«Այբ» դպրոցի թիմը հաղթել է Diamond Challenge Armenia մրցույթում


«Այբ» դպրոցի թիմը հաղթել է Diamond Challenge Armenia մրցույթում

  • 18-02-2019 17:53:50   | Հայաստան  |  Հասարակություն

«Այբ» դպրոցի «Կանաչ քիմիա» ակումբի «Այբպլաստ» նախագիծը հաղթել է Diamond Challenge Armenia մրցույթում։ «Այբպլաստ» նախագծի շրջանակում մեր աշակերտները փորձել են ստանալ բիոպլաստիկներ՝ օգտագործելով բնական հումք: 
 
Հաղթելով մրցույթում՝ նրանք արժանացել են 1000 դոլար մրցանակի։ Բացի դրանից, թիմն ապրիլին  կմեկնի ԱՄՆ՝ Դելավերի համալսարանում մասնակցելու մրցույթի համաշխարհային եզրափակիչին։ 
 
«Այբպլաստ» նախագծի նպատակը շրջակա միջավայրի համար վնասակար նյութերի էկոլոգիապես մաքուր փոխարինողներ ստանալն է՝ քիմիայի գիտելիքների կիրառմամբ։ Աշակերտները հետազոտել են և առաջարկել թերմոպլաստիկ օսլայի հիմքի վրա ստացվող կենսաքայքայվող պլաստիկներ` նավթային հումքի վրա հիմնված առկա պլաստիկների փոխարեն։
 
Նախագծային ուսումնառությունը (project-based learning) «Այբ» դպրոցում 2015 թ. ներդրված նորարարական կրթական մոդել է՝ հիմնված «սովորել անելով» սկզբունքի վրա։ Այն կառուցում է ուսումնառությունը նախագծերի շուրջ: Այս ծրագրի շրջանակում աշակերտները կազմում են թիմեր և իրականացնում մեծածավալ, երկարաժամկետ նախագծեր, որոնք ուղղված են իրական համայնքային խնդիրների լուծմանը։ Նախագծերի իրականացման արդյունքում զարգանում են աշակերտների մի շարք կարևորագույն հմտություններ, ինչպիսին են թիմային աշխատանքը, բիզնես մտածելակերպը, պատասխանատվությունը, աշխատանքի պլանավորումն ու բաշխումը, ժամանակի կառավարումը, առաջնահերթությունների կարգավորումը և այլն:
«Այբ» դպրոցի մասին
 «Այբ» դպրոցը սովորելու նոր միջավայր է, ուր ազգային հիմքի վրա մշակվում են եզակի կրթական տեխնոլոգիաներ և փորձարկվում ժամանակակից կրթության բարձրագույն ձեռքբերումները՝ ի նպաստ հայկական կրթության մրցունակության բարձրացման: «Այբ» դպրոցի նպատակն է դառնալ 21-րդ դարի հայկական դպրոցի մոդել: «Այբ» դպրոցի առաքելությունն է՝ կրթել և դաստիարակել ուսյալ, մրցունակ, ապագայի տեսլականով ու պատասխանատու երիտասարդների սերունդներ: 
«Այբ» դպրոցը բացվել է 2011 թվականին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից՝ կրթության գաղափարի շուրջ միավորված հարյուրավոր բարերարների ֆինանսական աջակցությամբ: «Այբ» ավագ դպրոցը ոչ պետական ոլորտում առաջին սոցիալական ծրագիրն է Հայաստանում, և աշակերտների մոտ 70%-ն ամեն տարի ստանում է կրթաթոշակ (ուսման վարձի փոխհատուցում): «Այբ» դպրոցում դասավանդումը կատարվում է «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) ծրագրով: Այն հայալեզու, հայկական կրթության լավագույն ավանդների և համաշխարհային կրթության առաջատար ձեռքբերումների վրա հիմնված, միջազգային հայտնի կրթական հարթակներին համազոր ճանաչված ծրագիր է, որը մշակվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն