Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ Դատախազության բողոքի և պաշտպանների միջնորդության քննությունն ավարտվեց. որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին.Tert.am
18-01-2019 18:27:15 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Tert.am Վերաքննիչ դատարանում այսօր ևս շարունակվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու դեմ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը:
Միջնորդության քննության ավարտի և դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալու մասին Վերաքննիչում լրագրողների հետ զրույցում ասաց մեղադրող դատախազներից Վահագն Մուրադյանը:
«Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին՝ ժամը 13:30-ին:
Մենք ներկայացրինք մեր բողոքն այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու դեմ, և միաժամանակ միջնորդեցինք դատարանին միաժամանակ Մանվել Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց ընտրի կալանավորումը: Իսկ պաշտպանական կողմը բողոք էր ներկայացրել կալանքի ժամկետի երկարացման դեմ»,- ասաց Վահագն Մուրադյանը:
Այնուհետև լրագրողների հետ զրույցում Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանն ասաց, որ մտավախություն միշտ կա, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը կփոխվի:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր հունիսին, կալանքի ժամկետը երկարացվել է երեք անգամ: Դեկտեմբերի 21-ին Մանվել Գրիգորյանը 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանքից: