«Հեղափոխությունն ինչ-որ պահից վերածվեց ոչ հեղափոխական փոփոխությունների շարանի». Հայկ Մարտիրոսյան
17-12-2018 13:11:26 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Քաղաքագետներն ու փորձագետները շարունակում են գնահատել կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները: ԳԱԼԱ-ն զրուցել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ:
-Պարո՛ն Մարտիրոսյան, արտահերթ ընտրություններն, ըստ Ձեզ, եղա՞ն ՀՀ պատմության մեջ ամենից ազատը, արդարն ու թափանցիկը, ինչպես նշվում էր մինչ դեկտեմբերի 9-ը: Խորհրդարան անցան «Իմ քայլը», ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը». արդյունքները սպասելի՞ էին Ձեզ համար:
- Ազատ, արդար ու թափանցիկ լինելու առումով՝ այո՛: Բայց մի վերապահում ունեմ. կարծես արդար չէր, որ որոշ նոր ուժեր խորհրդարան չմտան: Դրա փոխարեն տարօրինակ արդյունք արձանագրվեց ՀՀԿ-ի պարագայում: Թեպետ վերջինս անցողիկ շեմը չհաղթահարեց, սակայն ընտրողների կողմից այդքան ձայն տալն էլ տարօրինակ էր: Կարծես մեր հասարակության մի զգալի հատված դեռևս բավարար քաղաքական գրագիտություն չունի: Ընդհանուր առմամբ, շատ բնական էր հետհեղափոխական շրջանում «Իմ քայլի» նման հաջողությունը: Միևնույն ժամանակ ակնկալվում էր, որ այլ ուժեր ևս պետք է անցնեին, այն, ինչ ակնկալվում է և տեղի չի ունենում, առավել անբնական է այս պարագայում: Մնում է հուսալ, որ հաջորդ ընտրություններում ժողովուրդն ավելի լուրջ որոշումներ կկայացնի:
- Ի՞նչ ակնկալիքներ ունեք 7-րդ գումարման խորհրդարանից, այն ի՞նչ որակներ կունենա, այնտեղ կլինի՞ կոշտ ընդդիմություն:
-Դատելով խորհրդարան անցած անուններից՝ 7-րդ գումարման խորհրդարանի որակն անհամեմատ բարձր կլինի նախկինից, բայց անվերապահորեն անվանել բարձրորակ խորհրդարան չենք կարող: Այսինքն՝ համեմատության մեջ, այո՛, ավելի որակյալ է, բայց սա ինչ-որ առումով նաև հնի շարունակությունն է: Բանն այն է, որ մի շարք դեմքեր, ովքեր ոչնչով ու նաև ոչ մի լավ բանով աչքի չեն ընկել, անկարող են պատգամավորի պարտականություններ կատարել, այնուամենայնիվ, մանդատ են ստանալու: Հեղափոխությունն ինչ-որ պահից վերածվեց ոչ հեղափոխական փոփոխությունների շարանի: Դրա արդյունքն այն է, որ չունեցանք հեղափոխական, արմատական կտրուկ և խորքային փոփոխություններ, ընդ որում՝ ո՛չ քաղաքական ուժերի և ո՛չ էլ կադրերի առումով: Եվ դա բացթողում է, և դրա տխուր արդյունքը նոր իշխանությանը դեռ երկար է հետապնդելու: