության նուրբ թելը: Արցախում ապրում են տաղանդավոր մարդիկ, ովքեր ուզում են ապրել անվտանգ, բարեկեցիկ եւ իրացնել իրենց հնարավորությունները: Գիտության, ռազմական գործի եւ այլ բնագավառներում համաշխարհային դեմքեր տված այդ ժողովուրդը արժանի է նման կյանքի:
 
Միեւնույն ժամանակ, Արցախում մարդիկ իրենց պատկերացումներն ունեն պատերազմի ու խաղաղության, լավի ու վատի մասին, որոնք ձեւավորվել են պատմա-քաղաքական այդ իրողությունների հետեւանքով եւ առավելագույնս զերծ են միֆերից ու առասպելներից, որոնք տարածված են Հայաստանում:
 
Խնդիրը կա եւ պահանջում է լուրջ քննարկումներ, առանց ռազբորկաների վերածելու, ինչը բավական բարդ է, հաշվի առնելով, որ հայկական քաղաքական կոչվող դաշտի հավատամքն ու սահմանը հենց ռազբորկաներն են: Իսկ դրանք ավելի են խորացնում առկա խնդիրները եւ չեն նպաստում քաղաքական, տնտեսական ու մշակութային իրական միասնականության ձեւավորմանը, ինչը նախեւառաջ առչնչվում է անվտանգության խնդրին:
 
Հ.Գ. Ի դեպ, երկու տասնամյակ անց վերաբնակեցված չէ Արաքսի հովիտը, որն աշխարհի լավագույն հողային ֆոնդերից մեկն է եւ կարող է լուծել պարենային անվտանգության խնդիրը: Բացի այդ, դա ինքնին աշխարհքաղաքական կարեւորագույն գոտի է, որի արժեքը շուտով խիստ մեծանալու է: Հայկական պետականությունը կարո՞ղ է այս կարգի շատ կոնկրետ խնդիրներ լուծել, թե ոչ:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն