Գողացված մեքենան ոստիկանները հայտնաբերել են Սեբաստիայի փողոցում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Գողացված մեքենան ոստիկանները հայտնաբերել են Սեբաստիայի փողոցում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 16-01-2019 16:30:20   | Հայաստան  |  Իրավունք



Հունվարի 11-ին, օրը ցերեկով, Շենգավիթ վարչական շրջանում մեքենա էին առևանգել:
Եղբայրության փողոցի շենքերից մեկի մոտ «Օպել» մակնիշի մեքենայի տերը մեքենայի դռները բաց, շարժիչը գործարկված թողնելով` մի քանի րոպեով տուն էր մտել, ինչի ընթացքում էլ կատարվել էր գողությունը...
Կատարվածի վերաբերյալ ժամը 13:40-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ ստացվեց. տեսնելով մեքենան չկա, տուժողը 1-02 էր զանգել: 
 
«Օպելի» գույնը, հաշվառման համարանիշերը ճշտելուց հետո, իրավապահներն անհետաձգելի որոնողական աշխատանքներ ձեռնարկեցին: Կողմնորոշումներ ուղարկվեցին ոստիկանության բոլոր ստորաբաժանումներին: Հարկավոր էր արագ գործել, քանի դեռ կասկածյալը չէր հասցրել թաքցնել մեքենան: Ոստիկանության արտաքին և օպերատիվ ծառայություններից զատ, բացահայտման աշխատանքներին մեծապես կարող էին նպաստել նաև փողոցների տեսահսկող սարքերը, բայց գործը դրան չհասավ:
Մեքենան հայտնաբերվեց բացառապես ոստիկանության ծառայողների արագ փոխգործակցելու և պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ: 
Բաժնի քրեական հետախույզները համագործակցելով Ճանապարհային ոստիկանության, պարեկապահակետային գնդի և Մալաթիայի բաժնի ծառայողների հետ, Սեբաստիայի փողոցում հայտնաբերեցին առևանգված «Օպել» մակնիշի մեքենան և վարորդին մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ ճշտվեց կասկածյալի ինքնությունը` Վերին Շենգավիթի բնակիչ Արսեն Բադալյան:
Նշենք, որ նախկինում գողության, գողության փորձի, կողոպուտի, կողոպուտի փորձի մեղադրանքով դատապարտված Բադալյանը քրեակատարողական հիմնարկից 2018 թվականի նոյեմբերի 7-ին է ազատվել` համաներման ակտով: 
Հետևություններ չէր արել, և հանցավոր ուղին նրան կրկին ոստիկանություն բերեց:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
 
 
 
***
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նոյյան տապան  -   Իրավունք