Համացանցում հայատառ գրելը ոչ միայն ցանկալի է, այլև նորաձև (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Համացանցում հայատառ գրելը ոչ միայն ցանկալի է, այլև նորաձև (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 07-02-2019 18:18:35   | Հայաստան  |  Հասարակություն



Համացանցում հայատառ գրելը ոչ միայն ցանկալի է, այլև նորաձև:
 
Ինչպես փետրվարի 7-ին՝ համացանցում հայատառ գրելու օրվա կապակցությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ նախագահ, «Վիքիպեդիա և կրթություն» միջազգային խորհրդի փոխնախագահ Սուսաննա Մկրտչյանը, համացանցում հայերեն գրելուց խուսափում են հիմնականում այն օգտատերերը, ովքեր լավ չեն տիրապետում հայերենի քերականությանը: 
 
Ըստ նրա՝ պետք չի վախենալ հայերեն գրելիս տառասխալներ կամ վիքիպեդիայում բովանդակային սխալներ անելուց, քանի որ ժամանակի ընթացքում այդ սխալները վերանում են: 
 
Անդրադառնալով հայերեն վիքիպեդիային՝ Ս. Մկրտչյանն ընդգծեց, որ սա մի հարթակ է, որտեղ բոլորը կարող են խմբագրումներ կատարել: 
 
«Վիքիպեդիան ազատ է խմբագրման համար, նույնիսկ եթե դուք գրանցված չէ այս հարթակում: Ես ճիշտն ասած իմ տեսլականն ունեմ՝ վիքիպեդիան կրթության մեջ ներդնելու, որովհետև սա ստեղծագործ մոտեցում է, որով ավելի լավ են սովորում և աշակերտները, և ուսանողները: Վիքիպեդիայի օգնությամբ հատկապես աշակերտները մի քանի լեզու են սովորում, պատկերացրեք թարգմանություններ են անում, սովորում են մտքերը ձևակերպել, բարձրանում է նրանց ընկալելու  ընդունակությունը»,- նշեց Ս. Մկրտչյանը: 
 
Վերջինիս կարծիքով՝ վիքինախագծերը կարող են հեղափոխություն մտցնել կրթության ոլորտում, քանի որ տարբերություն կրթության նախարարության ծրագրերի՝ սրանք ծախսատար չեն: 
 
Ս. Մկրտչյանի փոխանցմամբ՝ վիքիպեդիայում ներկայումս 251 հազարից ավելի հայերեն հոդվածներ կան, որոնք աշակերտները մեծ խանդավառությամբ ու եռանդով են խմբագրում: 
 
«Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանի գնահատմամբ՝ հայերեն վիքիպեդիան կարևոր և հաջողակ նախաձեռնություն է: 
 
Նա հույս հայտնեց, որ շատ շուտով հայերեն բովանդակությամբ հոդվածների թիվը մի քանի տասնյակ անգամ կավելանան:
 
Խոսելով «.հայ» դոմենի տարածման մասին՝ Գ. Սաղյանը նկատեց, որ տեխնիկական խնդիր կա հայերեն միջակետի (.) հետ կապված, որը միջազգային ICANN կազմակերպության արմատական սերվերները չեն ճանաչում և համապատասխան հղում չեն տալիս: 
 
«Ինտերնետ հանրություն» ՀԿ արտաքին կապերի ղեկավար ՄԱԿ-ի IGF-ի կազմակերպման խորհրդատվական խմբի անդամ Լիաննա Գալստյանն էլ ընդգծեց, որ առավել վատ տենդենց է, երբ համցանցում օգտատերերը հայերեն բառերը գրում են լատինատառ: 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն