Պուտինը, Էրդողանն ու Ռոհանին քննարկել են Սիրիայի հարցը
15-02-2019 12:25:36 | Ռուսաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Փետրվարի 14-ին Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեբ Թայիփ Էրդողանը և Հասան Ռոհանին Սոչիում քննարկել են Սիրիայի հարցը: Նրանք նշել են, որ ամերիկյան զորքերի դուրսբերումը Սիրիայից կնպաստի երկրում կայունությանն ու անվտանգությանը:
Երեք երկրների ղեկավարները Իդլիբի հարցում պայմանավորվել են շարունակել Սիրիայի հյուսիս-արևմուտքում ապաէսկալացիոն գոտու ստեղծման վերաբերյալ համաձայնության կատարումը: Հիշեցնենք, որ այդ համաձայնությունը ձեռք էր բերվել 2018 թվականի սեպտեմբերին:
Պուտինը նշել է, որ Իդլիբում կենտրոնացած գրոհայինները չպետք է անպատիժ մնան և պետք է քայլեր կատարվեն Իդլիբն ահաբեկչական խմբավորումներից ազատելու ուղղությամբ:
Տեղեկացնենք, որ Իդլիբը գտնվում է Թուրքիայից աջակցություն ստացող ընդդիմադիր ուժերի, ինչպես նաև «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման վերահսկողության տակ: