Տնտեսական հեղափոխության համար բազմոցից վեր կենալ է պետք


Տնտեսական հեղափոխության համար բազմոցից վեր կենալ է պետք

  • 06-12-2018 16:34:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Բիզնես ոլորտում քայլեր անելու և սեփական բիզնես-պատմությունը սկսելու համար Հայաստանում լավ միջավայր է ստեղծվել: Այս տեսակետն են հայտնում և հանրության տարբեր շերտերին նախաձեռնող լինելու կոչեր են անում բիզնես ոլորտի ներկայացուցիչներն ու փորձագետները Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմակերպած «Նոր Հայաստանի բիզնես միջավայրը» թեմատիկ քննարկման ժամանակ: Քննարկման մասնակիցները նշում են, որ մթնոլորտն ու միջավայրը լավն են, բայց հստակությունն է պակաս՝ մարդիկ չգիտեն ինչի՞ց սկսել, բիզնեսի ո՞ր ուղղությունն ընտրել. սա տարածվում է անգամ գումարի խնդիր չունեցողների վրա:
«Քաղաքական հեղափոխություն կարողացանք անել, բա ինչու՞ տնտեսականը չանենք»,- Նոր Հայաստանի բիզնես ոլորտի հետ սերտ աղերսներ ունեցող հարց է բարձրացնում «Տրիադա» խորհրդատվական ընկերության ղեկավար Երվանդ Ֆրանգուլյանը: Բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ գործնական շփումներից կարող է փաստել, որ տնտեսվարող սուբյեկտների մոտ միանշանակ կան բիզնեսի և տնտեսական աճի սպասումներ. «Եթե ժամանակին բիզնես ոլորտի ներկայացուցիչները մեկ է ասում էին երկիրը երկիր չէ, մեզ մոտ ոչ մի բան չի ստացվի, հիմա այդ մտայնությունը բավականին փոխվել է: Կարող եմ ասել, որ հիմա բիզնես սկսելու համար միջավայր էլ կա և այժմ տեղին չէ երկիրը երկիր չէ արտահայտությունը: Տնտեսական հեղափոխություն անելու համար պետք է բազմոցից վեր կենանք և գնանք մեր քայլն անելու, փորձենք ինչ որ բան ձեռնարկել»,-նշում է Երվանդ Ֆրագուլյանը: 
 
«Գարեջրի ակադեմիա» ռեստորան-գարեջրատան տնօրեն Արմեն Ղազարյանը մեր հասարակության ներկա կարգավիճակը համեմատում է խցում երկար փակված մարդու հետ. օդը շատ է, ադապտացվել է պետք: Սա նշնանակում է, որ բիզնես ոլորտում ազատ տեղեր կան, բայց մարդիկ չգիտեն դեպի որը ձեռքերը երկարացնեն. «Նույնիսկ այն մարդիկ, որոնք գումար ունեն չգիտեն ինչի՞ց սկսել, իրենց խորհրդատու է պետք»,-նշում է է Արմեն Ղազարյանը:
«Մեդիսար» ընկերության հիմնադիր Մանվել Գաբրիելյանն առաջարկում է բիզնես սկսելու իր ուղեցույցը. ըստ նրա՝ մրգային օղիների արտադրությունը չուսումնասիրված շատ տեղեր ունի. «Ճիշտ է, փոքր արտադրություններ կան, որոնք արդեն իսկ մեծ հաջողությունների են հասել, բայց այդ ընկերությունները կարիք ունեն պետական կամ հասարակական որևէ խոշոր կառույցի աջակցության: Օրինակ՝ վայրի տանձից հրաշալի օղի է ստացվում, բայց մեր անտառներից երևի միայն 5%-ն է հավաքվում: Դրանք լրիվ օրգանական են, որովհետև անտառում որևէ մեկը պարարտանյութ չի օգտագործում: Սեզոնին մեր ծիրանի մի մասը չի հասցվում մշակվել: Այս օղիներին մենք ծանոթ ենք, բայց որպես տնտեսության առանձին ճյուղ այն չի զարգանում»,-փաստում է Մանվել Գաբրիելյանը:
«Վան Արդի» գինեգործական ընկերության տնօրեն Վարուժան Մուրադյանը ևս մեր հնարավորությունները արտադրական ոլորտում բարձր է գնահատում, բայց  չունենք փոքր և միջին բիզնեսին աջակցող կառույցներ. «Գինեգործությունը շատ կարևոր ճյուղ է Հայաստանի համար և անհրաժեշտ է որոշակի պետական աջակցություն:  Օրինակ՝ Վրաստանը 13.000.000 շիշ է վաճառում Չինաստանում, մենք ունենք նույն հնարավորությունները, մի բան էլ ավել, պարզապես փոքր և միջին գինեգործական ձեռնարկություններին աջակցություն է անհրաժեշտ: Փոքր և միջին գինու արտադրությամբ զբաղվող գործարանները հնարավորություն, գումար չունեն, որ մասնակցեն, օրինակ՝ Չինաստանում կազմակերպվող էքսպոներին»,- փաստում է Վարուժան Մուրադյանը:
«Եթե մենք ցանկանում ենք, որ լինեն ներդրումներ, եթե մենք ցանկանում ենք, որ մարդիկ վստահեն Հայաստանի տնտեսությանը, առաջին քայլը, որ պետք է անենք, դա պետք է լինի ներքին արտադրողի պաշտպանությունը»,- այս ձևակերպումը բազմաթիվ շեշտերով թե՛ իր և թե՛ հայաստանյան բիզնես ոլորտի այլ ընկերությունների վրա է տարածում «Ավանի աղի կոմբինատ»-ի տնօրեն Արեգ Ղուկասյանը: Նա փաստում է, որ իր ոլորտում անառողջ մրցակցություն է տիրում: Ըստ նրա՝ ներկրողներն ավելի շատ արտոնություններ ունեն. «Որտե՞ղ է տեղական արտադրողի պաշտպանությունը: Տպավորություն է, որ ավելի շատ պաշտպանում են ներմուծողներին: Երբ որ տեխնիկական աղը մտնում է Հայաստան, ոչ մի լաբորատորիա այն չի ստուգում: Եթե մի ընկերություն կամ անհատ 3 անգամ քիչ է ինձնից հարկ վճարում, իր հետ ես ինչպե՞ս մրցակցեմ»,-նշում է «Ավանի աղի կոմբինատ»-ի տնօրեն Արեգ Ղուկասյանը:
Քննարկման ավարտին բիզնես ոլորտի ներկա վիճակի և քննարկման ամփոփ նկարագիրն է տալիս Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության հիմնադիր Գևորգ Թադևոսյանը. «Բիզնեսը պետք է պայքարի, բիզնեսը պետք է ինքնակազմակերպվի, բիզնեսն իր ասելիքը պետք է ասի: Մեր քննարկումների միջոցով մենք հանրայնացնելու ենք ոլորտի խնդիրները: Չկա չլուծվող պրոբլեմ այն հասարակության համար, որը գիտի, որ ինքն է երկրի տերը»,- եզրափակում է խոսքը Գևորգ Թադևոսյանը:
 
 
 
 Yerevaklur.am
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն