Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լիտվայի էկոնոմիկայի նախարարի հետ


Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լիտվայի էկոնոմիկայի նախարարի հետ

  • 18-12-2018 15:55:31   | Լիտվա  |  Մամլո հաղորդագրություն

Դեկտեմբերի 17-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լիտվայի էկոնոմիկայի նախարար Վիրգինյուս Սինկյավիչիուսի (Virginijus Sinkevičius) հետ։ Հանդիպմանը ներկա էր Բալթյան երկրներում «Բիզնես Արմենիա» հիմնադրամի ներկայացուցիչ Ռենա Սարիբեկյանը:
 
 ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են , որ hանդիպմանն անդրադարձ կատարվեց 2019թ․ ընթացքում հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացման ժամկետներին, քննարկվեցին տնտեսական համագործակցության ուղղություններն ու նոր ոլորտներ ներգրավելու հնարավորությունները:
 
Դեսպան Մկրտչյանը նշեց, որ 2019թ. հոկտեմբերին Հայաստանը հյուրընկալելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT 2019), կազմակերպվելու է «DigiTecExpo 2019»-ը, որոնք համաշխարհային մասշտաբով նշանակալի միջոցառումներ են ՏՏ ոլորտում և նշեց, որ լիտվական ընկերություններն ավանդաբար իրենց ակտիվ մասնակցությունն են բերում դրանց: Այդ համատեսքստում նախարար Վիրգինյուս Սինկյավիչիուսն իր պատրաստակամությունը հայտնեց օժանդակելու լիտվական ընկերությունների շրջանում վերոհիշյալ միջոցառումների վերաբերյալ իրազեկվածության ապահովման և մասնակցությունը խթանելու գործում:
 
Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում շարունակել նման ձևաչափով քննարկումները միջկառավարական նիստի անցկացումը կազմակերպելու և գործարար կապերի խթանմանը նպաստելու համար:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն