«Հայ ժողովրդական հեքիաթներ» ժողովածուն ներկայացվել է ընթերցողներին


«Հայ ժողովրդական հեքիաթներ» ժողովածուն ներկայացվել է ընթերցողներին

  • 19-01-2019 11:44:51   | Հայաստան  |  Նոր գրքեր

«Հայ ժողովրդական հեքիաթներ» եռահատոր ժողովածուի առաջին գիրքը դրվել է ընթերցողի սեղանին: Եռահատոր ժողովածուն ընդգրկում է «Հայ ժողովրդական հեքիաթների» ակադեմիական տասնութ հատորներից և «Ղարադաղի հայերը. բանահյուսություն» հեքիաթների ժողովածուից ընտրված հեքիաթներ:
 
Լայն հասարակությանն ավելի մատչելի դարձնելու համար դրանք տարբեր բարբառներից (Վան-Վասպուրական, Տուրուբերան-Մուշ, Արցախ, Ղարադաղ, Մոկս, Լոռի և այլն) փոխադրվել են գրական հայերենի՝ որոշ չափով պահպանելով ժողովրդական բառուբանը և հավատարիմ մնալով բնագրին: Հատորներում ընդգրկված մի քանի հեքիաթներ կազմվել են միևնույն հեքիաթի տարբերակներից՝ որպես համահավաք:
 
Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Երեքհատորյակը կազմած Նազելի Կարապետյանը շուրջ 5 տարի աշխատել է՝ ուսումնասիրելով առավել քան 2000 հայկական ժողովրդական հեքիաթ և դրանց հետ կապված մի շարք հետազոտություններ:
 
«Հայ ժողովրդական հեքիաթները մեր ինքնության անբաժանելի մասն են և մեծ դեր են խաղում ազգային ինքնաճանաչողության հարցում: Դրանք իրենց մեջ խտացնում են հայ ժողովրդի՝ հազարամյակների ընթացքում կուտակած իմաստությունը, կենսափիլիսոփայությունը, տիեզերքի մասին հնագույն պատկերացումները, հումորը, սովորույթները: Պարունակում են պատմական, ազգագրական արժեքավոր նյութ, որը կարող է ընթերցողի համար յուրօրինակ բացահայտումների առիթ դառնալ: Այս հեքիաթները գալիս են հազարամյակների խորքից և իրենց մեջ կրող ճշմարտությունները միշտ արդիական են ու անփոփոխ»,-նշում է Նազելի Կարապետյանը:
 
Ժողովածուներում ընդգրկված հեքիաթների մի մասը սիրված է լայն հասարակության կողմից: Ընտրելիս նախապատվությունը տրվել է այն հեքիաթներին, որոնց գլխավոր մոտիվներն ընդհանուր են Մեծ Հայքի տարբեր նահանգների բանահյուսական նմուշներում, նաև այն հեքիաթներին, որոնք մեր հասարակությանը անծանոթ են, սակայն շատ արժեքավոր. թաքնված գանձեր, որոնք նորովի են մեզ ծանոթացնում հայ ժողովրդի մտածելակերպին, հոգևոր և մշակութային ժառանգությանը:
 
Ժողովածուում ընդգրկված այս հեքիաթներն այսօր էլ ուսանելի են ու արդիական: Դրանք մեծ հետաքրքրություն կառաջացնեն թե՛ փոքրերի և թե՛ մեծերի շրջանում:
 
Տեղեկացնենք, որ առաջիկայում հանրությանը կներկայացվեն նաև ժողովածուի երկրորդ և երրորդ հատորները: 
 
Նոյյան տապան  -   Նոր գրքեր