Վերաքննիչ դատարանը մերժել է Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործով դատավոր Արթուր Մկրտչյանի ինքնաբացարկի միջնորդությունը.«Արմենպրես»


Վերաքննիչ դատարանը մերժել է Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործով դատավոր Արթուր Մկրտչյանի ինքնաբացարկի միջնորդությունը.«Արմենպրես»

  • 14-01-2019 18:53:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ գործի քննությունը նախագահող դատավոր Արթուր Մկրտչյանի ինքնաբացարկի միջնորդությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:
 
«Դատարանը պատճառաբանել էր, որ փաստաբան Արամ Օրբելյանի հետ իր կապերը այդքան մոտ չեն, որպեսզի դա ազդի իր անաչառության վրա»,- ասաց Ալումյանը:
 
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  պաշտպանները դատավոր Արթուր Մկրտչյանին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել ` հիմք ընդունելով պաշտպաններից Արամ Օրբելյանի` դատավորի հետ ընկերական հարաբերություններ ունենալը:
 
Մեղադրանքի կողմը առարկել էր միջնորդությանը, նշելով, որ Արամ Օրբելյանը և նախագահող դատավորը ընկերներ չեն:
 
Դատավոր Նելլի Բաղդասարյանի՝ դատախազների և քննիչի միջնորդությունը բավարարելուց և ինքնաբացարկ հայտնելուց հետո կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննարկումը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին, սակայն դատավոր Գրիգորյանը հունվարի 12-ին նույնպես ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, որ իր հերթը չի եղել, բայց գործն իրեն է մակագրվել:
Այդ ամենից հետո գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին, որին ևս ինքնաբացարկի միջնորդություն կներկայացվի:
 
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են դեռևս նախորդ տարի՝ դեկտեմբերի 26-ին, և դատարանին խնդրել են որոշել սահմանվող գրավի չափը:
 
Դատարանը միևնույն ժամանակ կքննի նաև Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը