«Լուսակերտ»-ին թույլ չեն տալիս ձուն ներմուծել․ ՍԱՏՄ ղեկավարն ասում է՝ տեղականի անվան տակ են ուզում են վաճառել.hetq.am
15-12-2018 23:53:50 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
hetq.am Դեկտեմբերի 8-ին «Լուսակերտ» ՍՊԸ-ն Ռուսաստանի Դաշնությունից ներմուծել է 302 400 հատ ձու, որը, սակայն չի կարողանում մտցնել հայկական շուկա։
Ընկերության ներկայացուցիչների պնդմամբ՝ իրենց բեռն ունի անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, բայց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տարբեր պատճառաբանություններով չի թողնում այն ներկրել։
ՍԱՏՄ ղեկավարն էլ իր հերթին հավաստիացնում է, որ իրենք կանխում են կեղծարարությունը՝ ներկրված ձվի՝ որպես տեղական արտադրանքի վաճառքը։
Արդեն ութերորդ օրն է, ինչ «Լուսակերտ» ընկերության ներկրած ձվերի խմբաքանակը գտնվում է Բագրատաշենի անցակետում․ Հայաստան ներկրելու թույլտվություն չկա: Ըստ ընկերության մատակարարման բաժնի պետ Դավիթ Կիրոկոսյանի՝ չկա նաև հիմնավոր մերժում, որով իրենք կկարողանան բողոքարկել ՍԱՏՄ մերժումը։
«Այդ ձուն, որը պետք է հիմա ներմուծենք, էդտեղ ընդհանրապես շահույթ չենք հետապնդում: Ուղղակի շուկա ենք ուզում պահենք, 150 աշխատատեղ ունենք»,- ասում է Դ․ Կիրակոսյանը։
Ներկրված ձվի պահպանման ժամկետը 25 օր է: Նշված խմբաքանակի ձվերն արտադրվել են դեկտեմբերի 4-ին, ինչը նշանակում է, որ պահպանման ժամկետի մոտ կեսն արդեն լրացել է:
Դավիթ Կիրակոսյանը պատմում է, որ ՍԱՏՄ-ն սկզբում չի թույլատրել ներկրումը՝ հիմնավորելով թռչնագրիպի դեպքերի առկայությամբ (ձուն ներկրվել է Թաթարստանի այն շրջանից, որտեղ «սահմանված է անորոշ անասնահամաճարակային իրավիճակ»), ապա՝ մակնշման խախտումներով։
«Մենք դիմում էինք գրել, որ այդ ռեգիոնից պատրաստվում ենք ձու ներմուծել, իրենք ( ՍԱՏՄ-ն հեղ․) մերժել էին՝ պատճառաբանելով, որ էդ ռեգիոնը փակ է: Մենք բոլոր թղթերը տրամադրեցինք ու ապացուցեցինք, որ ռեգիոնն արդեն բաց է: Որ տեսան ռեգիոնի պահով չի ստացվում արգելել, հիմա էլ ասում են՝ ձուն թերի է մակնշված»,- պատմում է Դ․ Կիրակոսյանը։
ՍԱՏՄ-ից ներկրումը մերժվել է՝ հիմք ընդունելով 2011թ․ սեպտեմբերի 29-ի կառավարության N1438-Ն որոշումը (Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին )` մակնշման պահանջների խախտման մասով։
Այստեղ, մասնավորապես, նշված է, որ ձվի յուրաքանչյուր միավորի վրա պետք է նշվի արտադրողի անվանումը կամ ապրանքային նշանը, ինչը բացակայում է։