Խորհրդարանն սկսում է ապամոնտաժումը. չէին սպասում


Խորհրդարանն սկսում է ապամոնտաժումը. չէին սպասում

  • 18-01-2019 17:49:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Նոր  խորհրդարանը փաստացի ավարտեց նախագահության ու հանձնաժողովների նախագահների ընտրության գործը եւ այժմ սկսում է ամբողջությամբ գործնական աշխատանքի ձեռնամուխ լինելու փուլը: Նախօրեին Իմ քայլը դաշինքի պատգամավոր Վարազդատ Կարապետյանը, որը ընտրվել է ՏԻՄ հանձնաժողովի նախագահ, հորդորեց խորհրդարանականներին արագ ավարտել քաղաքական համաձայնությամբ կայացված որոշումների իրականացումը եւ ձեռնամուխ լինել արդեն առարկայական աշխատանքի, քանի որ հանրությունը սպասում է արագ գործողությունների:
 
Վարազդատ Կարապետյանին ծափահարեցին այդ անկեղծության եւ ռացիոնալության համար: Օգնե՞ց դա արագանալուն, թե՞ անկախ դրանից էլ ավարտելու էին այն ժամանակում, որում ավարտեցին, սակայն հանրությունը նոր խորհրդարանից իսկապես սպասում է դինամիկ աշխատանք, արագություն, միաժամանակ իհարկե նաեւ ռացիոնալ որոշումներ:
 
Իսկ գործողությունների շրջանակը լայն է, եւ գործնականում բավական բարդ է ասել նաեւ, թե հատկապես ինչից պետք է սկսի եւ շարունակի նոր խորհրդարանը: Միեւնույն ժամանակ, ստեղծվել է 11 հանձնաժողով եւ կա 132 պատգամավոր, որից 88-ը՝ իշխող մեծամասնությունից: Ըստ այդմ, խորհրդարանը միաժամանակ պետք է ինտենսիվ աշխատի բոլոր ուղղություններով:
 
Խորհրդարանի աշխատանքի առաջին շաբաթը թույլ տվեց շոշափել, նշմարել, որ աշխատանքի ներուժը կա, ահռելի է, ավելին է, քան սպասվում էր կամ պատկերացվում առաջին հայացքից, կամ՝ քան փորձ էր արվում ներկայացնել գերազանցապես նախկին համակարգի տարբեր խմբերի շահեր ներկայացնող տեղեկատվական տարաբնույթ աղբյուրներով:
 
Դրան զուգահեռ, սա իհարկե առանցքային հարցերից մեկն է, նոր խորհրդարանի եւ հատկապես իշխող մեծամասնության հիմնարար մարտահրավերներից մեկը: Ակնառու է, որ խորհրդարանի աշխուժացմանը եւ աշխատանքի ինտենսիվացմանը զուգահեռ աշուժանալու են նաեւ այդ աղբյուրները, ձգտելով ավելի ինտենսիվ լինել տեղեկատվական գրոհի հարցում, որում կարող են լինել ռացիոնալ ու օգտակար տարրեր, բայց նաեւ որպես կանոն առկա է հիմնականում տեղեկատվական նենգափոխում եւ աղբ:
 
Ընդ որում, այդ ամենի որոշ մասը դաշտ է լցվում մասնագիտական հմտությամբ, թեեւ նաեւ ակնառու է, որ մարտավարության առանցքում «քանակով վերցնելն» է, որովհետեւ ինչքան էլ մասնագիտական հմտությունը բարձր է, ներկայում բավականին բարձր է նաեւ տեղեկատվական նենգափոխումների հանդեպ հանրային դիմադրունակությունը եւ նաեւ իշխող մեծամասնության հանդեպ վստահությունը:
 
Այդուհանդերձ, «քանակով վերցնելը» մարտահրավեր է, որին նոր խորհրդարանը եւ իշխող մեծամասնությունը պետք է պատրաստ լինեն: Պատրաստ ոչ միայն դիմակայելու, դիմադրելու, այլ մի կողմից հավելյալ սնուցման առիթներ չտալու՝ ինչպես արդեն իսկ տրվեց առաջին օրերի ընթացքում, միաժամանակ նաեւ աշխուժորեն եւ մասնագիտական առավել հմտությամբ հակազդելու, տեղեկատվական նոր առիթներ, քաղաքական նոր տեքստեր եւ բովանդակություն ձեւավորելու միջոցով:
 
Խոշոր հաշվով, տեղեկատվական միջավայրի եւ հանրային-քաղաքական կյանքում դրա որակների համարժեքության ու օգտակարության իմաստով վիճակը ներկայում չի ենթակվել սկզբունքային անկման՝ այն ցածր է եղել տարիներ շարունակ, ընդ որում գահավիժել կամ գահավիժեցվել է տարիներ շարունակ:
 
Այստեղ խորհրդարանի դերն է եղել առանցքային: Նախորդ համակարգում խորհրդարանը նպաստում էր այդ գահավիժեցմանը, իր որակներով ու բնույթով: Եվ այդ որակների ու բնույթի շարժառիթներից մեկն էլ հենց դա էր՝ նպաստել տեղեկատվական միջավայրի խեղմանը, որպեսզի հետո էլ Սերժ Սարգսյանը կարողանար հայտարարել, թե լրագրողները, որ աշխատում են խորհրդարանում՝ պրոֆեսիոնալ չեն, լուրջ հարցեր չեն տալիս:
 
Իրականում անլրջության օջախը խորհրդարանն էր, իսկ լրագրողական կամ մեդիա գերակշռող վարքը՝ այդ օջախից ելնող ծուխը:
 
Այժմ խորհրդարանը պետք է լինի նոր որակի օջախ, կամ դադարի օջախ լինել այդ բառի ֆոլկլորային իմաստով եւ վերածվի քաղաքական մտքերի գեներատորի, ինչին կոչված է, այդպիսով նաեւ իր որակներով ու բովանդակությամբ քայլ առ քայլ իր կոչմանը մղի նաեւ տեղեկատվական դաշտին, ապամոնտաժելով նախկին բարքերը:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play