ԱԺ-ում 2 ազգիս եմ ներկայացնելու՝ հայերին և եզդիներին․ ԱԺ նորընտիր պատգամավոր Ռուստամ Բաքոյան


ԱԺ-ում 2 ազգիս եմ ներկայացնելու՝ հայերին և եզդիներին․ ԱԺ նորընտիր պատգամավոր Ռուստամ Բաքոյան

  • 17-12-2018 16:49:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Իմ քայլը» դաշինքից որպես ազգային փոքրամասնության (եզդի ազգից) պատգամավոր ընտրված Ռուստամ Բաքոյանը երկար տարիներ աշխատել է հասարակական ոլորտում՝ բարձրաձայնելով իր համայնքի խնդիրները։ Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ գնաց խորհրդարանական դառնալու ճանապարհով, որպեսզի այլ միջազգային հարթակներից հնարավորություն ունենան պաշտպանել եզդի ազգի շահերը։ Նրա գնահատմամբ՝ պատգամավորական լիազորությունները կամ քաղաքական ասպարեզում գտնվելը տալիս են գործունեության ավելի լայն հնարավորություններ։
 
«Հայաստանից դուրս որոշակի կապերի միջոցով կկարողանամ ավելի բարձր ամբիոններից բարձրաձայնել ամբողջ եզդի ազգի խնդիրները։ Մենք մեծ ցավ ունենք։ 
Վստահ եմ՝ գիտեք, որ եզդիները 2014 թվականին ենթարկվեցին ցեղասպանության, ու մինչև օրս հազարավոր եզդիներ վատ դրության մեջ են՝ զրկված են իրենց տներից, առևանգված և այլն։ Կկարողանամ այս ու շատ այլ հարցեր հավուր պատշաճի ներկայացնել։ Ամենից առաջ իմ նպատակը ազգիս օգտակար լինելն է»,- ասաց նա։
 
Միևնույն ժամանակ Ռուստամ Բաքոյանը նկատեց, որ ինքը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր է, և շեշտեց, որ ինքը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ներկայացուցիչն է լինելու ԱԺ-ում․
 
«Իմ ուշադրության կենտրոնում, իհարկե, առաջնային լինելու է եզդիական համայնքը, քանի որ բոլորն էլ գիտեն՝ որպես ազգային փոքրամասնություն՝ մենք մի փոքր ավելի նուրբ ենք, ավելի խոցելի։ Սրանից դուրս պետք է արձանագրեմ, որ ես, ինչպես իմ ելույթներից մեկի ժամանակ ասել եմ, եթե հայ պատգամավորի համար միայն հայի խնդիրներն են, ապա ինձ մոտ կրկնակի է՝ ես երկու ազգերիս եմ ներկայացնելու՝ և՛ հայերին, և՛ եզդիներին։ Սա ստիպում է առավել աչալուրջ լինել»,- շարունակեց Բաքոյանը։
 
Նորընտիր պատգամավորը, անդրադառնալով հարցին, թե ինչ խնդիրներ է ունեցել ՀՀ-ում եզդիական համայնքը, որին հնարավոր չի եղել լուծում տալ նախկին՝ ՀՀԿ իշխանության օրոք, որոնք հիմա պետք է բարձրաձայնվեն, նշեց, թե եզդի ազգն ունի երկու մեծ խնդիր, որոնք Հայաստանի իշխանություններով պայմանավորված չեն, այլ  եզդիական համայնքի հետևողական աշխատանքով։
 
«Եթե եզդիներն, իրենց կրոնը թողնելով, դառնում են աղանդավորներ, այստեղ հայաստանյան իշխանությունները մեղավոր չեն, մեր մեջ է խնդիրը։ Գուցե ունեցել են իրենց մեղքի բաժինը, բայց պետք է գիտակցենք՝ մենք մեր անելիքները պետք է կատարենք։ Եթե մենք մոռանում ենք մեր լեզուն, արդյոք սրանում իշխանություննե՞րն են մեղավոր։ Քրդական կազմակերպությունները եզդիների քրդացման գործընթաց վաղուց են սկսել։ Մենք համայնքում լուրջ անելիքներ, քաղաքական ուժերի հետ համագործակցության անհրաժեշտություն ունենք»,- ընդգծեց Ռուստամ Բաքոյանը։
 
Հարցին՝ որպես ԱԺ պատգամավոր՝ բարձրաձայնելո՞ւ է եզդիների ցեղասպանության  ճանաչման հարցը ՀՀ-ի կողմից՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ն այն չի ճանաչել, իսկ ինքը ժամանակին ասել է, որ hայերը բարոյական պարտք ունեն ընդունելու եզդիների ցեղասպանությունը, Ռուստամ Բաքոյանը պատասխանեց․ «Ենթադրում եմ, որ պետք է սկսվեն քննարկումներ համայնքում, ապա ընդհանուր որոշումից հետո դա ներկայացնել քաղաքական ուժերին, որից հետո՝ Ազգային ժողով»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը