Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Ստամբուլում է


Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Ստամբուլում է

  • 15-02-2019 12:44:51   | Թուրքիա  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Թուրքիայի Հանրապետությունում: 
 
Նախարարը մասնակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանում հանրային առողջապահության համակարգերի պատրաստվածության և արձագանքման մակարդակի բարձրացման համար գործողությունների ծրագրի իրականացմանը նվիրված բարձր մակարդակի տեխնիկական և նախարարական խորհրդակցություններին:
 
Միջոցառումը նպատակ ունի ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի անդամ-պետությունների առողջապահության բնագավառի հիմնական պատասխանատուների մակարդակով ներկայացնել և քննարկել տարածաշրջանային ծրագրի լիարժեք իրականացման և արդյունքների մշտադիտարկման մեխանիզմները, հասկանալ առողջապահության բնագավառում արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքման նշանակությունը, որոշել այն առաջնահերթ ուղղությունները, որոնց իրականացման համար անհրաժեշտ է ԱՀԿ և այլ գործընկերների աջակցությունը, ինչպես նաև ընդգծել ԱՀԿ առաջնորդի դերը շահագրգիռ կողմերի և գործընկերների համատեղ ջանքերի համակարգման գործում:
 
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդես է եկել ելույթով և շեշտել, որ բնակչության առողջության պահպանումը և հիվանդությունների կանխարգելումն  ամբողջ աշխարհում  առաջնահերթություն է: 
 
Անդրադառնալով ներկայիս կյանքում  ընթացող բնական և սոցիալական պայմանների արմատական փոփոխություններին, որոնք հաճախ բնակչության առողջության համար ունենում են անկանխատեսելի հետևանքներ, նախարարը նշել է.
«Նման իրավիճակում անշուշտ կարևորվում են ռեգիոնալ գործողությունները, քանի որ վարակիչ հիվանդությունների հարուցիչները, դրանց փոխանցողները և պահոցները սահմաններ չեն ճանաչում, նրանց համար չկա երկիր ու ազգություն, էկոլոգիական, բնական  աղետները կարող են տարածվել և սպառնալ ամբողջ աշխարհամասերի, ողջ երկրագնդին: Նման իրադարձությունների միջազգային տարածման կանխարգելմանն էին ուղղված 2005թ. ընդունված Միջազգային առողջապահական կանոնները: ՀՀ-ը, սույն կանոնները ներդնելու նպատակով, շարունակականորեն քաղաքական կամք է ցուցաբերում և անհրաժեշտ ռեսուրսներ է ապահովում: Կանոնների պահանջների տեսակետից հատկանշական է  հանրային առողջության պահպանումը բոլոր վտանգներից, արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունը և արձագանքումը, ինչպես նաև համագործակցված գործողությունները: Վերջինս վերաբերում է ինչպես երկրի ներսում այնպես էլ տարածաշրջանում և ամբողջ աշխարհում»:
 
Այցի շրջանակներում Արսեն Թորոսյանը հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի, Ուզբեկստանի առողջապահության նախարարների, Վրաստանի առողջապահության նախարարի տեղակալի հետ: 
 
Թուրքմենստանի նախարար Նուրմուհամմեդ Ամանեպեսովը Թորոսյանին հրավիրել է ապրիլին այցելել Աշգաբադ, իսկ Ուզբեկստանի նախարար Ալիշեր Շադմանովը՝ հունիսին:
 
 Վրաստանի հետ քննարկվել են կլինիկական հետազոտությունների կազմակերպման հետ կապված հարցեր: Նախատեսվում են այլ  հանդիպումներ, այդ թվում հայ համայնքի հետ:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն