Քաղաքապետարանն արել է ամեն ինչ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի շենքի կանգուն մնալու համար. Հայկ Մարության.«Արմենպրես»


Քաղաքապետարանն արել է ամեն ինչ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի շենքի կանգուն մնալու համար. Հայկ Մարության.«Արմենպրես»

  • 15-01-2019 18:48:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի շենքի պատի ամրակայման հետ կապված՝ Երևանի քաղաքապետարանն օրենքով ոչ մի լիազորություն չունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

 

Քաղաքապետն ընդգծեց, որ շենքն իրենից պատմամշակութային արժեք է ներկայացնում և ըստ օրենքի՝ պատմամշակութային արժեք ներկայացնող բոլոր շենքերի պահպանությունը և դրանց հետ կապված բոլոր հարցերը պետք է լուծեն այդ շենքերի սեփականատերերը կամ տնօրինողները:

«Այդ բոլոր գործընթացներին հետևում է նաև մշակույթի նախարարությունը: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի շենքի դեպքում էլ նույն սկզբունքն է  գործում: Մեր իրավասությունների շրջանակում արել ենք ամեն ինչ, որպեսզի այս շենքը կանգուն մնա և մնալու է»,- ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և հավելեց, որ իրենք հոգում են Արամի 23 հասցեի շենքի մասին այնպես, ինչպես մնացած իրենց հոգածության ներքո գտնվող շենքերի մասին:

Երևանի քաղաքապետի խոսքով՝ կարևոր է հասկանալ երկու կազմակերպությունների՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ ասոցիացիա»-ի և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ՀՈԱԿ-ի տարբերությունը: «Հայաստանի փոքրիկ երգիչներ ասոցիացիա»-ն ՀԿ է, որի նախագահը երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանն է, իսկ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ՀՈԱԿ-ը պատկանում է Երևանի քաղաքապետարանին:

«ՀՈԱԿ-ի հարցերով քաղաքապետարանը մշտապես զբաղվել է և զբաղվում է, ասեմ ավելին՝ արդեն մի քանի ամիս է տարածք է տրամադրված այդ ՀՈԱԿ-ին, որպեսզի իրենք շարունակեն իրենց գործունեությունը: Սկզբում տրամադրված էր Աբովյանի անվան դպրոցում, այժմ՝ Ա. Ս. Պուշկինի անվան և Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցում: Այսինքն՝ ՀՈԱԿ-ը նորմալ գործում է այս պահին: Արամի 23 հասցեում գտնվող շինության սեփականատերը «Հայաստանի փոքրիկ երգիչներ ասոցիացիա» ՀԿ-ն է, որի նախագահը պարոն Հեքեքյանն է, այսինքն՝ քաղաքապետարանի ունեցվածքը չէ»,- շեշտեց Մարությանը:

Նրա խոսքով՝ նախորդ իշխանությունների օրոք կառուցապատողին տրվել է շինթույլտվություն, ինչի հիման վրա Մշակույթի նախարարությունն արդեն դիմել է դատախազություն:

«Մենք այսօր դատախազության և բոլոր իրավապահ մարմինների հետ շատ սերտ համագործակցում ենք, որպեսզի հասկանանք՝ եղե՞լ են նորմերի խախտումներ, թե՞ ոչ: Եթե եղել են, բնականաբար, պետք է պատժվեն այն անձինք, ովքեր այդ նորմերը խախտել են»,- ասաց Երևանի քաղաքապետը:

Հարցին, թե ինչո՞ւ պատը չի ամրակայվել, այն դեպքում, երբ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այդ մասին հայտարարել էր, Մարությանը պատասխանեց, որ իրենց լիազորությունները սահմանափակ են:

«Մենք մեր լիազորությունների սահմանում արել ենք ամեն ինչ, հանդիպել ենք կառուցապատող ընկերության գլխավոր ճարտարապետի հետ, քննարկվել է, թե ինչ ամրացումներ կարող են լինել, այդ գործընթացը մշտապես խթանվել է մեր կողմից: Մի տարբերակ արդեն մերժվել է մշակույթի նախարարության կողմից: Երկրորդ տարբերակը ներկայացվել է սեփականատիրոջ կողմից, բայց այդ տարբերակը մենք իրավունք չունենք հաստատելու, որովհետև սեփականատերն ու կառուցապատողը հարաբերությունները պետք է իրար հետ պարզեն»,- ասաց քաղաքապետը:

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը