Բացառիկ իրավիճակ. Պուտինը կանգ է առել Հայաստանի առաջ.lragir.am


Բացառիկ իրավիճակ. Պուտինը կանգ է առել Հայաստանի առաջ.lragir.am

  • 18-12-2018 18:46:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

lragir.am Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ, Հայաստանի հանրության հետ ունի նորորակ աշխատանքի մտադրություն, ինչի համար պետք է գործակցել թե քաղաքական, թե քաղաքացիական ուժերի հետ:
 
Դեսպան Կոպիրկինի ասուլիսն իսկապես հետաքրքիր էր, հատկապես որ հաջորդել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարությանը, որը մեծ աղմուկ էր բարձրացրել Հայաստանում: Խոսքը կենսալաբորատորիաների շուրջ հայ-ռուսական համաձայնագրի մասին է, թեեւ աղմուկն ինչպես հայտնի է ավելի շատ թելադրվել էր այն հանգամանքից, որ հայկական մեդիատարածությունում Լավրովի խոսքը ներկայացվել էր առանց կենսալաբորատորիաների շեշտադրման, թողնելով ամբողջական Հայաստանին առնչվող համաձայնագրի մասին հայտարարության տպավորություն:
 
Հայաստանում ՌԴ դեսպանի շփումը լրատվամիջոցների հետ, եւ հատկապես ասուլիսը, այն էլ բավական աղմկոտ շրջանում՝ կա նաեւ Գյումրիի ռուսական ռազմակայանի զինծառայողի հնարավոր մասնակցությամբ ողբերգության հանգամանքը, գրեթե բացառիկ երեւույթ է: Ավելին, դեսպան Կոպիրկինը, որը նոր է նշանակվել, ասուլիսի ընթացքում խոշոր հաշվով չի արել Հայաստանի հանրության համար վրդովեցնող հայտարարություններ, տալով միանգամայն կոռեկտ պատասխաններ:
 
Իհարկե հարց է առաջանում, թե ինչպես կարող էր լինել այլ կերպ, երբ խոսքը դիվանագետի մասին է, այդուհանդերձ Հայաստանի հանրությունը գիտե այդօրինակ դեպքեր, օրինակ տխրահռչակ Վոլինկինի կատարմամբ:
 
Այդուհանդերձ, արդյոք դա նշան է, որ Ռուսաստանը փոխում է քաղաքականությունը եւ Հայաստանի հետ հարաբերվելու ձեւն ու բովանդակությունը: Միամտություն է կարծել, թե մեկ ասուլիսը բավարար հիմք է այդօրինակ եզրահանգման համար:
 
Առավել եւս, որ դեսպանն օրինակ ասուլիս է տալիս, իսկ դեսպանի ասուլիսից օրեր առաջ Երեւանում բացվում է մի Լազարյան ակումբ, որի հավաքին հրավիրված են մարդիկ, որոնք տարբեր առիթներով ուղղակի վիրավորական մոտեցումներ են արտահայտել Հայաստանի նկատմամբ: Աջ ձեռքը չգիտե՞, թե ինչ է անում ձախը: Լազարյան ակումբի հիմնադիր Զատուլինն էլ մինչ այդ խոսել էր, թե ակումբը պետք է հայ-ռուսական հարաբերությանը նոր շունչ հաղորդելու համար:
 
Ինչպես է հնարավոր նոր շունչ հաղորդել հին մարմիններով:
 
Չի բացառվում նաեւ, որ Ռուսաստանի դեսպանի ասուլիսը Լազարյան ակումբի մեկնարկի ակնառու տապալման յուրօրինակ խոստովանություն է:
 
Մյուս կողմից, սակայն, պակաս նկատելի չէ այն, որ բարձրաձայնելով հարաբերության նոր բնույթի եւ որակի անհրաժեշտության մասին, ռուսական կողմն այդուհանդերձ շարունակում է լինել անհարմարավետ շփոթվածության մեջ՝ Հայաստանում տեղի ունեցածից հետո:
 
Այդ իմաստով կա բավական հետաքրքիր իրավիճակ: Հայաստանում հանրության մի մասը կասկածում է Հայաստանի նոր իշխանությանը, գրեթե բաց տեքստով համարելով հեղափոխությամբ մոսկովյան «դրածո» ուժ, եւ Ռուսաստանում քաղաքական, փորձագիտական, մեդիա հանրության մի մասն է կասկածում Հայաստանի նոր իշխանությանը՝ արեւմտյան «դրածո» լինելու համար:
 
Ընդ որում, երկուստեք այդ կասկածներում կա թե անկեղծ մտահոգությամբ թելադրվածը, թե իհարկե քաղաքական հաշվարկը, որով փորձ է արվում ինչ-ինչ նպատակի հասնելու համար ստեղծել նենգափոխված իրականություն: Միաժամանակ կա նաեւ իրողությունների կարծրատիպային, միագիծ ընկալման հանգամանքը, չնայած այն բանին, որ աշխարհը ներկայում բոլոր առումներով փոխվում է գրեթե ամեն օր, եւ ըստ այդմ փոփոխվում է խնդիրների ու հնարավորությունների միջավայրը:
 
Օրինակ, կարող է արձանագրվել արտահերթ ընտրությունից հետո Փաշինյանին Պուտինի չշնորհավորելու փաստը, եւ գործնականում ամենատարբեր դիրքորոշում ունեցողները միակարծիք են այդ փաստի այն կետում, որ դա հայ-ռուսական հարաբերության խնդրի դրսեւորում է, Հայաստանի դեմ կատարվող քայլ:
 
Եթե դա այդպես է, ապա ենթադրվում է, որ նախկին շնորհավորանքները Հայաստանին ցուցաբերվող աջակցության վկայություն էին: Այստեղ մոտեցումները բաժանվում են, որովհետեւ մի մասը համարում է, որ Ռուսաստանը Հայաստանին աջակից չէ, դաշնակից չէ, եւ հայ-ռուսական հարաբերությունը եղել է վասալային:
 
Իսկ այդ դեպքում հարց է առաջանում, ինչու՞ են նաեւ այդպես գնահատողները խնդիր համարում Պուտինի չշնորհավորելը, համարում Հայաստանից դժգոհության դրսեւորում: Չէ՞ որ նախկին անհապաղ շնորհավորանքները սեփականատիրություն էին դրսեւորում, ոչ թե դաշնակցություն: Հետեւաբար ներկայում շնորհավորանքի բացակայությունը խորքային առումով խնդրի կամ դժգոհության առկայություն չէ: Պարզապես պարզ չէ, թե ինչ է հաջորդելու շնորհավորանքին: Նախկինում դա պարզ էր, հիմա պարզ չէ: Եվ շնորհավորանք չկա, որովհետեւ պարզ չէ, թե ինչ է լինելու հաջորդ քայլը: Իսկ Պուտինն ընկերոջ ծնունդը չէ, որ շնորհավորելու է, այլ շնորհավորելու է մի պետության լեգիտիմ ղեկավարին, որի հետ կան բազմաթիվ ընդհանուր շահեր, միաժամանակ նաեւ բազմաթիվ էական խնդիրներ: Ըստ այդմ շնորհավորանքը դառնում է պետական քաղաքականության տարր, որը ենթադրում է պատասխանատվության իր բաժինը:
 
Գործնականում առաջին անգամ Ռուսաստանը խորհում է Հայաստանի հանդեպ քայլի պատասխանատվության շուրջ, թեկուզ փոքր քայլի:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը