Երևանի կենդանաբանական այգում բեզոարյան այծը հայտնաբերվել է սատկած վիճակում


Երևանի կենդանաբանական այգում բեզոարյան այծը հայտնաբերվել է սատկած վիճակում

  • 12-12-2018 13:46:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Պատահարներն ու անցանկալի իրադարձությունները համառորեն չեն լքում մեզ վերջին շրջանում:
 
Թունավորման հետևանքով զեբրի անկման, մյուս կենդանիների անկման հետ կապված ցավալի դեպքերի՝ դեռևս իրավապահների կողմից չպարզված հանգամանքների ֆոնին այսօր առավոտյան դժբախտ դեպք է տեղի ունեցել նաև բեզոարյան այծերից մեկի հետ: Վերջինս հայտնաբերվել է սատկած վիճակում: Բեզոարյան այծի այս առանձնյակը երկուշաբթի օրը հայտնվել էր իր ազատավանդակից և Կենդանաբանական այգու սահմաններից դուրս, սակայն այգու աշխատակիցների ջանքերով նորից վերադարձել է այնտեղ: Կենդանին այդ ազատավանդակում բնակվում էր 2013 թվականից՝ ծնվելու օրվանից: Թե ինչն է դարձել պատճառ, որ կենդանին փախնի տարածքից, ինչպես նաև՝ կենդանու անկման պատճառը, հանգամանալից ուսումնասիրությունը կպարզի:
 
Փաստ է սակայն, որ վերջին շրջանում Այգու շուրջ ծավալված իրադարձությունները շարունակվում են, և անհնար է դրանցում չնկատել հետևողականություն և ցանկալիին հասնելու պայքար: Պատահական չենք համարում, որ հերթական միջադեպը տեղի ունեցավ Այգու տնօրենի վերջին հարցազրույցից հետո, որը հրապարակվել է irates.am-ում: Համոզված ենք, որ քանի դեռ իրավապահ մարմինները ամբողջ ուժով և ծավալով չեն զբաղվել վերջին շրջանում Կենդանաբանական այգում տեղի ունեցած իրադարձություններով և դրանց մեղավորները չեն պատժվել, այս իրավիճակը, ցավոք, շարունակական է լինելու: Ի դեպ, այս դեպքը կրկին մատնացույց է անում Կենդանաբանական այգու տնօրինության բազմիցս բարձրացրած՝ Այգու ամբողջական տարածքի ցանկապատման խնդրի ակտուալությունը: Կենդանաբանականում այժմ կա 12 բեզոարյան այծ, որոնցից երեքը այգում ծնվել են այս տարի:
 
Երևանի կենդանաբանական այգի 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն