Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել խաղաղապահ կարողությունների զարգացման ուղղությամբ


Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել խաղաղապահ կարողությունների զարգացման ուղղությամբ

  • 12-12-2018 19:12:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Դեկտեմբերի 10-ից 11-ը ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը Մոնտեվիդեոյում (Ուրուգվայ) մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության գագաթաժողովի շրջանակում 2019-ի մարտին ԱՄՆ-ում` Նյու Յորքում կայանալիք պաշտպանության նախարարների ձևաչափով հանդիպման նախապատրաստական քննարկումներին:
 
ՀՀ  ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ  ՄԱԿ-ի խաղաղապահության գագաթաժողովը նախաձեռնվել է 2015 թվականին և ներառում է ՄԱԿ-ի խաղաղապահության առաքելություններին զգալի աջակցություն ցուցաբերող երկրները: Հայաստանն ընդգրկվել է գագաթաժողովի կազմում` հաշվի առնելով 2002 թվականից միջազգային խաղաղապահ առաքելություններում ունեցած ներդրումը, միջազգային կայունության և խաղաղության պահպանման առաքելություններում պրոֆեսիոնալ և վստահելի գործընկերոջ համարումը և ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին երկու ամենապահանջված մասնագիտական ստորաբաժանումներ՝ դաշտային հոսպիտալ և ինժեներական վաշտ պատրաստելու և տրամադրելու հանձնառությունը:
 
 
Գագաթաժողովի շրջանակներում պարբերաբար անցկացվում են պաշտպանության նախարարների մակարդակով հանդիպումներ: Այս ձևաչափով անցկացվող հանդիպումներին մասնակցում են մոտ 75 երկրների պաշտպանության նախարարներ:
 
Մոնտեվիդեոյում կայացած նախապատրաստական քննարկումների ընթացքում արծարծվել են պաշտպանության նախարարների հանդիպման կարևոր օրակարգային հարցեր, մասնավորապես՝ խաղաղապահ ուժերի պատրաստման չափանիշները և ընթացակարգերը, ՄԱԿ-ի խաղաղապահության պահեստային ուժերի համակարգում ուժերի ընդգրկման գնահատման ընթացակարգը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից նախաձեռնված խաղաղապահության համակարգի բարեփոխումների ընթացքը՝ մասնավորապես կորուստների կրճատմանն վերաբերյալ, ինչպես նաև այլ հարցեր:
 
Արձանագրվել է, որ Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել ազգային խաղաղապահ ուսումնական կարողությունների զարգացման, ինչպես նաև Հայաստանի հանձնառություն համարվող երկու կարողությունների պատրաստման ուղղություններով, և դրանք ավարտելուց հետո պատրաստ է նախաձեռնել ՄԱԿ-ի խաղաղապահության համար անհրաժեշտ նոր մասնագիտական կարողությունների պատրաստումը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play