Այն, որ խորհրդարանը երիտասարդ է, առավելություն է, ոչ թե թերություն


Այն, որ խորհրդարանը երիտասարդ է, առավելություն է, ոչ թե թերություն

  • 18-01-2019 16:44:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանը
 
Պարոն Վարդանյան, ինչպե՞ս եք գնահատում 7-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստերը։ Հատկապես քննադատվում է այս խորհրդարանը անփորձության, շատ երիտասարդ կադրեր ունենալու համար։
 
Այն, որ խորհրդարանը երիտասարդ է, դա առավելություն է, ոչ թե թերություն, իսկ որ պատգամավորների մեծ մասը փորձառու չէ, դա ժամանակի հետ կշտկվի և, իմ խորին համոզմամբ, 1-2 տարվա ընթացքում պատգամավորները զգալի փորձ և հմտություններ ձեռք կբերեն խորհրդարանական աշխատանքների համար։ Ըստ էության՝ ընդդիմությունը եկել է իշխանության, և սպասելի էր, որ շատ անփորձ պատգամավորներ կհայտնվեն խորհրդարանում։
 
Ըստ Ձեզ՝ «Իմ քայլը» մի խմբակցություն է, որտեղ քվեարկությունները կլինե՞ն ազատ, թե այնպես կլինեն, ինչպես եղավ փոխնախագահի ընտրության ժամանակ։
 
ԱԺ նախագահի տեղակալի ընտրությունը ցույց տվեց, որ ապագայում դժվար թե տարբեր կարծիքներ ունեցող  «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները քվեարկեն տարբեր կերպ։ Միգուցե նրանք տարբեր հարցերի վերաբերյալ ունենան իրար հետ չհամընկնող կարծիքներ, բայց հիմնակում նրանց քվեարկությունը միաձայն կլինի։ Այս իրավիճակը ինչ-որ իմաստով հիշեցնում է ՀՀԿ-ի քվեարկությունները։ Նախկինում էլ ՀՀԿ-ն էր այդպիսի վարքագիծ դրսևորում։ Ես շատ կցանկանայի, որ այս պրակտիկային վերջ դրվեր և միայն ծայրահեղ, խիստ սկզբունքային հարցերում ֆրակցիան միասնական որոշում ընդուներ։ Ես իհարկե չգիտեմ, թե ԱԺ փոխնախագահի ընտրությունը որքանով էր սկզբունքային հարց «Իմ քայլը» դաշինքի համար, բայց կարծում եմ, որ այս հարցում պետք է պատգամավորներին ազատություն տրվեր։
 
Միքայել Մինասյանն իր վերջին հարցազրույցում նշել է, որ ժողովուրդը դեռ ոչ մեկին չի տվել ԱԺ-ում կամ դրանից դուրս ընդդիմություն լինելու իրավունքը, որովհետև իր ընկալմամբ մեր ժողովուրդն այսօր ընդդիմություն ունենալ չի ուզում: Նա նաև նշել է, որ ոչ ԲՀԿ-ն, ոչ «Լուսավոր Հայաստանը» նախընտրական շրջանում չեն խոսել, որ ընդդիմություն են «Իմ քայլին», և ապագայում ընդդիմությունը դատապարտված է ձևավորվել ԱԺ-ից դուրս: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները:
 
Իհարկե, համաձայն չեմ նրա հետ: Նախ և ԲՀԿ-ն, և «Լուսավոր Հայաստանը» դեռևս նախընտրական շրջանում հայտարարել են, որ իրենք լինելու են կառուցողական ընդդիմություն: Ակնհայտ է, որ այդ երկու ուժերը, նաև մյուս կուսակցությունները պայքարում էին ընդդիմության տեղերի համար: Ոմանք շատ կոշտ դիրքերից, ոմանք ավելի կառուցողական, բայց քննադատում էին իշխանություններին: Իսկ խորհրդարանի կազմավորումից հետո տեսնում ենք, որ «Լուսավոր Հայաստանը» շատ հարցերում սուր քննադատում է իշխանություններին: Միգուցե շատ արմատական չեն, շատ ծայրահեղ կեցվածք չեն ցուցաբերում ԼՀԿ-ի պատգամավորները, բայց այն, որ կա քննադատություն իշխանությունների հանդեպ, կան տարբեր առաջարկություններ ու այլընտրանքային ծրագրեր, սա ցույց է տալիս, որ ընդդիմությունն, ընդհանուր առմամբ, իր տեղում է: Իհարկե, հասարակության մեծ մասը իշխանությանն է ընտրել, դա սպասելի էր, բայց եղել են նաև շատերը, որոնք իրենց քվեարկությամբ որոշում էին, թե ինչպիսի ընդիմություն են ուզում տեսել խորհրդարանում: Եղել են նաև ընտրողներ, ովքեր շատ արմատական էին տրամադրված նոր իշխանությունների հանդեպ և ՀՀԿ-ին էին տեսում արմատական ընդդիմության դերում: Այնպես որ, Միքայել Մինասյանի մոտեցումը մի քիչ ծայրահեղական մոտեցում է և չի կարելի ասել, որ հանրությունը միայն իշխանություն էր ընտրում:
 
Ամեն դեպքում, մենք խորհրդարանում կտեսնե՞նք կարծիքների բախում, որակապես ա՞յլ ինստիտուտ է լինելու ընդդիմությունը՝ հաշվի առնելով, որ կառավարության նախագծով նորից «սուպերվարչապետական» համակարգը պահպանվում է: Այստեղ խնդիր չե՞ք տեսնում:
 
Իհարկե, սուպերվարչապետական համակարգի հետ կապված խնդիրներ տեսնում եմ և հույս ունեմ, որ ընդդիմադիր խմբակցություններն իրենց քննադատությամբ և պայքարի այլ մեթոդներով կհասնեն նրան, որ իշխանությունն այս հարցում զիջումների կգնա: Ի դեպ, տարիներ շարունակ մեզ մոտ ձևախեղված են եղել ընդդիմության մասին պատկերացումները: Հիշում եմ` երբ ժամանակին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկարվել էր ՀՀԿ-ի երկու ներկայացուցիչների հետ, որոշ այլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ այդ նկարն էին տարածում և ասում էին՝ տեսեք, Փաշինյանը վաճառված է կամ այլ որակումներ էին տալիս: Հաճախ իսկական ընդդիմադիր էին համարվում նրանք, ովքեր ավելի շատ էին հայհոյում իշխանությանը:
 
Հուսով եմ նաև հանրության գիտակցության մեջ պետք է այդ պատկերացումները փոխվեն: Հասարակությունը պետք է հասկանա, որ այն կուսակցությունները, որոնք լուրջ քննադատության են ենթարկում իշխանություններին, այլընտրանքային ծրագրեր են ներկայացնում, տարբեր հարցերի շուրջ հակադրվում են իշխանություններին, դա հենց դասական ընդդիմությունն է, որը կա բոլոր ժողովրդավարական երկրներում: Անպայման չէ դուրս գալ փողոց, ծայրահեղ քայլերի դիմել, որ լինես լավ ընդդիմություն: Այդ ժամանակները անցել են, և պետք է միայն քաղաքակիրթ միջոցներով պայքարել իշխանությունների դեմ, քանի որ Հայաստանն արդեն անցում է կատարել ավտորիտարիզմից դեպի ժողովրդավարություն, և պայքարի նախկին մեթոդներն արդեն անթույլատրելի են: Նախկինում դա ինչ-որ տեղ հասկանալի էր և հասարակության մի ստվար մասի մոտ նաև ընդունելի, քանի որ թե՛  ընդդիմությունը, թե՛ հասարակությունն ընդհանրապես, չէին կարողանում օրինական միջոցներով իրենց շահերը պաշտպանել և ստիպված գնում էին ծայրահեղ քայլերի, որոնք հասարակության կողմից լեգիտիմացվում էին: Հիմա հասարակությունը չի ողջունում ծայրահեղ քայլերը, և դրա վկայությունը եղավ այն, որ ընտրությունների ժամանակ շատ ծայրահեղ դիրքերից հանդես եկողները չկարողացան անցնել խորհրդարան, իսկ կառուցողական դիրքերից հանդես եկող «Լուսավոր Հայաստանը» և ԲՀԿ-ն հաղթահարեցին անցողիկ շեմը:
 
Նախկինում հենց այսօրվա իշխանությունն էր խնդիր տեսնում սուպերվարչապետական համակարգի մեջ, երբ դեռ ընդդիմություն էր: Ի՞նչն է նրանց հետ պահում փոխել այդ համակարգը, չէ՞ որ արդեն հակահեղափոխության ու ռևանշի վտանգ չկա:
 
Բոլոր իշխանությունների համար գայթակղիչ է ունենալ այդպիսի մեծ լիազորություններ, բայց նրանք պետք է նաև հասկանան, որ եթե ուզում են Հայաստանը դարձնել ավելի ժողովրդավարական երկիր, ապա այդ սուպերվարչապետական համակարգից պետք է հրաժարվեն, մանավանդ որ ժամանակին «Ելք»-ը շատ խիստ քննադատել է այդ համակարգը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play