Սոպրանո Գոհար Հակոբյանը կներկայացնի իր նոր՝ «Աղոթք» ստեղծագործությունը


Սոպրանո Գոհար Հակոբյանը կներկայացնի իր նոր՝ «Աղոթք» ստեղծագործությունը

  • 17-12-2018 12:53:53   | Հայաստան  |  Մշակույթ

 
Սոպրանո Գոհար Հակոբյանը հանրությանը կներկայացնի իր նոր՝ «Աղոթք» ստեղծագործությունը, որի հեղինակը կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանն է: Ստեղծագործության պրեմիերան տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Նարինե Զարիֆյանի ստեղծագործական գործունեության 40-ամյակին նվիրված մեծամասշտաբ համերգի ընթացքում:
 
Գոհարն այն կատարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի նվագակցությամբ: Մեծամասշտաբ համերգից օրեր անց տեղի կունենա ձայնի և նվագախմբի համար գրված «Աղոթք» ստեղծագործության տեսահոլովակի պրեմիերան: 
 
Գոհար Հակոբյանը փաստում է՝ երգն իր բնույթով կոչ է: ««Աղոթք» երգը կարծես հոգու ճիչ լինի: Այն կոչ է անում մարդկանց իրենց մեջ լույս գտնել: Լույս, որն առկա է յուրաքանչյուր մարդու մեջ կա: Եվ ստեղծագործությունում ասվում է, որ մարդիկ չպետք է վախենան և ոչ մի բանից, այլ ձեռք ձեռքի բռնած հնարավոր է հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Եվ որ ամենակարևորը հավատն է: Նշեմ, որ երգը գրված է հայերեն և անգլերեն լեզուներով: Ստեղծագործության տեքստում առկա է նաև Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» գործից թևավոր խոսք. «Ամենակարևորը աչքով չես տեսնի, սիրտն է միայն սրատես»,-նշում է Գոհար Հակոբյանը: 
 
Տեսահոլովակն այնպես է ստեղծվել ու մոնտաժվել, որ դիտողի ուշադրությունը գրավի երգչուհին և նրա ձայնը: Երգչուհու կերպարը նման է ծաղկի: Նշենք, որ ստեղծվել է երկու տեսահոլովակ, մեկը՝ հայերեն, մյուսը՝ անգլերեն: 
 
Երգչուհի Գոհար Հակոբյանը կատարում է ոչ միայն դասական ստեղծագործություններ, այլև սիմֆո-փոփ գործեր, ինչպես նաև կինոերաժշտություն: Նա նշում է, որ սիմֆո-փոփ ժանրն այդքան էլ մեծ ժողովրդականություն չի վայելում Հայաստանում: Հիմնականում սիմֆո-փոփ գործեր հեղինակել է կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը: Երգչուհին հույս ունի, որ ժանրը ժողովրդականություն կվայելի նաև մեր երկրում, և այդ ժանրով գործեր կատարող հայ արտիստները հնարավորություն կունենան հանդես գալ միջազգային հարթակներում, մասնակցել հեռուստատեսային միջազգային մրցույթների: 
 
Նշենք, որ Գոհար Հակոբյանը ներկայումս բնակվում է Մինսկում: 2010-16 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Նելլի Փիրումովայի դասարանում: Կոնսերվատորիան ավարտել է գերազանցությամբ: Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է: Հատկանշական է, որ նա 2016-ին իր հայրենիքում դարձել է Գյումրիի «Վերածնունդ» միջազգային մրցույթի դափնեկիր: 
 
Երգչուհին Via-Goar երաժշտական կոլեկտիվի անդամ է.կոլեկտիվում նվագում են Բելառուսի առաջատար երաժիշտները: 2017-ին Բելառուսում տեղի է ունեցել Գոհար Հակոբյանի առաջին մենահամերգը: Այն կրում էր «Музыка души» խորագիրը, և անցավ մեծ հաջողությամբ: 
 
Այս տարվա սկզբին էլ Բելառուսի պետական ֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավարի առաջարկությամբ անցկացվեց երգչուհու երկրորդ մենահամերգը: Ներկայացվեցին իտալացի, ավստրիացի, ռուս և հայ կոմպոզիտորների գործեր, ինչպես նաև կինոերաժշտություն: Ներկայումս Հակոբյանը Բելառուսի պետական ֆիլհարմոնիայի հրավիրյալ արտիստն է: 
 
Առաջիկայում Գոհար Հակոբյանն ու Նարինե Զարիֆյանը հանդես կգան համատեղ այլ ձեռնարկներով: Գոհարը նաև իրեն կդրսևորի հանրահայտ վոկալ մրցույթներում: Երգչուհու ծրագրերում է առաջիկայում լսումներ անցնել Բելառուսի Մեծ թատրոնում: 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play