Պուտինը Փաշինյանին ասել է, թե ինչ են պատրաստ անել


Պուտինը Փաշինյանին ասել է, թե ինչ են պատրաստ անել

  • 27-12-2018 19:01:25   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճում է, հարկավոր է պահպանել այդ շարժընթացը, ինչպես նաև այլ ուղղություններով երկու երկրների միջև փոխգործակցությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Մոսկվայում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
 
Փաշինյանին Կրեմլում ողջունելով՝ Պուտինը նշել է, որ դա վարչապետի պաշտոնակատարի առաջին այցն է ՌԴ՝ հանրապետության ընտրություններում նրա կուսակցության հաղթանակից հետո:
 
 
«Ցանկանում եմ ձեզ հաջողություն մաղթել, հաջողություն բոլոր ծրագրերի իրականացման գործում, որոնք դուք դրել եք ձեր թիմի առջեւ` հանուն Հայաստանի եւ հայ ժողովրդի բարօրության», – ասել է Ռուսաստանի նախագահը:
 
«Մեր հարաբերությունները պետք չէ բնութագրել. դրանք իսկապես դաշնակցային հարաբերություններ են, որոնք ներառում են բավական մեծ բովանդակություն»,- ասել է ՌԴ նախագահը։ Նա, մասնավորապես, նշել է, որ Ռուսաստանը պահպանում է առաջին տեղը օտարերկրյա պետությունների հետ Հայաստանի արտաքին տնտեսական համագործակցության մեջ. երկկողմ շրջանառությունը 2017 թվականին աճել է գրեթե 30 տոկոսով։
 
«Այս տարվա ինն ամիսներին [ապրանքաշրջանառությունն] աճել է ևս 17,5 տոկոսով։ Շարժընթացը լավն է, պետք է այն պահպանել»,- ընդգծել է ՌԴ նախագահը։ Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է անել իրենից կախված ամեն ինչ՝ Երևանի հետ հարաբերությունների նման մակարդակը պահպանելու համար, ընդ որում՝ ոչ միայն տնտեսական ոլորտում, այլև այլ ուղղություններով, մասնավորապես, անվտանգության ապահովման ոլորտում։
 
«Ընդհանուր առմամբ, մենք ունենք հարուստ, հագեցած օրակարգ»,- եզրափակել է Վլադիմիր Պուտինը։
 
Հանդիպման ընթացքում Պուտինը նշել է, որ Մոսկվան եւ Երեւանը պետք է համագործակցեն անվտանգության ոլորտում՝ ՀԱՊԿ-ի եւ այլ ինտեգրացիոն միությունների գծով:
 
Իր հերթին Փաշինյանը հաստատել է, որ Հայաստանը մտադիր է բոլոր ուղղություններով զարգացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ, դրականորեն է տրամադրված ԵՏՄ շրջանակներում ինտեգրացիայի հարցում։ Նա Պուտինին  հրավիրել է 2019թ․ պաշտոնական այցով գալ Հայաստան։ «Մենք նույնպես Ձեզ հաջորդ տարի պաշտոնական այցով սպասում ենք Հայաստանում, եւ դա նույնպես մեզ համար շատ հաճելի կլինի»,- Պուտինի հետ Կրեմլում հանդիպման ժամանակ հայտարարել է Փաշինյանը։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play