Մհեր Ենոքյանի գործի վերաբացման հարցը շրջանցվում է, ուրեմն այդ գործում թաքցնելիք կա. Հրանուշ Խառատյան (Տեսանյութ)


Մհեր Ենոքյանի գործի վերաբացման հարցը շրջանցվում է, ուրեմն այդ գործում թաքցնելիք կա. Հրանուշ Խառատյան (Տեսանյութ)

  • 16-01-2019 19:53:35   | Հայաստան  |  Հասարակություն



Մհեր Ենոքյանի գործի վերաբացման հարցը շրջանցվում է, ուրեմն այդ գործում թաքցնելիք կա: 
 
Այս մասին հունվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ագագրագետ Հրանուշ Խառատյանը՝ անդրադառնալով Մհեր Ենոքյանի ներման հարցի հանրային ընկալումներին:
 
Ըստ նրա՝ հանրությունը քննարկում է բացառապես Մ. Ենոքյանի ներման հարցը՝ անտեսելով Հայաստանի ոչ օրինաչափ գործողություններն առհասարակ: 
 
Հ. Խառատյանի կարծիքով՝ Մ. Ենոքյանի գործը արդարադատության խնդիրը կասկածի տակ դնող, արդարադատությունը վերանայելու պահանջ և հարցադրում է:
 
«Սկզբունքորեն չի դիտարկվում մեր կողմից կասկածելի այդ ժամանակաշրջանում դատարանի կողմից կայացված վճիռներում քննության ընթացքը, դրանց վերաբերյալ երկար ժամանակ հանրությունը տեղյակ է եղել (ոչ միայն Մհեր Ենոքյանի գործով), որ կան կասկածելի հանգամքներում, ուժով վերցված ցուցմունքներ, կա ռեալ, գործի հետ կապ ունեցող երևույթները շրջանցելու, առանց ապացույցների դատավճիռ կայացնելու պրակտիկա և այլն: Եվ մենք հիմա մեզ դուրս ենք դրել Մհերի դեպքում կոնկրետ այս դաշտից, կենտրոնացել ենք միայն ներման, չներման վրա, և իմ կարծիքով դա խնդրի էությունը փոխում է»,- ընդգծեց ազգագրագետը: 
 
Վերջինիս խոսքերով՝ լրջագույն խնդիր կա, թե իսկապես հանրությունն ուզում է 1990-ական թվականներին կասկածի տակ դրվող մի քանի գործեր բացելով ու վերանայելով՝ վերջապես հասկանալ այդ տարիների դատավճիռների իրավունքի, օրինականության և դրա հետևանքների հարցը: 
 
Հ. Խառատյանը գտնում է, որ Մ. Ենոքյանի գործի շուրջ հանրային աղմուկը բարձրացվեց այնտեղից, որտեղից թաքցնելու բան ունեն, մինչդեռ այս գործի վերաբացումը պետք է լակմուսի թուղթ լինի ոչ միայն Մ. Ենոքյանի ու Աղաջանովների ընտանիքի, այլև ողջ հանրության համար: 
 
Ըստ ցմահ դատապարտյալների հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի՝ Հայաստանում մինչ օրս վաղաժամկետ պայմանական ազատման ինստիտուտը չի գործում, մինչդեռ կան բազմաթիվ ցմահ դատապարտյալներ, որոնք 20 տարուց ավելի պատիժ են կրում և չեն կարողանում օգտվել օրենքով նախատեսված իրենց իրավունքից, այն է՝ 20 տարի ազատազրկվելուց հետո ներման ներկայանալ:  
 
«Այստեղ խնդիրը միայն ներումը չէ, ներում են մարդուն, ով մի բան է արել և պատիժ չի կրել ու մենք իրեն պետք է ներենք. Չմոռանանք, 20-25 տարին պատժաչափեր են, որ մարդիկ կրել են նույնիսկ, եթե մեղավոր են եղել, հանցանք են գործել: 20 տարին բավարար է մարդուն զղջալու, ապաշխարելու, փոխվելու համար»,- նկատեց տեր Գրիգորը՝ հավելելով, որ այս խնդիրը հրապարակում կամ փողոցում չէ որ պետք է լուծվի, այլ բացառապես իրավական դաշտում: 
 
Քանդակագործ Վիգեն Ավետիսն էլ հորդորեց  հասարակությանն իր վրա չվերցնել դատավորի կամ դահիճի դերը: 
 
Նրա կարծիքով՝ Մ. Ենոքյանի օրինակը պետք է բուժի հասարակության հոգեբանությունը: 
 
«Հասարկության մեջ թշնամական բևեռներ ստեղծելն ամենավատ բանն  է, վերջ տվեք, թողեք իրավական դաշտը զբաղվի այդ դատապարտյալի արդարացման կամ չազատման գործերով: Ես մտահոգված եմ, սա շոու չի, կենդանի մարդու կյանքի մասին ենք խոսում, եկեք խոհեմ լինենք և հանգիստ թողնենք և մի կողմին, և մյուս կողմին, և մանավանդ Զարուհի Մեժլումյանին»,- նշեց Վ. Ավետիսը: 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play