Արցախում ներդրումների նվազման մտահոգությունները տեղին չեն. Արայիկ Հարությունյան


Արցախում ներդրումների նվազման մտահոգությունները տեղին չեն. Արայիկ Հարությունյան

  • 16-01-2019 17:58:25   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի  «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան  իր էջում անդրադարձել է լրատվամիջոցների տարածած այն տեղեկություններին, թե իբր 2018թ.-ին Արցախում նվազել է ներդրումների ծավալը:  Արայիկ Հարությունյանը կատարել է հետևյալ գրառումը. 
 
«Վերջին օրերին հայկական որոշ լրատվամիջոցներում մտահոգությունների տեսքով տեղեկություններ են տարածվում, որ 2018թ.-ին Արցախում նվազել է ներդրումների ծավալը: Արձագանքելով այսօրինակ ապատեղեկատվությանը՝ որպես առաջին հերթին Արցախի տնտեսական համակարգին քաջածանոթ անձ՝ հայտարարում եմ, որ այդ մտահոգությունները տեղին չեն:
 
Այս իմաստով կանդրադառնամ 2018թ.-ին իրականացված մի շարք ծրագրերի: Մասնավորապես, անցած տարվա ընթացքում միայն հիդրոէներգետիկ ոլորտում սկսվել են 10 նոր փոքր ՀԷԿ-երի շինարարական աշխատանքները, որոնց մի մասը՝ օտարերկրյա կապիտալի ներգրավմամբ: Բացի նշվածից, շահագործման են հանձնվել 5 փոքր ՀԷԿ-եր, և դրանց ընդհանուր ներդրումային արժեքը հասնում է մի քանի միլիարդ ՀՀ դրամի: Կապի և հեռահաղորդակցության ոլորտում, ըստ նախանշված ժամանակացույցի, 2018թ.-ի չորրոդ եռամսյակից սկսած՝ սկսվել է շուրջ 15 մլն ԱՄՆ դոլարի հասնող ներդրումային ծրագրի մեկնարկը: Շինարարության ոլորտում բարեգործական և ներդրումային միջոցներով իրականացվող խոշոր նախագծերի հետ կապված ֆինանսավորման խնդիրներ չկան:  
 
Ի վերջո, տնտեսական տարին Արցախում եզրափակվել է երկնիշ տնտեսական աճով, որը մեկ անգամ ևս փաստում է տնտեսական զարգացման կայուն ընթացքի մասին, իսկ 2019թ.-ի ներդրումային մի շարք խոշոր ծրագրերի վերաբերյալ արդեն հայտարարվել է: Եվ բոլոր այս արձանագրված հաջողությունների հիմքում մեծ է ՀՀ իշխանությունների ծանրակշիռ և գործուն մասնակցությունը:
 
Ի դեպ, ցանկանում եմ վստահեցնել, որ արդեն ստեղծված են բոլոր նախադրյալներն առաջիկա տարիներին ևս Արցախում երկնիշ տնտեսական աճ ապահովելու համար»:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play