Քրդական խաղաթուղթը` Թուրքիայի խորհրդարանում․ Շահան Գանտահարյան


Քրդական խաղաթուղթը` Թուրքիայի խորհրդարանում․ Շահան Գանտահարյան

  • 31-01-2019 01:58:46   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
 
Թուրքիայում շարունակվում է «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը:
 
Առաջիկայում եւս 9 միջնորդություն կներկայացվի Թուրքիայի խորհրդարանի սահմանադրական եւ արդարադատության համատեղ հանձնաժողովին, որպեսզի միանվագ 8 HDP-ական զրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից: Նախապես նման միջնորդություն ներկայացվել էր Թուրքիայի խորհրդարան` HDP-ի հայ պատգամավոր Կարո Փայլանի դեմ:
 
Սա նշանակում է, որ ԺԴԿ-ի գրեթե ամբողջ խորհրդարանական խմբակցության դեմ խորհրդարանից արտաքսման վճիռ է նախապատրաստվում:
 
Այս առաջադրանքը, որ Անկարան փուլ առ փուլ ջանում է կիրառել, իբրեւ մտահոգության առանցք ունի իհարկե քրդական քաղաքական գործոնի չեզոքացումը: Եթե զինվորական գետնի վրա չեզոքացման գործողություններ են կատարվում սիրիական, իրաքյան եւ թուրքական տարածքների վրա, ապա խորհրդարանում քրդական իրավաքաղաքական ազդակի վերացման համազոր միջնորդություն է կատարվածը:
 
Անկարայի համար քրդական մղձավանջը շարունակում է մնալ առաջնահերթ օրակարգ: Սակայն խորհրդարանը ապաքրդականացնելը կտրուկ միջամտություններով չի կատարվում: Այլապես, այսօր էրդողանական մենիշխանությունը կարող էր արագորեն  հաջողացնել  առաջադրանքը:
 
Հաշվի  են առնվում բնականաբար եվրոպական արձագանքները, որովհետեւ կուսակցությունը ժողովրդավարական անվանումը ունի, նման քայլի դիմելու դեպքում ուղղակի հակաժողովրդավար բնութագրումը եւ թուրքական հայեցակետից` հավանական շահարկումը արտաքին քաղաքական կենտրոնների կողմից. կամ որքան էլ որ հայտարարողական մակարդակի վրա լարված պարանաձգությունների շրջանակում հնչեն իրար մեղադրող տեսակետներ, այսուհանդերձ կամուրջները Եվրոպայի հետ կանգուն պահելու երկկողմանի մոտեցումները:
 
Միջնորդությունը կարող է չբավարարվել որոշ ժամանակ եւ հարցը շարունակի դամոկլյան սրի կարգավիճակով ճոճվել, իբրեւ քաղաքական սպառնալիք այս կուսակցության պետական գործիչների դեմ:
 
Ազգայնականների, իսլամականների ընտրաքաղաքական դաշինքը այսօր Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր հատվածի ըստ էության կայացման որեւէ իրական հիմք չի թողել։ Հանրապետականների երկրորդ կարգ մղվելն ու ԺԴԿ-ի ցածր համեմատություն ապահովելը միակուսակացականության եւ այդ դաշտում ավելի ճիշտ մենիշխանության են թողել ամբողջ երկրի կառավարումը: Դասական իմաստով ազգայնական զինվորականությամբ հատկանշված խորքային պետությունն ու էրդողականությունը այսօր նույնացրել են իրենց գաղափարախոսությամբ եւ քաղաքական առաջադրանքներով:
 
Հաշվարկը սակայն, կտրուկ քայլերի չդիմելու եւ խոհրդարանից անմիջապես չարտաքսելու (որի հաջորդ քայլը քրեական պատասխանատվության ենթարկելն է) քրդամետ կուսակցության անդամները որոշ չափով համընթաց է` զինվորական գետնի վրա արձանագրված թուրքական ուշացող ներխուժմանը սիրիական տարածքներ: Ներխուժում  է հայտարարվում, թուրքական պաշտոնական լրահոսը ժամերի հարց է նկատում թուրքական զորքերի հայտնվելը Սիրիա, մինչ հայտարարվածի փոխարեն համաձայնեցված սահմանափակ գործողություններ են տեղի ունենում թուրքական ջոկատների մասնակցությամբ այդ տարածքների վրա:
 
Քաղաքական իմաստով սպառնական միջնորդություններ, քննարկումների հետաձգումներ, երբեմն առկախումներ: Փաստը այն է, որ ցարդ խորհրդարանի օրակարգ չի եկել պատգամավորական անձեռնմխելիությունը:
 
Զինվորական անկաշկանդ առաջխաղացման կասեցման եւ ուղղակիորեն քրդերին չհարվածելու կարմիր լույսերը վառվել էին Վաշինգտոնի կողմից: Որից հետո էր սկսել հետաձգվել եւ առկախվել Անկարայի առաջադրած անվտանգության գոտու ստեղծումը եւ այդ գոտու հարթեցման համար տարածքների ամբողջական քրդազերծման զինվորական ծրագիրը:
Հիմա թվում է, որ պիտի ձգձգվի նաեւ խորհրդարանի քրդազերծման այս առաջադրանքի կիրառումը, հերթական խաղաթղթի վերածելով քրդական գործոնը, որոշ պայմաններում զինվորական առումով, այլ պայմանների` քաղաքական:
 
 
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն