Հանդիպում Ասիական զարգացման բանկի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ


Հանդիպում Ասիական զարգացման բանկի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության հետ

  • 16-02-2019 13:48:53   | Ճապոնիա  |  Մամլո հաղորդագրություն

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը  Տոկիոյում (Ճապոնիա) մասնակցել է Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում համընդհանուր առողջապահական ծածկույթին հասնելու վերաբերյալ հանդիպմանը: Միջոցառմանը ներկա են եղել Ասիայի ու խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անդամ-պետությունների, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ:
 
Աշխատաժողովին ներկայացվել են զարգացող երկրների փորձը Ասիայի ու խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում համընդհանուր առողջապահական ծածկույթին հասնելու վերաբերյալ, քննարկվել Ասիական զարգացման բանկի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության, Գլոբալ ֆոնդի, Համաշխարհային բանկի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության  և այլ գործընկերների հետ հնարավոր համագործակցության եզրերը` համատեղ ներդրումներ, տեխնիկական աջակցություն ստանալու նպատակով: Ասիական զարգացման բանկը, իր 2030թ. ռազմավարության, իսկ Ճապոնիայի միջազգային համագործակցություն գործակալությունը Կայուն զարգացման նպատակների շրջանակում, հանձնառություն են ստանձնել շարունակական աջակցություն տրամադրելու զարգացող անդամ երկրներին` առողջությունը բարելավելու և համընդհանուր առողջապահական ծածկույթին հասնելու համար:
 
Այցի շրջանակում առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը և Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Քրիստինե Սարգսյանը հյուրընկալվել են Ճապոնիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել է առողջապահության ոլորտի ներկայիս բարեփոխումների ընթացքը, արծարծվել են առողջապահության նախարարության առաջնահերթ ուղղությունների կյանքի կոչման առկա խնդիրների և հնարավորությունների վերաբերյալ հարցեր: 
 
Դեսպանը պատրաստակամություն է հայտնել ամրապնդելու երկու երկրի համագործակցությունը` առողջապահության ոլորտի աշխատանքներում հնարավոր ներդրումային ծրագրերի,  ճապոնացի և կորեացի գործընկերների ներգրավման ուղղությամբ:
Հայկական պատվիրակությունը հանդիպել է նաև Ասիական զարգացման բանկի առողջապահական ծրագրերի ղեկավար Պատրիկ Օսեվեին և Ասիական զարգացման բանկի տարածաշրջանային տնօրեն Ռիե Հիռաոկային: Կողմերը քննարկել են ներկայումս իրականացվող տեխնիկական աջակցությունը, ինչպես նաև առողջապահության ֆինանսավորման ոլորտում բժշկական ծառայությունների որակի զարգացման հայեցակարգի մշակմանն առնչվող հարցեր:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն