Ինչո՞ւ է հայ պլաստիկ վիրաբույժը «Բուտիրյան» բանտում.«Հրապարակ»


Ինչո՞ւ է հայ պլաստիկ վիրաբույժը «Բուտիրյան» բանտում.«Հրապարակ»

  • 24-01-2019 18:32:01   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ քաղաքացի, պլաստիկ վիրաբույժ, 3 փոքր երեխաների հայր Գևորգ Ստեփանյանի նկատմամբ մոսկովյան մասնավոր կլինիկաներից մեկում  կատարած քթի պլաստիկ վիրահատությունից հետո հարուցվել է քրեական գործ, նա 3 ամիս է՝ «Բուտիրյան» բանտում է։ Մոսկովյան Բասմանի դատարանի ընդունված որոշումների արդյունքում՝ նա հայտնվել է քավության նոխազի դերում։ Գևորգի, ինչպեսև այս գործող անցնող ևս 2 բժշկի նկատմամբ, Ռուսաստանում հարուցված է քրեական գործ՝ մոսկովյան մասնավոր կլինիկայում քթի վիրահատության ենթարկված Կարոլինա Սարգսյանի առողջությանը, անզգուշությամբ վնաս հասցնելու հոդվածի հատկանիշներով։
 
Գևորգ Ստեփանյանի հարազատների ու շահերի պաշտպան Դանա Շմիտովան համոզված է, որ Գևորգն անմեղ է, իսկ բժշկական սխալը թույլ են տվել  նույն կլինիկայի գլխավոր բժիշկ Գյուլնարա Շախն ու անեսթեզիոլոգ Խիտրովը։ 
 
Դանա Շմիտովան «Հրապարակ»-ի հետ զրույցում պատմեց․
 
«Գևորգը նոյեմբերի 12-ին բարեհաջող վիրահատել է Կարոլինային, սակայն կլինիկայում զբաղվել են ինքնաբուժությամբ, չեն պահպանել ընթացակարգերը և անեսթեզիոլոգն ու բուժհիմնարկի ղեկավար Գյուլնարա Շախը ինչ-ինչ պատճառով աղջկան (վիրահատված Կարոլինա Սարգսյանին) տվել են ֆենոզեպան, միգուցե այն պատճառով, որ աղջիկը մնա կլինիկայում և շարունակի բուժումը, և դրա դիմաց փող ստանան հիվանդից։ Եվ քանի որ աղջիկը շատ ցածր քաշ է ունեցել, ֆենսոզեպանի 2 միլիգրամանոց 4 դեղահաբը նրա համար հանդիսացել է  «ձիու չափաբաժին», սա չէր կարելի անել։ Աղջիկը հաջորդ օրը իրեն շատ թույլ է զգացել, բայց հիվանդանոցը, չնայած դրան, նրան դուրս է գրել»։ 
 
Կարոլինան վիրահատությունից 3 օր անց՝ նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան «Քվինկեի այտուցով» (դեղամիջոցների նկատմամբ ալերգիկ ռեակցիա) տեղափոխվել էր մոսկովյան այլ կիլինիկայի վերակենդանացման բաժանմունք, որտեղ, փառք Աստծո, նրա կյանքը փրկել էին։ Հայկական ու ռուսական մամուլում այս մասին գրվել էր։ Գևորգի շահերի պաշտպանը  պնդում է, որ վիրահատության պատճառով նա չէր կարող գրեթե 4 օր հետո ալերգիկ ռեակցիայով տեղափոխվել հիվանդանոց։
 
ՀՀ քաղաքացուն և հայազգի բժշկին սպառնում է 6 տարվա ազատազրկում։ Նրա մեղադրանքը խստացնում է այն հանգամանքը, որ նա, իբր վիրահատությունն անելու ժամանակ բժշկական լիցենզիա չի ունեցել։ Մինչդեռ, Դանա Շմիտովոն պարզաբանում է․ «Ունեցել է, այն վիրահատության պահին եղել է «ժամկետանց», ինչի մասին կլինիկայի ղեկավարությունը նրան չի զգուշացրել»։
 
«Ստեփանյանը ունեցել է վիրահատության լիցենզիա, կլինիկան, որի հետ ստորագրել էր պայմանագիր, նման վիրահատություն անցկացնելու լիզենզիա նույնպես ունեցել է, բայց պարզվում է տիկին Շախի բուժհիմնարկի լիզենզիան մայիսի՞ն, թե հունիսին հետ էին կանչել, իսկ նա այս մասին տեղեկացրած չի եղել իր և ոչ մի աշխատակցի։ Եվ բոլոր աշխատողները աշխատել են աշխատանքային պայմանագրով՝ չիմանալով լիզենզիայի դադարեցման մասին։ Այսինքն՝ Գևորգը հանդիսացել է այդ կլինիկայի վարձու աշխատող»,- պարզաբանեց փաստաբանը։ 
 
Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրված նաև Գյուլնարա Շախին և անեսթեզիոլոգ Խիտրովին, սակայն իր բժիշկների նկատմամբ ՌԴ  դատարանն ընտրել է տնային կալանքը որպես խափանման միջոց։ Մինչդեռ Մոսկվայի դատարանը ՀՀ քաղաքացի բժշկի նկատմամբ հունվարի 18-ին կրկին կալանքի որոշում է կայացրել՝ բավարարելով քննչական մարմնի՝  դատարանին ներկայացված միջնորդության այն հիմքերը, թե Գևորգը ՌԴ քաղաքացի չէ, չունի մշտական բնակության վայր և հնարավոր է՝ թաքնվի նախաքննությունից։
 
Ի հեճուկս նրա, որ դատարան է ներկայացել Մոսկվայում բնակարան ունեցող մի անձ և հայտնել է, որ պատրաստ է Գևորգի տնային կալանքի համար տրամադրել տարածք։ Ավելին՝ դատարանին է ներկայացվել Գևորգ Ստեփանյանի կալանքը տնային կալանքով փոխարինելու մասին ՌԴ-ում ՀՀ հյուպատոսի կողմից ու ՀՀ դեսպանի ստորագրությամբ ու կնիքով գրություն երաշխավորագիր, սակայն դատարանը սա, փաստորեն հաշվի չի առել։ Իսկ երբ պաշտպանական կողմը միջնորդել է դատարան հրավիրել ՌԴ-ում ՀՀ հյուպատոսին, դատավորը նկատել է, թե ինչ կարիք կա, տեսնում է դեսպանի ստորագրությունն էլ, կնիքն էլ։
 
Գևորգի փաստաբանը նկատեց, որ եթե սկզբնական շրջանում Կարոլինան ոչ միայն որևէ բողոք չուներ վիրահատող բժշկի նկատմամբ, ավելին, ասում էր, որ նրան աջակցում է, ապա, ինչ-որ ժամանակ անց, ամենայն հավանականությամբ, իրենց փաստաբանի դրդմամբ, փոխել է դիրքորոշումը։ Ավելին՝ հարազատներն ակնարկներով, իսկ փաստաբանն էլ արդեն բաց տեքստով Դանա Շմիտովայից գումար են պահանջել։
 
«Աղջկա մայրն անձամբ իմ հետ քննիչի մոտ էր գալիս, ասում, որ բժիշկը մեղավոր չէ, բայց իրենք հետո ինչ-որ փաստաբան վարձեցին, որը նրանց  սխալ տեղեկատվություն է տալիս, թե պետք է  դատել բոլոր երեքին էլ։ Եվ սկսեցին արդեն մեզ վրա ճնշում գործադրել փողայինով»,- պատմեց փաստաբանը։
 
Նա նշեց, որ սկզբում, քանի որ աղջիկը բուժման կարիք է ունեցել, ցանկացել են 200 հազար ռուբլու չափով վարկ վերցնել ու նրան տալ, բայց հետո հարազատները հասկացրել են, թե սա քիչ է։ Իսկ, երբ Կարոլինայի փաստաբանը արդեն բաց տեքստով ասել է, որ 200 հազար, դա լավ է, բայց էլ ինչ, Դանան դադարել է պատասխանել նրա զանգերին։
 
«Բուտիրյան»-ը համարվում է Ռուսաստանի ամենադաժան ՔԿՀ-ներից մեկը, և Գևորգի հարազատները անհանգիստ են ոչ միայն վերջինիս կյանքի համար։ Հասարակ մի ծեծ, հաշվեհարդար, որ սովորական է, և Գևորգն այլև չի կարող վերադառնալ  իր մասնագիտությանը։ Դանան ասաց, որ այդ սարսափելի բանտում Գևորգին հարգում են որպես բժշկի։
 
Թե՛ Ավետիսյանների դեպքի, թե՛ դեկտեմբերի 2-ին Գյումրիում ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի կողմից հերթական սպանությունը կատարելուց հետո ռուսական կողմը մշտապես վերմակը ձգում է իր կողմը՝ ասելով, որ իր քաղաքացիներն են, պետք է դատվեն ՌԴ-ում, իսկ հայկական կողմն էլ հակառակը պահանջում է, որ ռուսաստանցի զինվորականները դատվեն այստեղ։ Պատասխանելով հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկում Գևորգին հայկական դատարանի առաջ կանգնեցնելու համար, Դանա Շմիտկովան շեշտեց՝ թեպետ իր համար անհասկանալի է, թե ինչու է Գևորգը «Բուտիրյան» բանտում, բայց այնուաամենայնիվ, եթե քննության ընթացքն այս է, ապա ճիշտը նրան Հայաստանին հանձնելն է։ 
 
ՀՀ ԱԳՆ-ից Գևորգի հնարավոր արտահանձան վերաբերյալ խորհուրդ տվեցին դիմել դատախազություն՝ հայտնելով նաև, որ գործի քննության ընթացքը գտնվում է դեսպանության մշտական ուշադրության ներքո։ Մնացած մանրամասները, որոնք հայտնում են ԱԳՆ-ից այս գործի վերաբերյալ, կրկնում են այն, ինչն արդեն շարադրված է։ Դատախազությունից խոստացան պարզաբանել ավելի ուշ։
 
«Հրապարակը» Գևորգի մասին խոսեց նաև«Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի» նախագահ Արմեն Ռաֆայելի Հովհաննիսյանի հետ, ում աշակերտն է եղել Գևորգը և ում նա բնութագրեց որպես ոչ վատ ու փորձառու վիրաբույժ։ 
 
Պատասխանելով հարցին, թե ինչու՞ ասոցիացիան ի պաշտպանություն հայ վիրաբույժի որևէ հայտարարություն չի ընդունում, Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ նախ, քննություն է ընթանում, տարբեր վարկածներ են շրջանառում, ոչ ոք ճիշտը չգիտի, ապա հարցրեց՝ իսկ ի՞նչ է իրենց հայտարարությունն ինչ նշանակություն կարող է ունենալ ռուսական կողմի ու քննիչների համար։
 
Այնուամենայնիվ, «Քվինկեի այտուցի» հետ կապված, թե 4 օր անց չէր կարող լինել նման բարդացում, Արմեն Հովհաննիսյանն իր անհամաձայնությունը հայտնեց՝ ասելով․ «Քվինկեի այտուցը» կարող է լինել ցանկացած վայրկյանից, ցանկացած մարդու մոտ, ցանկացած դեղորայքից ու ինչու՞ միայն դեղորայքից, անգամ հոտերից»։ 
Պլաստիկ վիրաբույժը դժվարանում է ասել՝ տարեկան քանի՞ հայ վիրաբույժ է մեկնում Ռուսաստան կամ Եվրոպա, սակայն դիտարկմանը, թե ունե՞ն այնտեղ մեր մասնագետների պահանջարկ ասաց, որ պետք չէ գերագնահատել մերոնց հնարավորությունները, և մյուս կողմից էլ, լավ կյանքից չէ, որ մեկնում են, Մոսկվան այս առումով մեծ շուկա է, և մարդիկ գնում են այնտեղ գումար աշխատելու համար։
 
 
Գևորգ Ստեփանյանի հարազատները  նախաձեռնել են ստորագրահավաք, որի տակ այսօր առավոտվա դրությամբ ստորագրել էր 2500 մարդ։ 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը