Սուրեն Պապիկյանը տարեմուտի առաջին խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ

15-01-2019 18:54:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր տարեմուտի առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Ողջունելով գործընկերներին՝ նախարարի պաշտոնակատարը շնորհավորել է նրանց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և մաղթել բեղմնավոր ու արդյունավետ աշխատանքային տարի։
Անցնելով աշխատակարգային հարցերի քննարկմանը՝ Սուրեն Պապիկյանը մարզպետներին կոչ է արել հետևողական և հասցեական մոտեցում ցուցաբերել համայնքների սեփական եկամուտների՝ հողի հարկի և գույքահարկի, հավաքագրման գործընթացի նկատմամբ ու ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ ոլորտում առկա ցուցանիշները բարելավելու և նախորդ տարվա համեմատ 2019 թվականին ավելի բարձր արդյունքներ ապահովելու ուղղությամբ։ Նախարարի պաշտոնակատարը նաև կարևորել է այս նպատակով համայնքապետերի և բնակչության հետ մարզպետների կողմից անհատական աշխատանք տանելու անհրաժեշտությունը։
 

Մի շարք համայնքներում առաջիկայում կայանալիք ընտրություններին ընդառաջ Սուրեն Պապիկյանը մարզպետներին հորդորել է հավուր պատշաճի կազմակերպել ընտրական գործընթացի նախապատրաստական աշխատանքները, բացառել ընտրությունների լեգիտիմության վրա ստվեր նետող ցանկացած դրսևորում՝ հավասար պայմաններ և հնարավորություններ ընձեռելով բոլոր թեկնածուներին։ «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մենք պետք է ստեղծենք հավասար հնարավորություններով այնպիսի մրցակցային դաշտ, որի
պայմաններում համայնքապետ կընտրվի համայնքային հիմնախնդիրներին տիրապետող, դրանց լուծման տեսլականն ունեցող և բնակչության վստահությունը վայելող անձը»,-ասել է նախարարի պաշտոնակատարը։
Սուրեն Պապիկյանը մարզպետներից նաև հետաքրքրվել է սիգի փողոցային առևտուրը դադարեցնելու և համայնքների ղեկավարների հետ համատեղ ստուգայցեր կազմակերպելու առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տրված հանձնարարականի ընթացքի, արձանագրված արդյունքների վերաբերյալ և զուգահեռաբար ընդգծել, որ պետք է խստագույնս վերահսկողություն իրականացնել՝ բացառելով ոլորտում առկա ցանկացած հանցավոր դրսևորում:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել
են նաև օրակարգային հանդիսացող ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման կարգի փոփոխություններին, մարզերում առաջնային լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացման ընթացքին, «Իմ քայլը հանուն մարզի» ներդրումային համաժողովի կազմակերպման աշխատանքների իրականացմանը, նախակրթարաններում և դպրոցներում մարզպետարանների իրավասության շրջանակներում տարվող հակահամաճարակային միջոցառումներին վերաբերող հարցեր։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 404 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար