Նորընտիր Ազգային ժողովն ու կառավարությունն աշխատելու են պատասխանատվության մեծ տիրույթում. Արմեն Սարգսյան


Նորընտիր Ազգային ժողովն ու կառավարությունն աշխատելու են պատասխանատվության մեծ տիրույթում. Արմեն Սարգսյան

  • 10-12-2018 12:43:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ուղերձով Ազգային ժողովի ընտրությունների առթիվ: 
 
«Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Դեկտեմբերի 9-ին մեր երկրում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայացած իրողություն են, որի արդյունքում ձեւավորվելու են իշխանության օրենսդիր եւ գործադիր ճյուղերը:
 
Շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքին, «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին, որոնք, հաղթահարելով օրենքով նախատեսված շեմը, կազմավորելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը: Միաժամանակ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ընտրություններին մասնակցած բոլոր կուսակցություններին ու դաշինքներին, ինչպես նաեւ Հայաստանի բոլոր քաղաքացիներին, ովքեր իրենց վերաբերմունքն արտահայտեցին երկրի ապագայի նկատմամբ:
 
Այս ընտրությունները, որպես համապետական քաղաքական գործընթաց, առաջինն են մեր երկրում տեղի ունեցած գարնանային մեծ փոփոխություններից հետո: Նորընտիր Ազգային ժողովն ու կառավարությունն աշխատելու են պատասխանատվության մեծ տիրույթում: Մաղթում եմ նրանց հաստատակամություն եւ եռանդ՝ իրենց ծրագրերն իրականացնելու ճանապարհին:
 
Հայրենիքը հզորանում, իսկ նրա պատմությունը ստեղծվում է բոլորիս ամենօրյա քրտնաջան աշխատանքով: Բոլորի՛ս պարտքն է ողջ ուժերը ներդնել ի շահ երկրի ու ժողովրդի, հանուն ուժեղ Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների, համայն հայության եւ Հայաստանի բոլոր քաղաքացիների:
 
Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին»:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն