Հայկական կողմերի դիրքերը ֆորմալ և իրավական տեսակետից ուժեղացել են


Հայկական կողմերի դիրքերը ֆորմալ և իրավական տեսակետից ուժեղացել են

  • 13-02-2019 16:37:19   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը
 
- Պարոն Իգիթյան, ԱԺ-ում քննարկվում է կառավարության ծրագիրը։ Ընդդիմադիրները կարծեք թե դեմ են ծրագրին։ Ավելին՝ Էդմոն Մարուքյանը նշում է, որ կառավարությունը երկու կետով արհամարհել է խորհրդարանի դերը՝ առաջին՝ իր ծրագիրը խորհրդարան է բերել՝ առանց խորհրդարանական ուժերի հետ քննարկելու, երկրորդ՝ կառավարությունը ծրագիր է բերել՝ չունենալով կառավարության կառուցվածք: Այս առումով թերացում նկատո՞ւմ եք։
 
- Նախ՝ ես կողմնակից եմ, որ եթե որևէ պատգամավոր տեսնում է, որ կա օրենքի խախտում և համոզված է ասում, ապա նշի, թե կանոնակարգի որ հոդվածն է խախտվել։ Այնպես չէ, որ միայն ընդդիմադիր պատգամավորներն են ուզում, որ ամեն ինչ օրենքով լինի։ Նման բան հայտարարողը պետք է նաև նշեր, թե որ օրենքն է խախտվել։
 
-Օրինակ, այսօր ԱԺ-ում 12 նախարար է ներկա, մինչդեռ կառավարության կառուցվածքի փոփոխությունները դեռ չեն եղել։
 
-Տրամաբանությունից ելնելով՝ չեմ կարծում, որ այդպես պետք է լինի, որովհետև դա վարչապետի ներկայացրած ծրագիրն է, այլ ոչ թե կառավարության առանձին անդամների։ Վարչապետը ներկայացրեց կառավարության ծրագիրը, իսկ կառավարությունն արդեն իսկ ձևավորված է օրինական ձևով, քանի որ 2/3-ը կա, համարվում է օրինական, երդումը տվել են նախագահի նստավայրում։ Այսինքն՝ այսօր ունենք գործող կառավարություն։
 
-Անդրադառնալով ԼՂ խնդրին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ քննարկումները, որոնք տեղի են ունենում ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում Ղարաբաղի ներկայացուցիչների ներգրավման վերաբերյալ, իրականում լուրջ առաջընթաց է, քանի որ, նրա խոսքով, շատ կոնկրետ ձևեր և մեթոդներ կան՝ ինչպես կարող ենք ԼՂ-ին ներգրավել բանակցային գործընթացին, և հիմա դա քննարկման փուլում է։ Իսկապես կա՞ն այդ մեխանիզմները։ Արցախին բանակցային սեղան վերադարձնելը ավելի իրատեսակա՞ն է դառնում։
 
-Նախ՝ ես իրոք համարում եմ եթե ոչ հեղափոխական առաջընթաց, ապա առաջընթաց։ Ես չէի ասի՝ դա այլ մոտեցում է, դա ճիշտ մոտեցում է, որը, ընդ որում, եղել է հենց սկզբից, և Մինսկի խումբը հենց դրա համար է ստեղծվել, որ ԼՂ հարցը կարգավորի։ Հիմնական նպատակը եղել է զինադադարի հաստատումը և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված  բանաձևի մշակումը։ Այն ժամանակ Մինսկի խումբը գործում էր հետևյալ կերպ. առաջարկություններն ստանալուց հետո նա ձևավորում էր մեկ առաջարկ և այն ուղարկում էր բոլոր երեք կողմերին։ Եվ ամեն մի կողմը կամ իր համաձայնությունն էր տալիս, կամ վետո էր դնում։ Եղել է, որ վետոն դրել է Ադրբեջանը, եղել է, որ վետոն դրել է Հայաստանը, իսկ վերջին անգամ, եթե հիշում եք, Հայաստանը և Ադրբեջանը համաձայնվել էին, իսկ վետոն ներկայացրել էր Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը։ Խոսքը 1997-98 թվականների մասին է։ Արդյունքում սեղանին չդրվեց այդ փաստաթուղթը։ Այսինքն՝ դրանից ավելի հիմնավոր փաստարկ, որ Լեռնային Ղարաբաղը եղել է բանակցային սեղանի շուրջ, դժվար է գտնել։ Բայց Ռոբերտ Քոչարյանի ցանկությամբ ԼՂ-ն դուրս է մնացել բանակցություններից, և նա որոշեց, որ ինքը մեկ աթոռի վրա կարող է ներկայացնել հայկական 2 պետությունների շահերը։
 
Հիմա Նիկոլ Փաշինյանը շատ տրամաբանական բան է ասում, որ չենք կարող բանակցել Արցախի Հանրապետության անունից, ընդ որում՝ տրամաբանական է թե իրավական, թե ֆորմալ տեսանկյունից։ Տեսեք, Ռոբերտ Քոչարյանը եղել է և ԼՂՀ նախագահ, և Հայաստանի նախագահ՝ անկախ նրանից, թե նա օրինական է ընտրվել, թե ոչ, և ինքը ներկայացնում էր երկուսի շահերը՝ շեշտելով, որ ինքն ընտրված է եղել Լեռնային Ղարաբաղում։ Նիկոլ Փաշինյանը երբեք որևէ առնչություն Լեռնային Ղարաբաղի հետ չի ունեցել, նկատի ունեմ պաշտոն, քաղաքացիություն և այլն, և իրոք, ընտրվել է ՀՀ քաղաքացիների կողմից։ Ինքն ասում է՝ ես ներկայացնում եմ իմ տեսակետը՝ հաշվի առնելով այն մանդատը, որը ես ունեմ, և այստեղ տրամաբանական է, որ Լեռնային Ղարաբաղը ևս պետք է ներկայացնի իր տեսակետը այս առաջարկություններին։ Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանն այս գործընթացի մասնակիցների մոտ՝ լինի Մինսկի խումբ, լինեն եվրոպական երկրներ, արտահայտել է իր տեսակետը, և վերջերս էլ տեսանք, որ Անգելա Մերկելի մոտ Արցախի մասնակցության մասին միտք արտահայտեց, և վերջինս առնվազն ոչ մի կերպ չըմբոստացավ: Մի խոսքով, այս գործընթացը գնում է:
 
Այստեղ ևս մեկ բան պետք է նշեմ, որը շատ հետաքրքիր է: Ես հիշում եմ, որ երբ մենք էինք մասնակցում բանակցություններին, Լեռնային Ղարաբաղը ներկա էր բանակցություններին, բայց Ադրբեջանը որպես հակակշիռ բերում էր ինչ-որ մեկին, որին ներկայացնում էր որպես Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ: Միշտ հայկական կողմից ըմբոստություններ են եղել, թե ով է այս մարդը, ում է ինքը ներկայացնում: Այսօր հաշվի առնելով այն, որ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը չի ընտրվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից և չունի նրանց անունից հանդես գալու մանդատը, Ալիևի բանաձևը, որ ինքը կարող է բերել ադրբեջանական համայնքի ներկայացուցչին, անհեթեթ է դառնում, որովհետև ըստ էության, Ալիևը որպես նախագահ ընտրվել է նաև այն մարդկանց կողմից, որոնց ինքն ուզում է նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ որպես ադրբեջանական համայնք: Մենք հաստատ գիտենք, որ այդ մարդիկ մասնակցել են ընտրություններին: Այս տեսանկյունից հայկական կողմերի դիրքերը ֆորմալ և իրավական տեսակետից ուժեղացել են:
 
-Պարոն Իգիթյան, ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը կառավարության ծրագրում Արցախի և, ընդհանրապես, արտաքին քաղաքականության մասի վերաբերյալ: Արդյոք բավարար է այն, ինչ ներկայացվել է ծրագրում:
 
-Ես մի անգամ արդեն ասել եմ, որ գոնե արտաքին քաղաքականության մասով որևէ մեկը չի բողոքում, որ կառավարության ծրագրում թվերի պակաս կա, թե ենթադրենք երբ, որ երկրներ պետք է այցելել ու ինչ պետք է անել: Ընդհանուր առմամբ, որպես կոնցեպտ արտաքին հարաբերությունների հատվածում հարմար չէր լինի երկիր առ երկիր նշված լիներ, թե ուր ենք գնալու, ինչ ենք անելու: Ընդ որում, այնտեղ կան մի քանի երկրներ, որոնք առանձնանում են որպես հարևան երկրներ կամ հատուկ ծրագրերով կապված երկրներ: Դա նորմալ է, բայց մնացած մոտեցումները, ասենք Հայաստան-ԵՄ հարաբերությունները, պարզ է, թե ինչպես պետք է զարգանան, ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի, Ռուսաստանի հետ հարաբերություններում ևս ամեն բան պարզ է. եթե մեկ նախադասությամբ ասեմ, Հայաստանն այնտեղ էֆեկտիվ, ամենաակտիվ ձևով կբարձրացնի բոլոր մեր հարցերը և շահերը:
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ