Այսօր Ապրիլյան պատերազմում զոհված Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է. Հերոսի հիշատակին նոր ֆիլմ է նկարահանվել (կադրեր)


Այսօր Ապրիլյան պատերազմում զոհված Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է. Հերոսի հիշատակին նոր ֆիլմ է նկարահանվել (կադրեր)

  • 28-01-2019 14:47:15   | Հայաստան  |  Մեկնաբանություն



armtimes.com_Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, Ապրիլյան պատերազմում Մարտակերտի պաշտպանական շրջանում հերոսաբար զոհված հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է։ Կապիտանը կդառնար 29 տարեկան։ 
 
Հունվարի 27-ին «Կենտրոն» հեռուստաընկերությունը եթեր հեռարձակեց Արմենակ Ուրֆանյանին նվիրված «Կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսը» ֆիլմը:
 
 
Հերոսի հիշատակին նվիրված ֆիլմում հիշողություններ են, որոնց մասին կապիտանի մտերիմները խոսում են առաջին անգամ: Սիրո ընդհատված պատմություն ու երազանքներ են, որոնք այդպես էլ անկատար մնացին: Ապրիլյան պատերազմի ցավոտ վերքերն ու հերոսին անմահացրած խոսքերն են եւ բացառիկ կադրեր Ուրֆանյանի անձնական արխիվից:
 
«Արմենակ Ուրֆանյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնող, Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ տիկին Համեստ Ներսիսյանը, ՀԺ-ի հետ զրույցում հայտնել էր, որ հիմնադրամի միջոցով, բացի միջոցառումներ իրականացնելուց, տղաների մասին ֆիլմեր են նկարահանվելու: Այսօր էլ ասաց, որ Արմենակից է սկսվել ֆիլմերի շարքը եւ անպայման շարունակական է լինելու:
 
Համեստ Ներսիսյանն ասաց, որ որպես հրամանատարի մայր՝ իր պարտականությունն է համարում միջոցառումներ իրականացելն ու զոհված տղաներին հիշատակելը: 
 
Արմենակ Ուրֆանյանը զոհվել է արկի պայթյունից: Նրա հետ զոհվել է նաեւ ազգությամբ եզդի, շարքային Քյարամ Սլոյանը, որը մինչեւ այդ հրաշալի կատարել է գնդացրորդի իր պարտականությունները: Արմենակը մարտի ընթացքում միշտ կապի մեջ է գտնվել գումարտակի հրամանատարության հետ. «Մարտը վարում եմ ու ձեռքիս տակ ընկած բոլոր միջոցներով խոցում եմ: Հաստատ դիրքը պահելու եմ, չեմ տալու»,- եղել է Ուրֆանյանի վերջին նախադասությունը:
 
Մերօրյա հերոսն իր 6 մարտիկներին հրամայել է շրջանաձեւ պաշտպանության դիրք գրավել եւ ընդունել է մարտը՝ հրամայելով չնահանջել, քանի որ գիտակցել էր, որ եթե այդ մարտական դիրքը հանձնվի հակառակորդին, մնացած մարտական դիրքերը կշրջափակվեն հակառակորդի կողմից: Անհավասար մարտում վաշտի 7 մարտիկները՝ Արմենակ Ուրֆանյանի գլխավորությամբ, հետ են մղել թշնամու առաջին փորձը՝ խփելով մեկ տանկ: Երկրորդ գրոհն ավելի մեծ ուժերով է նախաձեռնվել, թշնամին դեպի դիրքեր փորձել է ճանապարհ հարթել էվակուացիոն մեքենայով, բայց Արմենակը ոչնչացրել է նաեւ դա, հակառակորդը մեծաթիվ ուժերով կրկին նահանջել է: Հակառակորդի մեծաթիվ զորքը գրոհել է 7 հոգանոց վաշտի վրա եւ շարունակել հրետակոծությունը:
 
Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականի հունվարի 28-ին, Երեւանում: Նա զբաղվել է թեյքվանդոյով (եռակի չեմպիոն), սամբոյով եւ ձյուդոյով: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի Հրետանային զորքերի ֆակուլտետ, ապա տեղափոխվել Հետեւակազորի բաժին: Ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո Արմենակը մեկնել է Արցախ՝ ծառայության: Ուրֆանյանը հունվարին նշանադրվել էր, ամռանը պատրաստվում էր ամուսնանալ: 26 տարեկանում Ուրֆանյանը կապիտանի կոչում ուներ, վաշտի հրամանատար՝ առաջնագծում:
 
Հատված՝ «Կյանքը հայրենիքին նվիրաբերած Հերոսը» ֆիլմից
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play