ՌԴ հայազգի քաղաքացիների հարցն ու ռուս-ադրբեջանական հարաբերությունները

15-01-2019 14:31:59   | Հայաստան  |  Վերլուծություն
 


Վերջին օրերին Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունների միջև առաջացած լարվածությունը որոշակի լույս է սփռում երկու երկրների հարաբերությունների բնույթի վրա։
Լարվածությունը ստեղծվեց հունվարի 11-ին՝ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ասուլիսի ժամանակ, երբ վերջինս անդրադարձավ Ադրբեջանում հայկական ծագմամբ ՌԴ
քաղաքացիների ունեցած խնդիրներին։
Մինչ այդ՝ դեռ ամանորյա տոներից առաջ, ՌԴ քաղաքացի Քրիստինա Գևորգյանը Ֆեյսբուքում գրառում էր արել այն մասին, որ Բաքվի օդանավակայանում իրեն թույլ չեն տվել մուտք գործել երկիր, ուղեկցել են սպասասրահ, որտեղ 13 ժամ շարունակ պահել են՝ չտալով որևէ բացատրություն։ Բացի Քրիստինայից, նույն սպասասրահում եղել են հայկական ազգանուններով այլ ՌԴ քաղաքացիներ ևս, որոնց մուտքն Ադրբեջան նույնպես արգելվել էր։ Իր գրառման մեջ Գևորգյանը նշել էր Ադրբեջանում ՌԴ դեսպանությանը և ՌԴ ԱԳՆ-ին՝ հույս ունենալով ստանալ նրանց կարծիքը ստեղծված իրավիճակի մասին։
 
Մարիա Զախարովան, ըստ այդմ, հունվարի 11-ի ասուլիսին, պատասխանելով լրագրողի հարցին, նշում է, որ սա ՌԴ քաղաքացիների նկատմամբ նման խտրականության առաջին դեպքը չէ։ «Սա այս համատեքստում ՌԴ քաղաքացիների նկատմամբ ազգային պատկանելիության պատճառով խտրական քաղաքականության առաջին դեպքը չէ։ Եթե խոսենք վիճակագրության մասին, ապա անցած տարի մեզ հայտնի է դարձել առնվազն 16 դեպքի մասին, երբ ՌԴ քաղաքացիներին մերժվել է մուտք գործել Ադրբեջան էթնիկական պատկանելիության պատճառով»,- մասնավորապես, ասել է Զախարովան։ Վերջինս նաև նշում է, որ նման փաստերը հանդիսանում են ՌԴ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտում և հակասում են ռուս-ադրբեջանական Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին պայմանագրի (1997 թվական), քաղաքացիների առանց վիզայի այցելությունների վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի (1997 թվական) և Բարեկամության և ռազմավարական համագործակցության մասին հռչակագրի (2008 թվական) ոգուն ու տառին։
Բացի դա, Զախարովան նաև հայտնում է, որ Ադրբեջանի ղեկավարության հետ վերջին շփումների ընթացքում ռուսական կողմը ստացել է հավաստիացումներ, որ իրավիճակը կշտկվի։
Զախարովայի այս մեկնաբանությանն ադրբեջանական կողմի պատասխանը երկար սպասել չի տալիս։ Արդեն հունվարի 12-ին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի պաշտոնակատար Լեյլա Աբդուլաևան հանդես եկավ բավական նյարդային հայտարարությամբ, որում Զախարովային մեղադրեց ռուս-ադրբեջանական ռազմավարական հարաբերություններին ոգուն չհամապատասխանող հայտարարություններ անելու մեջ։ Աբդուլաևան իր մեկնաբանությունում հիշեցրեց Հայաստանի կողմից իրականացվող «ագրեսիայի» մասին և ընդգծեց, որ Ադրբեջանը միշտ բաց է ռուսաստանցիների համար։
Ավելի կարևոր են, սակայն, Աբդուլաևայի արած մյուս հայտարարությունները։ Վերջինս, մասնավորապես, ընդգծում է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները սահմանվում են ոչ թե արտգործնախարարությունների, այլ երկրների նախագահների կողմից։ Աբդուլաևայի խոսքով, հայ-ռուսական հարաբերություններում առկա լուրջ խնդիրների ֆոնին ռուս-ադրբեջանական հարաբերությունների հաջող զարգացումն անհանգստացնում է ՌԴ ԱԳՆ-ում կոնկրետ անձանց, որոնք էլ «ուռճացնում են» մասնավոր դեպքերը։ Բացի դա, ադրբեջանական կողմի խոսնակն անընդունելի է համարում Զախարովայի հայտարարությունը, թե ադրբեջանական ղեկավարությունը հավաստիացրել է, որ կշտկի ստեղծված իրավիճակը։ Աբդուլաևայի խոսքով, այդպիսի ձևակերպումը չի կարող տեղ ունենալ իրավահավասար հարաբերություններում։
Հարկ է նաև նշել, որ նույն հունվարի 12-ին հայտնի է դառնում, որ Ադրբեջանից վտարվել են ՌԴ 9 քաղաքացիներ՝ քրիստոնեական քարոզչություն իրականացնելու համար։ Թեև այս փաստն ուղղակիորեն չի կապվում վերոնշյալ իրադարձությունների հետ, այնուամենայնիվ, ՌԴ 9 քաղաքացիների արտաքսումը հենց այս պահին և այս հանգամանքներում, մեղմ ասած, ուշագրավ է։
Այսպիսով, մենք ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունները հանդես են գալիս միմյանց հասցեին սուր քննադատություններով և մեղադրանքներով,
ինչը, սակայն, մեծ հավանականությամբ, որևէ լուրջ ազդեցություն չի ունենա երկկողմ հարաբերությունների վրա։ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների բնույթն ու որակը կախված է միմիայն երկու երկրների ավտորիտար ղեկավարների շփումներով և այդ ֆոնին ավելի ցածր օղակները, օրինակ՝ արտգործնախարարությունները, կարող են և ուզածին չափ կոշտ հայտարարություններով հանդես գալ միմյանց հասցեին։ Արդյունքում, սակայն, այդ հարաբերությունները պակաս կանխատեսելի են դառնում այլ խաղացողների, օրինակ՝ Հայաստանի համար, քանի որ առաջին հայացքից աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային հարցերը կարող են պայմանավորված լինել առաջնորդների անձնական պայմանավորվածություններով։ Դե իսկ ինչ վերաբերում է հայազգի ՌԴ քաղաքացիների իրավունքներին, ապա այդ հարցը, ըստ ամենայնի, կմնա ԱԳՆ խոսնակների «փոխհրաձգությունների» մակարդակում և երբեք չի «փչացնի» առաջնորդների լավ հարաբերությունները։
Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 858 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար