Լրագրողական կազմակերպություններ․ Ընտրությունները որակապես տարբերվեցին նախորդներից.azatutyun.am


Լրագրողական կազմակերպություններ․ Ընտրությունները որակապես տարբերվեցին նախորդներից.azatutyun.am

  • 10-12-2018 17:18:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am Հայաստանի մեկ տասնյակ լրագրողական լրագրողական կազմակերպություններ այսօր հայտարարությամբ են հանդես եկել, որում արձանագրում են, որ «2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները որակապես տարբերվեցին բոլոր նախորդներից՝ լրագրողների և լրատվամիջոցների աշխատանքի բարենպաստ պայմանների և անկաշկանդ գործելու առումով»։
 
«Բուն քվեարկության օրը չի արձանագրվել ԶԼՄ-ների աշխատակիցների նկատմամբ ֆիզիկական բռնության կամ մասնագիտական գործունեության խոչընդոտման որևէ լուրջ դեպք, իսկ եղած մի քանի փոքր միջադեպերն էլ տեղում հարթվել են։ Սա աննախադեպ երևույթ է, ինչը պետք է ավանդույթի վերածել», - ասված Խոսքի պաշտպանության կոմիտեի, Երևանի Մամուլի ակումբի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, լրագրողների «Ասպարեզ» ակումբի, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան»-ի, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի, Հանրային լրագրության ակումբի, «Լրագրողներ հանուն ապագայի» և «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպությունների ու Գորիսի Մամուլի ակումբի հայտարարությունում:
 
«Միևնույն ժամանակ, մենք արձանագրել ենք, որ նախընտրական ժամանակաշրջանում՝ դեկտեմբերի 7-ին, ՀՀ ոստիկանության աշխատակիցները, ակնհայտորեն չարաշահելով իրենց լիազորությունները, անօրինական գործողություններ են իրականացրել «News.am» լրատվական կայքի խմբագրությունում։ Իրավապահները պահանջել են լրատվամիջոցից քաղաքական գործիչներից մեկի օնլայն ելույթի բովանդակությունը ապացուցող հիմքեր տրամադրել, ինչը զավեշտալի է և՛ ԶԼՄ գործունեության նորմերի, և՛ իրավունքի տեսանկյունից։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 20-ին, նմանատիպ անհիմն պահանջ է ներկայացվել նաև «Aysor.am»-ի խմբագրությանը։ Բացի այդ, մինչև հիմա ՀՀ ոստիկանությունը և Քննչական կոմիտեն որևէ ծանրակշիռ հիմնավորում և փաստարկ հանրությանը չեն ներկայացրել «Yerevan. today»-ում իրականացված խուզարկության անհրաժեշտության և դրա արդյունքների վերաբերյալ», - ասված է հայտարարությունում:
 
«Խոսքի ազատության և լրատվամիջոցների անկաշկանդ գործունեության տեսանկյունից խիստ մտահոգիչ է, որ ժողովրդավարության զարգացումներին զուգահեռ՝ իրավապահների կողմից երբեմն իրականացվում են կամայականություններ ԶԼՄ-ների նկատմամբ», - հայտարարում են լրագրողական կազմակերպությունները՝ կոչ անելով ընտրությունների արդյունքում ձևավորվող նոր իշխանություններին «միջոցներ ձեռնարկել՝ ԶԼՄ-ներին զերծ պահելու ոստիկանական ապօրինի գործողություններից և առավել բարենպաստ պայմաններ ապահովել լրագրողների և լրատվամիջոցների ազատ գործունեության համար՝ անկախ դրանց քաղաքական ուղղվածությունից»:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը