Դատարանը բավարարել է Գյումրու 38-րդ դպրոցի նախկին տնօրենի հայցն ընդդեմ նախկին մարզպետի
15-02-2019 18:24:48 | Շիրակի մարզ | Ի՞նչ է գրում մամուլը
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Էդվարդ Նահապետյանի գլխավորությամբ) հրապարակեց Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Գոհարիկ Շահբազյանի հայցն ընդդեմ Շիրակի մարզպետի (նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյան) եւ երրրոդ անձ Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի տնօրեն Արփինե Նիկողոսյանի Գյումրու թիվ 38 դպրոցի տնօրեն նշանակելու մարզպետի որոշումն անվավեր ճանաչելու եւ Շիրակի մարզպետի ու Արփինե Նիկողոսյանի միջեւ 02.03.2017 թվականին կնքված աշխատանքային պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին վարչական գործով վճիռը:
Դատարանում պատասխանող կողմ ներկայանում էին Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչներ Անահիտ Սուվարյանն ու Արմեն Ստամբոլցյանը:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ, 123-127-րդ հոդվածներով, վճռեց հայցվորի հայցը բավարարել, անվավեր ճանաչել ՀՀ Շիրակի մարզպետի կայացրած որոշումը Արփինե Նիկողոսյանին ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի տնօրեն նշանակելու մասին եւ որպես հետեւանք ամբողջությամբ անվավեր ճանաչել դրա հիման վրա ՀՀ Շիրակի մարզպետի եւ Արփինե Նիկողոսյանի միջեւ 02.03.2017 թվականին կնքված աշխատանքային պայմանագիրը:
Դատարանը պետական տուրքի հարցը համարել լուծված, վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով պարտապանի հաշվին:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո եւ մեկամսյա ժամկետում կարող է պատասխանող կողմը բողոքարկվել վերաքննության կարգով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:
2016 թվականից այս գործը քննվում է դատական տարբեր ատյաններում: 2018 թվականի փետրվարին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Բագրատ Մկրտչյանի նախագահությամբ, մերժել էր Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Գոհար Շահբազյանի այս հայցը: Հայցվորը բողոքարկել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ հայցի պահանջը մերժելու որոշումը, գործը քննվել էր Վերաքննիչ քաղաքացիական դատարանում, ապա որոշվել էր գործն ամբողջությամբ քննել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցում ծագած խնդիրների նախապատմություն սկսվեց դեռ 2016 թվականի վերջից: Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի աշխատակազմը դեմ արտահայտվեց Շիրակի մարզպետ (արդեն նախկին) Հովսեփ Սիմոնյանի որոշմանը: Հ.Սիմոնյանը թիվ 38 դպրոցի տնօրեն Գոհար Շահբազյանի աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտից հետո ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց թիվ 42 ավագ դպրոցի տնօրենի տեղակալ Արփինե Նիկողոսյանին: Մինչդեռ Գյումրու բոլոր դպրոցների տնօրենները (երբ ավարտվեց վերջիններիս պայմանագրի ժամկետը) այս նույն ընթացքում նշանակվեցին նույն դպրոցների տնօրենների ժամանակավոր պաշտոնակատարներ. թիվ 38 դպրոցի աշխատակազմը կարծում էր, որ մարզպետը խտրականություն է դրել՝ ժամանակավոր պաշտոնակատար չնշանակելով Գոհար Շահբազյանին:
Այնուհետ հայտարարվեց դպրոցի թափուր պաշտոնի համար մրցույթ, որը կայացավ 2017 թվականի հունվարի 24-ին, մրցույթին մասնակցին եւ Գ.Շահբազյանը եւ Ա.Նիկողոսյանը:
Երկու մասնակիցները ստացան հավասար միավորներ, յուրաքանչյուրը` 4 կողմ եւ 4 դեմ: Մրցույթի արձանագրությունն ու հավակնորդների անձնական գործերն ուղարկվելու էին ՀՀ փոխվարչապետին, վերջինիս առաջարկությունից հետո մարզպետը կայացնելու էր որոշում եւ այն հրապարակելու էր: Մրցույթից անցել էր մեկ ամսից ավել, սակայն մարզպետը չէր հրապարակում որոշումը:
Դպրոցի նախկին տնօրեն, մրցույթի մասնակից Գոհար Շահբազյանը «Ասպարեզ»-ի հետ զրույցում հաստատել էր, որ 2017 թվականի փետրվարին 2 անգամ գրավոր դիմել է մարզպետին, սակայն պատասխան այդպես էլ չի ստացել:
«Ես 2 անգամ գրավոր դիմել եմ մարզպետին, դիմել եմ նաեւ կառավարման խորհրդի անդամները, բայց ոչ մի պատասխան դեռ չկա: Առաջին գրավոր դիմումը տվել եմ փետրվարի 15-ին, 2-րդ դիմումը տվել եմ փետրվարի 24-ին, առ այսօր ոչ մի պատասխան չկա աշխատանքային պայմանագիր կնքելու մասին: Դա ինձ համար առեղծված է, ես չեմ կարող հասկանալ, թե ինչ է կատարվում, որովհետեւ, ըստ գործող կարգի, արդեն պայմանագիրը պետք է կնքված լիներ»,-ասել էր նա:
Գ.Շահբազյանն այդ ընթացքում ասել էր, որ փոխվարչապետն առաջարկել է իր թեկնածությունը: «Ես խոսել եմ փոխվարչապետի օգնական Լուսինե Մնացականյանի հետ, հավաստի ներկայացրել է: 2-րդ անգամ նույնպես խոսել եմ, Լուսինեն ներկայացրել է, որ նորից է նայել փաստաթղթերը, փաստաթղթերում ամեն ինչ ճշգրիտ է, խախտումներ չկան, հետեւաբար այն բոլոր գործառույթները, որ պիտի կատարվեր վերեւում, ավարտված են եւ խնդիրը այստեղ մարզպետի հետ է կապված: Այստեղ բոլորը ակնառու տեսնում են, որ խախտվել է եւ իր լիազորությունները եւ իր պարտականությունները (նկատի ուներ նախկին մարզպետին.-հեղ.)»:
Այս ընթացքում, երբ լրագրողները Հ.Սիմոնյանից հետաքրքրքվում էին դպրոցի մրցույթի արդյունքներով, նա հակիրճ պատասխանում էր. «Այդ հարցին ես 2 բառով պատասխանեմ: Հարցը քննարկման փուլում է»,- նշում էր նա ու ավելացնում, որ վերջնական որոշումից հետո մրցույթի արդյունքները կներկայացնեն: «Ես կներկայացնեմ ձեզ, դրանով բավարարվեք»:
«Ասպարեզ»-ի` այս դպրոցի մրցույթի արդյունքների չհրապարակման մասին հոդվածից հետո (փետրվարի 28, 2017 թվական) Հ.Սիմոնյանը հրապարակեց որոշման արդյունքները` մարտի 2-ի թվագրությամբ: Հովսեփ Սիմոնյանի որոշմամբ՝ մարտի 2-ից դադարեցվեց Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արփինե Նիկողոսյանի լիազորությունները, նույն որոշմամբ՝ մարզպետը դպրոցի տնօրեն նշանակեց Ա.Նիկողոսյանին, նրա հետ աշխատանքային պայմանագիր կնքեց`5 տարի ժամանակով, որից հետո Գոհար Շահբազյանը հարցը բողոքարկեց Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում։ Այս ընթացքում «Ասպարեզ»-ի հետ զրույցում Շիրակի նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանը նշել էր, որ ծանոթ է նախկին տնօրենի` իր դեմ ներկայացրած հայցապահանջի բովանդակությանը, սակայն համաձայն չէ, ասելով՝ որ ինքը գործել է կարգին համապատասխան։
Թեմայի զարգացումները շարունակելու են մնալ «Ասպարեզի» լուսաբանման օրակարգում: