Համայնքային կենտրոնի և քաղաքացիների սպասարկման գրասենյակի բացում Տեղ համայնքում
12-12-2018 18:20:16 | Սյունիքի մարզ | Մամլո հաղորդագրություն
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքում մասնակցել է Համայնքային կենտրոնի, ինչպես նաև Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության գրասենյակի ղեկավար Զառա Ալլահվերդյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ապակենտրոնացման մասնագետ Արթուր Դրամփյանը, ԳՄՀԸ կոմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Կատրին Շեֆերը, ՀՀ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Գրասենյակը հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի, իսկ համայնքային կենտրոնը վերակառուցվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) կողմից իրականացվող «Սոցիալական ներդրումներ և տեղական զարգացում» (ՍՆՏԶ) ծրագրի շրջանակներում:
«Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) հետ համատեղ։
2015 թ.-ից ի վեր Ծրագրի շրջանակներում հիմնվել են Քաղաքացիների սպասարկման 23 գրասենյակներ Տաթև, Թումանյան, Աբովյան, Արտաշատ, Զառիթափ, Պեմզաշեն, Ուրցաձոր, Աշտարակ, Ալավերդի, Գորայք, Ամասիա, Արփի, Սարապատ, Աշոցք, Մեղրի, Վանաձոր, Նոյեմբերյան, Ստեփանավան, Կողբ, Ջրվեժ, Արենի, Օձուն և Տեղ համայնքներում:
Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը թույլ է տալիս «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները: Քաղաքացիների սպասարկման գրասենյակը կապահովի համայնքային ծառայությունների մատուցումը «լավ կառավարման» սկզբունքների համաձայն:
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը 2015թ. սկսած իրականացնում է «Սոցիալական ներդրումների և տարածքային զարգացման» ծրագիրը` Համաշխարհային Բանկի աջակցությամբ, որի հիմնական նպատակը համայնքային և միջհամայնքային ենթակառուցվածքների վերականգնումը և համայնքներին մատուցվող ծառայությունների որակի և մատչելիության բարելավումն է: Ծրագրի 1-ին բաղադրիչի ներքո հիմնադրամը ներդրումներ է կատարել առանձին համայնքների ենթակառուցվածքների զարգացման մեջ՝ իրականացնելով շուրջ 120 միկրոծրագրեր: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 42.93 ԱՄՆ դոլար, որից 30 միլիոնը՝ ՎԶՄԲ-ի վարկային միջոցներն են: Բաղադրիչի շրջանակներում 2017 թ.-ին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը մեկնարկեց Տեղ համայնքի կենտրոնի վերակառուցման ծրագիրը, որը հնարավորություն կընձեռի համայնքային կենտրոնի շենքը նպատակային օգտագործել` որպես հավաքատեղի, համայնքային ժողովների, քննարկումների համար: Շինարարության արժեքը կազմել է 70,453,032 դրամ, ծրագրի ընդհանուր արժեքը`76,858,699 դրամ: Համայնքի ներդրումը` 5,380,111 դրամ, որից 4,595,040 դրամը տրամադրել է Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը (ԱՄՆ): Վերակառուցված համայնքի կենտրոնին հատկացվել է 226 հազար դրամ արժողության գույք:
Ավարտին է մոտենում նաև կոմունալ ծառայությունների բարելավման, տրանսպորտային համակարգի ձևավորման և գյուղատնտեսական տեխնիկայի սպասարկման համակարգի ներդրման միջոցով Տեղ խոշորացված համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի իրականացումը: