Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ՊԵԿ-ում աշխատանքից ազատվել է 128 աշխատող. «Արմենպրես»


Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ՊԵԿ-ում աշխատանքից ազատվել է 128 աշխատող. «Արմենպրես»

  • 16-01-2019 17:30:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ ՊԵԿ 128 աշխատակից ազատվել է աշխատանքից կառուցվածքային փոփոխությունների արդյունքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Դեռևս հոկտեմբերի վերջին տեսչական գործունեություն իրականացնող շուրջ 7 վարչությունների աշխատակիցներ, որոնց ընդհանուր թիվը 580 է, ստացել էին կառուցվածքային փոփոխությունների կատարման և դրանցով պայմանավորված հնարավոր կրճատումների վերաբերյալ ծանուցում: Աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցման ժամկետի ավարտը նախատեսված է եղել դեկտեմբերի 22-ին, սակայն այն հետաձգվել ու իրականացվել է Ամանորից հետո»,-ասաց նա:

 

ՊԵԿ նախագահը նշեց, որ  նման փոփոխությունը նաև աշխատակազմի և կատարվող աշխատանքների օպտիմալացման նպատակ է հետապնդում:

«Եթե բյուջեի ստուգումների գործառույթով օժտված էին խոշոր հարկ վճարողների հաշվառման վարչությունը, փոքր և միջին հարկ վճարողների վարչությունը, ապա մենք կենտրոնացրեցինք ստուգումների գործառույթը՝ տեղերում թողնելով ընթացիկ հսկողության գործառույթը, որի արդյունքում նաև կատարեցինք աշխատակազմի օպտիմիզացիա»,- ասաց նա՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր աշխատակցի վերաբերյալ կայացվել  է առանձին որոշում: Արդեն 128 աշխատակից  կրճատվել է, շատ դեպքերում ընտրություն կատարվել է լավի ու լավագույնի միջև:

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը