21-րդ դարում Հայաստանի համայնքային գրադարաններում անգամ մեկ համակարգիչ չկա.Մադլեն Հովսեփյան


21-րդ դարում Հայաստանի համայնքային գրադարաններում անգամ մեկ համակարգիչ չկա.Մադլեն Հովսեփյան

  • 15-01-2019 14:49:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 Խնկո Ապոր անվան ազգային մանկական  գրադարանի գիտքարտուղար Մադլեն Հովսեփյանի  խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Համայնքային  գրադարանների ներկան եւ ապագան. զարգացման հեռանկարները»  թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ
 
21-րդ դարը տեխնոլոգիական դար է , ավտոմատացման ծրագրերից են խոսում, իսկ Հայաստանի համայնքային գրադարաններում  անգամ մեկ համակարգիչ  չկա:  Գյուղական գրադարաններ կան, որ տարվա մեջ անգամ մեկ գրքով չեն համալրվում: Ելքային գրականությունը ավելի շատ է, քան՝ մուտքայինը: Մաշված գրականությունը  դուրս է գալիս շրջանառությունից, նոր գրքեր չեն ստացվում: Նախկինում շատ լավ ֆոնդեր են ունեցել գրադարանները եւ այսօր մենք միայն դրա հաշվին ենք կարողանում շարունակել աշխատել: Բայց այդ գրքերը արդեն շատ հնամաշ են, ուզում ես դարակից հանել՝ մասնատվում է: Այս խնդիրների լուծման համար ֆինանսական ներդրումներ ու լուրջ մոտեցում է պահանջվում: 21-րդ դարում ենք ապրում, բայց գրադարանավարները  ընթերցողական թերթիկները  թելը ու ասեղով են կարում: Իսկ գրադարանները կենդանի օրգանիզմ են…
 
Տարիների ընթացքում կրճատվել է եւ գրադարանների թիվը, եւ գրադարանավարների հաստիքները: Էական է նաեւ կադրերի հարցը, մասնագիտական կրթություն չունեցող մարդը ինչպե՞ս կարող է այդ գործով զբաղվել: Ես շատ եմ շփվում տարբեր գրադարանների աշխատողների հետ եւ տեսնում եմ մի խնդիր եւս,  շատ գյուղապետեր, քաղաքապետեր իրենց ծանոթներին են ընդունում աշխատանքի, կիսում են հաստիքը: Մարդիկ 26 հազար դրամ են ստանում ընդամենը, ի՞նչ պահանջես այդ մարդուց: Համայնքներ կան,  որ կես դրույքով աշխատող են պահում: Գրադարանավարը մինչեւ օրվա կեսն է աշխատում, այդ մոտեցմամբ ինչպե՞ս կարելի է գրադարան պահել, ընթերցող ունենալ:
Կարեւոր է, նաեւ, որ գրադարանի աշխատանքները լուսաբանվեն: Չունենք  որեւէ լուսաբանող օղակ: Վերջերս մենք Միջազգային գրադարանների ասոցիացիայից  մի ձեւաչափ էինք ստացել, որտեղ հարց կար՝ արդյոք դուք ունե՞ք գրադարանին վերաբերող հարցերը լուսաբանող  որեւէ թերթ: Միակ օղակը, որ կարող էինք բռնվել  <<Բանբեր Հայաստանին>> էր, որը տարին մի քանի անգամ է առցանց լույս ընծայվում…
Գրադարանների եւ հատկապես համայնքային գրադարաններին վերաբերող հարցերը շատ են, խնդիրները՝ բազմազան: Համակարգային լուծումների անհրաժեշտություն կա: Առաջնահերթ լուծումը Հայաստանի մշակութային քաղաքականության ձեւավորումն է: Ընդգծում եմ՝ ձեւավորումը, ոչ   թե ամրապնդումը:  Կամ գրադարանները պետք է մշակույթի նախարարության ենթակայության տակ լինեն, կամ ՏԻՄ-երը, որոնց ենթակայության տակ են այսօր համայնքային գրադարանները,  պետք է ուժեղ լինեն ու ճիշտ քաղաքականություն վարեն:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն
«Երեւակ» լրատվական- վերլուծական խումբ
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն