Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է.ԱՆ


Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է.ԱՆ

  • 15-02-2019 12:42:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
2002 թվականից ամբողջ աշխարհն ամեն տարի փետրվարի 15-ը նշում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի օր։ Այս նախաձեռնության նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել երեխաների քաղցկեղով հիվանդացության խնդիրներին, բարձրացնել մանկական քաղցկեղի վերաբերյալ տեղեկացվածությունը և աջակցություն ցուցաբերել հիվանդ երեխաներին ու նրանց ընտանիքի անդամներին:
 
Յուրաքանչյուր տարի Հայաստանում քաղցկեղով հիվանդանում է մինչև 18 տարեկան 80-100 երեխա: Մանկական բոլոր քաղցկեղների գրեթե 40%-ը լեյկեմիաներն են, որոնց բուժումն իրականացվում է գերմանական BFM ծրագրով և ապահովում է մոտ 75-80% կատարյալ առողջացում մանուկների մոտ։ 
 
Մանկական տեղակայված ուռուցքների թիվը կազմում է տարեկան մոտ 40-50 առաջնակի դեպք, որոնցից առավել հաճախ հանդիպողները Կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքները, սարկոմաները, երիկամի ուռուցքներն են։
Ներկայումս Հայաստանում հնարավոր է դարձել իրականացնել այս երեխաների լիարժեք բուժումը ստանդարտացված ամերիկյան և եվրոպական սխեմաներով, իրականացնել բարձր դոզային քիմիաթերապիա։ 
 
2018 թվականից հայ երեխաներին հասանելի դարձավ նաև ոսկրածուծի աուտոտրանսպլանտանցիան։ 
Օրեր առաջ ՀՀ ԱՆ Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում»  միավորվերցին մանկական ուռուցքաբանական և արյունաբանական ծառայությունները, որպեսզի է՛լ ավելի համախմբված տարվի պայքարը մանկական քաղցկեղի դեմ և հայ մանուկներն այլևս ստիպված չլինեն մեկնել արտերկիր բուժում ստանալու համար։ 
 
Երեխաների բուժման մեջ անգնահատելի է «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամի դերը, որը լիարժեք հոգում է երեխաների բուժման ծախսերը։ Շուտով հիմնադրամի և այլ բարերարների աջակցությամբ Արյունաբանական կենտրոնումում կստեղծվի մանկական քաղցկեղի առաջին պալիատիվ ծառայությունը։ 
 
Ուռուցքաբանության ոլորտը գերակայություն է առողջապահության նախարարության  ներկայիս քաղաքականության մեջ: Արսեն Թորոսյանի նախաձեռնությամբ 2019 թվականից կենտրոնացված կարգով դեղերի ձեռք բերման դաշտում կատարվել են լրջագույն փոփոխություններ` ապահովելով չգրանցված, սակայն կենսականորեն անհրաժեշտ դեղերի հասանելությունը:   
            
Այսպիսով` մանկական քիմիաթերապիան պատշաճ կազմակերպելու համար ՀՀ ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատուի կողմից որպես առաջնահերթություն ներկայացված չգրանցված դեղերի համար 2019 թվականին իրանացվել է 14  անվանում հակաուռուցքային դեղի ձեռք բերում` 1 տարվա կտրվածքով: Միաժամանակ, նախարարությունը սերտ համագործակցում է Հայաստան-Արցախ հիմնադրամի հետ, որի շնորհիվ տարվա սկզբից արդեն երեխաներին տրամադրվել են հակաուռուցքային դեղեր:
 
     Նշենք, որ այս ոլորտում ծրագրերը կրելու են շարունական բնույթ, քանի որ երեխաների առողջությունն ամենակարևորն է: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն