ՊԵԿ նախագահը չարաշահելով պաշտոնական լիազորությունները՝ խոչընդոտում է կոռուպցիոն սխեմաների բացահայտմանը. փաստաբան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


ՊԵԿ նախագահը չարաշահելով պաշտոնական լիազորությունները՝ խոչընդոտում է կոռուպցիոն սխեմաների բացահայտմանը. փաստաբան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 21-01-2019 16:28:20   | Հայաստան  |  Իրավունք



 
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը չարաշահելով պաշտոնական լիազորությունները՝ խոչընդոտում է կոռուպցիոն սխեմաների բացահայտմանը: 
 
Այս մասին հունվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը: 
 
Ըստ նրա՝ 2018 թվականի հունիս-հուլիս ամիսներին ՊԵԿ օպերատիվ հսկողության վարչության (ՕՀՎ) պետ նշանակված Կարեն Կարապետյանը մեկ ամսվա ընթացքում բացահայտում է այնպիսի կոռուպցիոն սխեմաներ, որոնք հանդիսանում են հարկային հանցագործություններ և զգալի վնաս հասցնում թե տնտեսության, թե բյուջեին, ինչը սակայն դուր չի եկել ՊԵԿ նախագահին: 
 
Տ. Հայրապետյանի խոսքերով՝ բացահայտված կոռուպցիոն սխեմաները վերաբերում են ոչ թե հարկեր թաքցնելուն, այլ ուղղակիորեն պետական բյուջեից միլիարդավոր դրամներ կորզելուն: 
 
«Սա բնականաբար դուր չեկավ այսպես կոչված պետական պաշտոնյաների, և արդյունքում ՊԵԿ նախագահը ծառայողական քննություն  սկսեց ՕՀՎ գործունեության նկատմամբ: Չնայած ծառայողական քննությունը նշանակվել է վարչության գործունեության նկատմամբ, սակայն ՊԵԿ նախագահը ծառայողական քննություն իրականացնելու պատրվակով ապօրինի կասեցնում է Կարեն Կարապետյանի գործունեությունը, կապարակնքում նրա աշխատասենյակը»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ ՕՀՎ աշխատակիցների գործունեությունում որևէ ապօրինություն չբացահայտելով՝ ՊԵԿ նախագահը դիմում է ՀՔԾ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ: 
 
Տ. Հայրապետյանի փոխանցմամբ՝ հարուցված քրեական գործի շրջանակներում երեքուկես ամիս անցկացվում է նախաքննություն, և 23.11.2018 թ. քրեական գործի վարույթը կարճվում է Կարեն Կարապետյանի արարքներում հանցակազմի բացակայության հիմքով: 
 
«Անգամ այս պայմաններում ՊԵԿ նախագահը կրկին ապօրինաբար չի թույլատրում Կ. Կարապետյանին իր գործունեությամբ զբաղվել, ավելին՝ փոփոխություն է կատարում ՕՀՎ պետի պաշտոնի նկարագրում, որպեսզի Կ. Կարապետյանը չհամապատասխանի այդ պաշտոնին, և միևնույն ժամանակ նրան բանավոր տեղեկացնում, որ վերջինս չի կարող այլևս աշխատել տվյալ պաշտոնում»,- նկատեց բանախոսը: 
 
Անդրադառնալով Կ. Կարապետյանի գործողություններին՝ Տ. Հայրապետյանը նշեց, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ նա իր բողոքը և արված բացահայտումների մասին տեղեկաությունը հայտնում է ՀՀ վարչապետին, ով ՊԵԿ նախագահից պահանջում է 10-օրյա ժամկետում տրամադրել կարծիք Կ. Կարապետյանի կողմից տրամադրված ինֆորմացիայի վերաբերյալ: 
 
Փաստաբանն ընդգծեց, որ ՊԵԿ նախագահը նույն օրը 2-րդ ծառայողական քննություն է նշանակում, այս անգամ անձամբ Կ. Կարապետյանի նկատմամբ՝ իբրև թե հարկային գաղտնիք պարունակող տեղեկություններ ՀՀ վարչապետին տրամադրելու համար: 
 
«Նշված անհեթհեթ և ծիծաղելի գործընթացին իրավաբանական տեսք հաղորդելու համար հրամանի կայացումից 9 օր հետո ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետը դիմում է ՊԵԿ իրավաբանական վարչության պետին և խնդրում հայտնել, թե Կ. Կարապետյանի կողմից ՀՀ վարչապետին նշված տեղեկությունները տրամադրելն արդյոք հանդիսանում է ծառայողական գաղտնիքը պահպանելու խախտում. ՊԵԿ իրավաբանական վարչության պետը տալիս է եզրակացություն, որ տեղեկությունների տրամադրումը վարչապետին հարկային գաղտնիքի հրապարակում է: Փաստորեն այն տպավորությունն է ստեղծվում, որ ՊԵԿ ներքին անվտանգության խնդիրների մեջ է մտնում ներքին ծառայողական տեղեկատվությունը որևէ ձևով վարչապետին չտրամադրելը»,- շեշտեց Տ. Հայրապետյանը: 
 
Վերջինիս համար անհասականալի է, թե ինչպես կարող է հանցագործության փաստերի վերաբերյալ տեղեկությունը հասանելի լինել իրեն որպես փաստաբան, իսկ ՀՀ վարչապետին ոչ: 
 
Տ. Հայրապետյանի կարծիքով՝ Կ. Կարապետյանի կողմից բացահայտված կոռուպցիոն սխեմաներում հավանաբար իր ներգրավվածությունն ունի անձամբ ՊԵԿ նախագահը, հետևաբար պետք է քրեական գործ հարուցվի, ստուգվի տեղեկությունների իսկությունը, ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյանների գործունեությունը ժամանակավորապես դադարեցվի, իսկ ՊԵԿ նախագահի նկատմամբ քրեական հետապնդում սկսվի պաշտոնական անփութության հանցակազմով: 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Իրավունք