Դեկտեմբերի 9-ին չի կարող լինել օրինական ընտրություն․ ԵԾ


Դեկտեմբերի 9-ին չի կարող լինել օրինական ընտրություն․ ԵԾ

  • 03-12-2018 13:36:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

29 տարի առաջ այս նույն օրը` 1989 թվականի դեկտեմբերի 1-ին,  Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը որոշում ընդունեցին` Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին: Այս բեկումնային որոշումը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի բաղկացուցիչ մաս: 
 
Մասնավորապես` որոշումը սահմանում է. 
 
Քաղաքական, տնտեսական և մշակութային կառուցվածքների իրական միաձուլմանն ուղղված պարտավորությունների իրագործում` նպատակ ունենալով ստեղծելու միասնական պետական-քաղաքական համակարգ:
 
Ամրագրում է, որ Արցախահայության վրա տարածվում են ՀՀ քաղաքացիության իրավունքները:
 
Այս իրավական ակտի հիման վրա Արցախահայությունը ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող փաստաթղթեր` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:
 
Համաձայն ՀՀ քաղաքացիության մասին օրենքի 3-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հավասար են օրենքի առաջ` անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու հիմքերից:
 
2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետությունում նշանակված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: ՀՀ ԿԸՀ-ն հրապարակել է ընտրողների քանակը` ըստ վարչական շրջանների և մարզերի: ՀՀ ԿԸՀ-ն Արցախում գտնվող` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող` ՀՀ քաղաքացու անձնագիր ունեցող զինվորականների համար ընտրական իրավունքի իրացումը  երաշխավորել է: Նրանք հատուկ ցուցակներով և նախատեսված ըտրատեղամասերում կարող են մասնակցել  ընտրություններին, իսկ զինվորական ծառայության մեջ չգտնվող Արցախահայությունը զրկված է ընտրություններին մասնակցելու իրավունքից:  
 
Արդի Հայկական պետականության քաղաքական անկախության հիմքում ընկած է հայ ազգի տարբեր հատվածների քաղաքական իրավունքների վերականգնման հարցը: Առանց Արցախահայության մասնակցության` դեկտեմբերի 9-ի ընտրությունները ևս արձանագրելու են անարդարություն և անհավասարություն:
 
Զարուհի Փոստանջյան
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ
1 դեկտեմբերի 2018
Երևան 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն