Ամանորյա նվերներ 2637 երեխայի համար. Վորլդ Վիժն


Ամանորյա նվերներ 2637 երեխայի համար. Վորլդ Վիժն

  • 17-01-2019 17:23:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

736 մարդ մասնակցեց Վորլդ Վիժն Հայաստանի «Գաղտնի Ձմեռ Պապ 2019» (#SecretSanta 2019) արշավին՝ նվիրաբերելով ամանորյա նվերներ Հայաստանի աղքատ ընտանիքներում ապրող 2637 երեխայի համար: Արշավի շրջանակներում նվիրաբերվել է ընդհանուր առմամբ 13,597,000 ՀՀ դրամ: 
 
18 օր տևած արշավին մասնակցեցին նվիրատուներ թե՛ Հայաստանի մարզերից, թե՛ Երևանից և թե՛ արտերկրից:  Տոնական գուլպայի տեսք ունեցող բացիկում նվիրատուները տեսնում էին այն երեխային, ում համար ընտրում էին ամանորյա նվերը Վորլդ Վիժնի կողմից առաջարկվող ցանկից՝ զարգացնող խաղեր, տիկնիկներ, գրքեր, մեքենաներ, կոնստրուկտորներ, գնդակներ և նկարչական պարագաներ: 
 
Նվիրատվական արշավին մասնակցել են Հայաստանում գործող խոշոր, միջին և փոքր բիզնեսներ, ՏՏ ընկերություններ, տեղական և միջազգային կազմակերպություններ, անհատ ձեռներեցներ, պետական կառույցներ, արվեստի գործիչներ և հարյուրավոր սրտացավ անհատներ: Բոլոր նվիրատուները ստացել են անհատական հաշվետվություն-նամակներ նվեր ստացող երեխայի լուսանկարով: 
 
Վորլդ Վիժն Հայաստանը «Գաղտնի Ձմեռ Պապ» արշավն իրականացնում է արդեն երկրորդ տարին: Նախորդ տարվա համեմատ այս տարի հնարավոր է եղել կրկնապատկել թե՛ նվիրատուների և թե՛ նվեր ստացող երեխաների թիվը:  
 
Արշավի շրջանակներում խոշոր նվիրատվություն է կատարել «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն՝ նվիրաբերելով գումար 300 երեխայի ամանորյա նվերի համար: 
 
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նվիրատուներին՝ Հայաստանում ապրող երեխաներին ամանորյա տոն պարգևելու համար:  
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն