«Ճանապարհ դեպի տուն» մանկապատանեկան ներկայացումից հետո բազմաթիվ փոքրիկների ամանորյա նվերներ բաժանվեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
15-01-2019 12:28:47 | Հայաստան | Բարեգործություն
Հավատալ սուրբծննդյան հրաշքին և բարին գործել բոլորի հանդեպ: Ահա այն երկու կարևոր ուղերձները, որոնք ոչ միայն հեքիաթներում ու ներկայացումներում, այլև իրական կյանքում կօգնեն գտնել դեպի երկնային տուն տանող ճանապարհը:
Ամանորի և Սբ. Ծննդյան տոներին կապակցությամբ Հայ Ավետարանչական կենտրոնի դահլիճը երկու օր լեփ-լեցուն էր: «Հայասա» թատերախմբի «Ճանապարհ դեպի տուն» ներկայացումը դիտելու էին եկել բազմաթիվ փոքրիկներ և նրանց ծնողներ:
«Ավետարանչական ընկերակցությունը Հայաստանյաց Ավետարանական եկեղեցու հետ համատեղ ամեն տարի Սբ. Ծնունդի առիթով միջոցառումներ է կազմակերպում ամբողջ Հայաստանում և Արցախում: Սա այդ միջոցառումներից մեկն է: Այս ներկայացումը հեքիաթային պատմություն է Սբ. Ծնունդի հրաշքի հետ կապված, բայց հիմնական թեման այն է, որ Սբ. Ծնունդի առիթով, բայց ամբողջ տարվա ընթացքում մենք կօգնենք միմյանց»,- «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ ամբողջ տարվա ընթացքում Հայաստանի և Արցախի շուրջ 45 բնակավայրերում 70-ից ավելի միջոցառումներ են կազմակերպել հատուկ փոքրիկների համար, իսկ դրանց ավարտին շուրջ 10000 երեխաներ ստացել են նվերներ:
«Մենք պարբերաբար Սբ. Ծնունդի կապակցությամբ ներկայացումներով և տարբեր միջոցառումներով մանուկներին, պատանիներին ներկայացնում ենք փրկության լուրը, և նաև նվերներ ենք կազմակերպում, որ ստանան»,- նշեց «Քրիստոնեական դաստիարակության» տնօրեն Ավետիք Խաչատրյանը:
Անդրադառնալով «Հայասա» թատերախմբի փոքրիկ դերասաններին՝ Ավետիք Խաչատրյանը նկատեց, որ երեխաները մեծ սիրով ու հետաքրքրությամբ են յուրացնում թատերական արվեստի հմտությունները, ինչով էլ պայմանավորված է նրանց պրոֆեսիոնալ խաղը բեմի վրա:
«Ճանապարհ դեպի տուն» ներկայացման ավարտին մանուկներին ողջունեց Ձմեռ պապը և հանձնեց գեղեցիկ փաթեթավորված նվերներ: