Կեղտոտ գործը՝ կրկին հայերի ձեռքով. Ինչ է պատրաստվում Հայաստանի դեմ


Կեղտոտ գործը՝ կրկին հայերի ձեռքով. Ինչ է պատրաստվում Հայաստանի դեմ

  • 14-02-2019 15:50:04   | Հայաստան  |  Վերլուծություն

Ռաշա թըդեյ ռուսական հեռուստաալիքի տնօրեն Մարգարիտա Սիմոնյանը Վլադիմիր Սոլովյովի հաղորդմանը խոսել է ամերիկյան տեխնոլոգիաներով հեղափոխությունների մասին, դրանց շարքում դասելով Հայաստանում ապրիլին տեղի ունեցած հեղափոխությունը: Ավելին, նա մեղադրել է Հայաստանին ու ԱՄՆ-ին՝ հեղափոխությունը Ռուսաստան արտահանելու մտադրության համար, նշելով, թե Երեւանում ներկայում նման աշխատանքներ են տարվում:
 
Ռուսաստանում իրավիճակը բարդանում է թե ներքին, թե արտաքին խնդիրների ողջ համալիրով, դրան զուգահեռ՝ ռուսական պրոպագանդան գնալով ավելի ու ավելի դարչնագույն է դառնում՝ շովինիզմի ու գավառականության յուրահատուկ միքսով:
 
Դրա առանցքում ԱՄՆ-ն է, եւ Պուտինը չի կարող դրանից պակաս հակառակորդ ունենալ, մյուսները մանր բաներ են: Ռուսաստանի քաղաքականությունը ներկայում կառուցվում է այդ սխեմայով, որի բուն նպատակն ընդամենը իշխող ծայրաստիճան կոռումպացված միլիարդատերերի ռեժիմի գոյության երկարաձգումն է:
 
Հանուն դրա՝ Ռուսաստանը հանդուրժում է օրինակ Թուրքիայից պարբերաբար հարվածներն ու ստորացումները: Թուրքերը լավ են հասկացել ռուսական իշխանության բնույթը՝ բավական է հակաամերիկյան ձեւանան, եւ ռուսները պատրաստ են հանդուրժել ամեն ինչ՝ օդանավի խոցումը, դեսպանի սպանությունը, Սիրիայի տարածքների գրավումը եւ այլն:
 
Գանք քարոզչությանը: Դրանում ակտիվորեն ներգրավվում են հայեր, կամ հայկական ազգանուններով մարդիկ, նաեւ Լազաեւսկի ակումբի հավաքագրած ինչ որ մարդիկ, որոնք հատկապես հայկական ուղղությամբ անում են այն ամենը, ինչ պետք է: Այդպես շատ ավելի համոզիչ է:
 
Այս հանգամանքը կարեւոր է հատկապես ռուս-թուրքական հարաբերության մասով: Բանն այն է, որ Ռուսաստանի համար ոչ միայն արտաքին քաղաքականության հարցերում, այլեւ արդեն ներքին խնդիրներում թուրքական ուղղությունն առանցքային է եղել եւ այդպիսին է դառնում նաեւ ներկայում: Թուրքական ուղղությունն արդեն դիտարկվում է Ռուսաստանի ներքին տրոհումից խուսափելու միջոց, եւ չի բացառվում, որ Հայաստանն իր խնդիրներով դիտվում է որպես խոչընդոտ: Եվ Հայաստանը «ամերիկյան դավադրության մաս» ներկայացնելը լիովին տեղավորվում է այս տրամաբանության մեջ:
 
Հիշվում են հարյուր տարի առաջվա քաղաքականությունն ու քարոզչությունը Հայաստանի դեմ, որը հիմնականում արվում էր հայ բոլշեւիկների միջոցով, եւ դրան հետեւած ռուս-թուրքական գործարքները Հայաստանի դեմ: Այն ժամանակ էլ, ներկայում էլ ամենակեղտոտ գործն արվում է հայկական ազգանուններով քարոզիչների ու հավաքագրված վարձկանների ձեռքով:
 
Մարգարիտա Սիմոնյանն ու նրա նմանները կարո՞ղ են օրինակ բարձրացնել 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրերը վերանայելու խնդիրը, ինչպես նաեւ Ռուսաստանում հայերի քաղաքական սուբյեկտության հարցը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն